Գնչուները դեռեւս մեկուսացված են վրաց հասարակությունից

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | September 26, 2011 16:10

Երեխաները զուրկ են կրթությունից, իսկ մեծահասակաները`քաղաքացիության լիարժեք արտոնություններից:

Չնայած գնչուական համայնքի մասին պատկերացումները Վրաստանում բարելավելու ջանքերին, այդ թվում` ամռանը երգի ու պարի փառատոնի կազմակերպմանը, շատերը համարյա ոչինչ չգիտեն գնչուների մասին:

Փառատոնին ներկա գտնվելով` հասկացա, որ չնայած պարբերաբար գնչուներին տեսնում եմ մայրաքաղաքի փողոցներում մուրացկանությամբ կամ առեւտրով զբաղվելիս, իրականում երբեք նրանցից որեւէ մեկի հետ չեմ խոսել:

Այս միտքն ինձ ստիպեց տաքսի նստել ու մեկնել Թբիլիսիի Նավթուղլի թաղամասը, որտեղ 17 գնչուական ընտանիքներ են բնակվում:

Երբ դուրս եկա մեքենայից, երկու երեխաներ դադարեցրին խաղն ու ինձ նայեցին` լայն ժպտալով:

«Այդ ի՞նչ է, քույրիկ, լուսանկարչական ապարա՞տ: Կնկարե՞ս ինձ: Դե նկարի´ր ինձ», – ասաց նրանցից մեկը` զավեշտալի տեսք ընդունելով:

Երեխաների բարձրացրած աղմուկը ստիպեց եւս երեքին մեզ մոտենալ, նրանցից մեկը` Խադեն, մի փոքրիկ աղջնակ էր, որին շատ էին դուր եկել իմ մատանին ու ապարանջանը, չնայած ես պնդում էի, որ զարդերը չափազանց մեծ էին նրա համար:

Վերջիվերջո, ես հանձնվեցի` մատանին տալով աղջկան, իսկ ապարանջանը պահեցի ինձ: Խադեն բավարարվեց մատանով, հետո բոլորս նստեցինք ու սկսեցինք խոսել:

«Ես երեք տարի է` դպրոց եմ գնում, բայց դեռ տետրեր ու դասագրքեր չունեմ», – խոստովանեց տղաներից մեկը` Խվիչա Ալիմովը:

Դա ուսումնական տարվա նախորդ օրն էր, եւ պարզվեց, որ երեխաների ողջ խմբից միայն Խվիչան էր պատրաստվում դպրոց գնալ: Մնացածը զբաղվելու էին փողոցում մուրացկանությամբ կամ առեւտրով:

Նրանցից մեկի հայրն ինձ ասաց, որ պարզապես անիմաստ է համարում իր երեխաներին կրթության տալը:

Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի պատրաստած զեկույցում նշված կարեւոր առաջարկներից մեկը գնչու երեխաներին դպրոցական կրթությամբ ապահովելն է, սակայն դատելով ինձ հանդիպած երեխաներից` կրթության նախարարությանը դժվար առաջադրանք է սպասվում:

Նախարարության ներկայացուցիչ Լելա Ցկիտիշվիլին նշում է, որ իշխանությունները ամեն հնարավորն անում են գնչուներին`հասարակությանն ինտեգրելու համար.

«Որպես կանոն, գնչուները դպրոց չեն հաճախում մի քանի պատճառով` աղքատությունը, անձը հաստատող փաստաթղթերի բացակայությունը եւ լեզվական պատնեշը: Մենք փորձում ենք նրանց օգնել լուծել այս խնդիրները: Վրաստանի արեւելքում գտնվող Կախեթի շրջանում հայտնաբերեցինք, որ գնչուները դպրոցից շատ հեռու են ապրում… Մենք անվճար ավտոբուսներ տրամադրեցինք, եւ այժմ նրանք դպրոց են հաճախում»:

Ես շարունակեցի քայլել գնչուական թաղամասով, իսկ փոքրիկ Խադեն այդ ընթացքում վազում էր իմ հետեւից: Նա ինձ իր տուն հրավիրեց. երկհարկանի աղյուսաշեն շինություն էր, որի նախապարտեզում լվացքով լի դույլեր էին դրված:

Սենյակներից մեկում պառկած էր աղջկա 30-ամյա հայրը` Ջամալ Ահմեդովը, որը տառապում էր լյարդի հիվանդությամբ.

