Ծովահեններն ու բյուրոկրատիան չեն վախեցնում վրացի նավաստիներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | September 28, 2011 8:21

Մեկ տարի է անցել այն օրից, ինչ 15 վրացի նավաստիներ Սոմալիում գերության մեջ են հայտնվել, մինչդեռ այս դեպքը ոչ հաճախ լուսաբանող վրացական եւ արտասահմանյան լրատվամիջոցները միայն որոշակի մանրամասներ են ներկայացնում, առանց լիարժեք կերպով պատկերելու բոլոր այն հանգամանքները, որոնք ստիպում են մեր նավաստիներին նման ռիսկի դիմել:

Լրատվամիջոցների մի մասն էլ այս դեպքը լուսաբանեցին այն ժամանակ, երբ նավաստիների հարազատները բողոքի ցույց կազմակերպեցին, սակայն նույնիսկ այդ հանգամանքներում ոչ ոք չզարմացավ, թե ինչու են մեր նավաստիները հայտնվում աշխարհի ամենավտանգավոր վայրերից մեկում:

Սոմալիում տեղի ունեցածն առաջին դեպքը չէ, երբ առեւանգում են վրացի նավաստիներին: Նրանք պատրաստ են համարյա ամեն ինչ անել, գնալ ամենուր, միայն թե կարողանան պահել իրենց ընտանիքները, հատկապես երբ անցյալ տարվա նոյեմբերին պարզվեց, որ Եվրոպական ծովային անվտանգության գործակալության (EMSA – ԵԾԱԳ) ընդունած որոշման հիման վրա Եվրոպական հանձնաժողովն այլեւս անվավեր է համարում Վրաստանում մասնագիտացված դասընթացներ անցած նավաստիներին շնորհվող վկայագրերը:

Այս ամենից ելնելով` առաջարկեցի IWPR-ին ավելի մանրամասն հոդված պատրաստել` ներկայացնելով այն սպառնալիքները, որոնք սպասվում են վրացի նավաստիներին, ովքեր պատրաստ են աշխատել ցանկացած վայրում, որտեղ նրանց կընդունեն:

Ամբողջ խնդիրն այն էր, որ եթե հեշտ էր ուսումնասիրել նյութի նախապատմությունը, ապա գերության մեջ գտնվող նավաստիների հարազատների հետ խոսելը դժվար էր:  Ինչպե՞ս կարելի է սկսել խոսակցությունը մեկի հետ, ում ամուսինը 300 օր շարունակ ինչ-որ տեղ Սոմալիում է պահվել: Նման դեպքերում դժվար թե կարելի է ասել`«ի՞նչ նորություն կա»:

Եվ ամեն անգամ, երբ զրուցում ես նավաստիների հարազատների հետ, նրանք մեծ հույսեր են ունենում, որ ինքդ նրանց որեւէ նորություն կհայտնես: Եւ իսկապես, նորությունների առումով նրանք կախված են լրագրողներից: Իշխանությունները ոչ մի տեղեկություն չունեն նավաստիների մասին եւ կարծես չեն էլ ձգտում խոսել այդ մասին: Միայն որոշակի ճնշման դեպքում միակ պատասխանը, որ պաշտոնյաներից կարելի է կորզել, հետեւյալն է` իրենք բանակցություններ չեն վարում ահաբեկիչների հետ: Իրենք` նավաստիները, ամիսներ շարունակ չեն կարողացել կապ հաստատել իրենց ընտանիքների հետ, եւ նրանց ներկա գտնվելու վայրի կամ այլ հանգամանքների մասին ոչինչ հայտնի չէ:

Հոդվածում նշել եմ, որ Վրաստանի նավաստիների արհմիությունը հիմնադրամ է ստեղծել գերության մեջ գտնվող նավաստիների ընտանիքներին աջակցելու նպատակով: Վերջերս հայտնաբերեցի, որ այս հիմնադրամին հաջողվել է ընդամենը 60 հազար լարի հավաքել (36 հազար դոլար): Չեմ կարծում, որ այսքան քիչ գումար է հավաքվել այն պատճառով, որ մարդկանց չի հուզում նավաստիների ճակատագիրը: Պարզապես նրանք աղքատ են եւ չեն կարող իրենց թույլ տալ փող հատկացնել հիմնադրամին:

Հենց աղքատությունն է ստիպել նավաստիներին դուրս գալ օվկիանոս` հասնելով Ադենի ծովածոց, որտեղ եւ նրանց գերեւարել էին:

