Արմեն Աղայան.«Եթե հայ-թուրքական սահմանը բացվի ներկայիս պայմաններով, Հայաստանը կդառնա թուրքական վիլայեթ եռագույն դրոշակով»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 7, 2009 15:47
img_0608

Արմեն Աղայան

«Ցեղասպանության ճանաչումն իմաստ չունի, եթե դրան չի հաջորդելու տարածքների վերադարձը: Հարաբերությունների իրական կարգավորում կլինի այն ժամանակ, երբ Թուրքիան ընդունի ցեղասպանությունը և իր վրա տարածքային փոխհատուցման պարտավորություն վերցնի»,- այս մասին այսօր ասաց «Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, տնտեսագետ Արմեն Աղայանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Ներկայումս, ըստ Աղայանի, եթե հաստատվեն արձանագրությունները, մենք ուղղակի կանտեսենք հայկական Սփյուռքի տարիների աշխատանքը` ցեղասպանության ճանաչման ուղղությամբ:

Աղայանն ասում է, որ երկու երկրների ստորագրած արձանագրություններում խոսք անգամ չկա Կարսի պայմանագրի մասին, սակայն փաստաթուղթը ներառում է այդ պայմանագրի բոլոր կետերը: Արձանագրությունների հաստատումը, ըստ Աղայանի, նշանակում է հրաժարվել Արևմտյան Հայաստանից և այն երբևէ Հայաստանի կազմում տեսնելու հեռանկարից:

«Մենք դեմ չենք հայ-թուրքական սահմանի բացմանը, սակայն դեմ ենք Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչմանը: Հայ-թուրքական ներկայիս սահմանը պարզապես բաժանարար գիծ է Արևելյան և Արևմտյան Հայաստանի միջև»,- ասում է Աղայանը:

Սահմանը փակել է Թուրքիան և նա էլ պետք է բացի, իսկ Հայաստանը այս գործում միայն պահանջողի դերում պետք է լինի, մինչդեռ այսօր իրողությունը խեղաթյուրվել է. նշում է Աղայանը` ավելացնելով, որ տպավորություն է ստեղծվել, թե Հայաստանն էլ իր մեղքի բաժինն ունի փակ սահմանի համար:

Ադրբեջանական կողմը և մասնավորապես` լրատվամիջոցները, վստահ են, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ընթացքում` մինչ արձանագրությունների պաշտոնական հաստատումը, որոշակի քայլեր կձեռնարկվեն Ղարաբաղի հարցի ուղղությամբ` հօգուտ Ադրբեջանի: Այդ քայլը կարող է լինել այն, որ 5 տարածքները հանձնելու մասին փաստաթուղթ ընդունվի: «Եթե կասեցվի ազատագրված տարածքների հանձնման գործընթացը, կձախողվի նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայիս փուլը»,- ասում է Աղայանը:

Սահմանի բացումը ներկայիս պայմաններում, ըստ Աղայանի, վտանգավոր իրավիճակ կստեղծի Հայաստանի համար` մշակութային, քաղաքական, սոցիալական, տնտեսական, քրեական ոլորտներում: «Եթե ներկայիս պայմաններով բացվի սահմանը, Հայաստանը կվերածվի թուրքական վիլայեթի` եռագույն դրոշակով, Հայաստանի տնտեսությունը չի օգտվի սահմանի բացումից, այլ կդառնա թուրքական տնտեսության մի մասը»:

Իսկ կուսակցության ներկայացուցիչ, Քաշաթաղի բնակիչ Ալեքսանդր Քանանյանն էլ ասում է, որ Թուրքիան մոտակա տասնամյակներում լինելու է Հայաստանի ախոյանը` անկախ այն բանից` սահմանները կլինեն բաց, թե փակ, ուստի սխալ է տարանցիկ ուղիները, տնտեսական հոսքերը դնել ախոյանի հսկողության տակ:

Դիտվել է 1507 անգամ:
Print Friendly

Leave a Reply