«Մենք Ադրբեջանից ենք տեղափոխվել Վրաստան մոտավորապես 11 տարի առաջ: Ընտանիքս պահում էի` շուկայում առեւտուր անելով: Բայց վերջին մեկ ամսվա ընթացքում գամված եմ եղել անկողնուն: Երբ հիվանդանոցում իմանում են, որ ոչ փաստաթուղթ ունեմ, ոչ փող, հրաժարվում են ինձ բուժել»:

Այժմ Ահմեդովի ողջ ընտանիքը պահում է շուկայում առեւտրով զբաղվող նրա մայրը:

Խադեից բացի, Ահմեդովը եւս չորս երեխա ունի, որոնցից ամենակրտսերը 5 ամսական է, իսկ ամենաավագը`13 տարեկան: Երեխաներից ոչ մեկն ինքնությունը հաստատող փաստաթուղթ չունի, իսկ նրանց հայրն ասում է, որ տեղյակ չէ սոցիալական աջակցության ծրագրերից, նպաստներից կամ բժշկական ապահովագրությունից:

Ահմեդովի տանից դուրս գալով` հանդիպեցի Էլվիրա Մամեդովային, ով ցույց տվեց ինձ իր երկու երեխաների լուսանկարները` խնդրելով օգնել իրեն:

«Ամուսինս կալանավայրում է: Սրանք իմ երկու երեխաներն են` տղա եւ աղջիկ: Աղջկաս 20 օր առաջ ոստիկանները տարան, իսկ հետո հանձնեցին նրան մանկատուն: Ես գնացի մանկատուն, բայց նրանք հրաժարվեցին վերադարձնել երեխայիս: Ինձ ասացին, որ պետք է ծննդյան վկայական ներկայացնեմ, բայց ես նման փաստաթուղթ չունեմ եւ չգիտեմ, թե ինչպես կարելի է այն ստանալ», – բողոքում էր կինը:

Մամեդովայի օրինակն արտացոլում է պետական հիմնական համակարգերից դուրս մնալու դեպքում ծագող սովորական խնդիրները:

Գնչուների վերաբերյալ հասարակության իրազեկության մակարդակը բարձրացնելու նպատակով Ազգային փոքրամասնությունների հիմնահարցերի Եվրոպական կենտրոնի կողմից կազմակերպված ամառային փառատոնի ժամանակ գնչուներից քչերն էին ինքնությունը հաստատող փաստաթղթեր ստացել, եւ նրանք այս առումով բացառություն էին:

Գնչուներից շատերը անձը հաստատող օրինական փաստաթղթեր չունեն. այս հանգամանքը դարձնում է նրանց Վրաստանի ամենամեկուսացված ազգային փոքրամասնություններից մեկը:

Վրաստանի արդարադատության նախարարության մամլո խոսնակը նշում է, որ իշխանություններն ամեն հնարավորն անում են գնչուներին պետական համակարգերի մեջ ներառելու համար.

«Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնում օգնում են բոլոր նրանց, ովքեր անձը հաստատող փաստաթղթերի կարիք ունեն: Ինքնությունը հաստատող քարտերը շատ կարեւոր են գնչուների համար, քանի որ նրանք պետք է դառնան Վրաստանի լիարժեք քաղաքացիներ: Մենք կոչ ենք անում բոլոր գնչուներին ստանալ ինքնությունը հաստատող քարտեր եւ դառնալ Վրաստանի քաղաքացիներ»:

Սակայն Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում պնդում են, որ կառավարությունը պետք է ավելի մեծ ջանքեր գործադրի գնչուներին ինքնությունը հաստատող փաստաթղթեր տրամադրելու, դպրոցական կրթության համակարգում նրանց երեխաներին ներգրավելու եւ նրանց բնակավայրերում կենսապայմանները բարելավելու համար:

Իսկ մինչ այդ, գնչուները կշարունակեն փող վաստակել իրենց քաջ հայտնի մեթոդներով:

«Ընտանիքս պահում եմ մուրացկանությամբ: Բարի մարդիկ իսկապես օգնում են ինձ», – ասում էր Դարինա Սեյտովան, որին հանդիպել էի գնչուական թաղամասում:

Շորենա Լաթաթիա, Կովկաս

Կովկասյան լրատու

Դիտվել է 1028 անգամ:
Print Friendly

Leave a Reply