Սեւծովյան Բաթումի նավահանգստում, որը նավաստիներից շատերի ծննդավայրն է, Վրաստանի կառավարության հովանու ներքո վերջերս կայացավ Սթինգի եւ Քրիս Բոթիի մասնակցությամբ համերգը, որի տոմսերի միջին արժեքը կազմում էր 380 լարի (230 դոլար): Կազմակերպիչների խոսքերով` համերգի ողջ հասույթը փոխանցվել է բարեգործական կազմակերպություններին, այդ թվում` Վրաստանի առաջին տիկին Սանդրա Ռուլովսի կողմից ղեկավարվող բժշկական հետազոտությունների պետական կենտրոնին, որտեղ կրծքի եւ արգանդի վզիկի քաղցկեղ է ախտորոշվում:

Ինձ, իհարկե, հիացրել էր դրամահավաքի նման հաջող օրինակը, սակայն այսպիսի մեկ համերգ կազմակերպելու համար ծախսված գումարը կարող էր օգնել ազատել առեւանգված նավաստիներին գերությունից: Պետությունը կարող էր օգնել նրանց նույնիսկ առանց անմիջականորեն բանակցություններին մասնակցելու:

Սակայն իշխանությունները, կարծես, ամեն կերպ խուսափում են այս խնդիրը քննարկելուց: Նախագահ Միխեիլ Սահակաշվիլու` վերջերս Բաթում կատարած այցի ժամանակ նավաստիների հարազատները ցանկանում էին հանդիպել նրա հետ: Սակայն Սահակաշվիլու ունեցած ժամանակը բավարարեց միայն նորաբաց լողավազանը եւ ռեստորանը տեսնելու համար: Գերության մեջ գտնվող նավաստիներից մեկի կինը ներկայում պատրաստվում է հացադուլ հայտարարել` հույս ունենալով այդպես հրավիրել իշխանությունների ուշադրությունը խնդրի վրա:

Նավաստու կինը լայն աջակցություն է վայելում վրացի նավաստիների մեծամասնության հայրենի քաղաքների` Փոթիի եւ Բաթումիի բնակիչների շրջանում: Շատ ընտանիքներ ծովում նավարկող հարազատներ ունեն, այդ պատճառով ոչ ոք անտարբեր չէ առեւանգված նավաստիների ճակատագրերի նկատմամբ:

Թամար Բերիձեի որդին ներկայում Հնդկական Օվկիանոսում նավարկող նավի վրա է աշխատում, եւ կինը քաջ տեղյակ է, որ իր որդին կարող է հեշտությամբ գերության մեջ հայտնվել:

«Ամեն անգամ, երբ լրատվական ծրագրերում այս տղաների մասին են հիշեցնում, բոլորս վեր ենք թռչում` նորությունների ակնկալիքով, բայց այն մասին, թե երբ են նրանց բաց թողնելու կամ ինչ վիճակում են գտնվում, երբեք լուրեր չեն լինում: Նույնիսկ նրանց հարազատները չգիտեն, թե նավաստիներն ինչով են սնվում կամ նրանց հետ ինչպես են վարվում, քանի որ շատ երկար ժամանակ նրանք կապի մեջ չեն եղել», – ասում է Բերիձեն:

«Հասկանում եմ, որ իշխանությունները չեն ուզում արատավորել իրենց հեղինակությունը` առեւանգողների հետ բանակցությունների մեջ մտնելով, բայց նրանք պարզապես չեն կարող ոչինչ չանել: Պատկերացնում եմ` ինչպիսի դժվար կացության մեջ են այդ ընտանիքները»:

Իսկ նավաստիների հարազատներից յուրաքանչյուրն էլ ցանկանում էր խոսել ինձ հետ, երբ սկսեցի աշխատել այս հոդվածի վրա: Նրանք ցանկանում էին խոսել ցանկացած մեկի հետ, ով, իրենց կարծիքով, կարող էր օգնել: Սակայն որքան ժամանակն անցնում է, այնքան նրանք կորցնում են հույսը լրատվամիջոցների նկատմամբ: Նավաստիների հարազատներից շատերը հուսահատության եզրին են եւ այլեւս ոչ ոքի չեն վստահում:

 

Նաթիա Կուպրաշվիլին Վրաստանի շրջանային հեռարձակողների միության գործադիր տնօրենն է:

«Հոդված հոդվածից հետո» նախագիծը թույլ է տալիս պատկերացում կազմել Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հրապարակած հոդվածների պատրաստման աշխատանքների եւ այն խնդիրների մասին, որոնց բախվում են մեր լրագրողները հոդվածների խմբագրման փուլի ողջ ընթացքում:

Նաթիա Կուպրաշվիլի,

Կովկասյան լրատու

 

Դիտվել է 953 անգամ:
Print Friendly

Leave a Reply