ԱՄՆ նախկին դեսպանը խորհուրդ է տալիս դրսից լուծում սպասելու փոխարեն տեղում այն գտնել

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | September 27, 2011 14:13

Անկախության սկզբից Հայաստանը լուրջ մարտահրավերների է հանդիպել, ինչպես երկրաշարժը, Ադրբեջանի հետ հակամարտությունը, արտագաղթը, որոնք բացասաբար են ազդել երկրի զարգացման տեմպերի վրա և ինչի պատճառով Հայաստանն այսօր հետ է մնում, օրինակ, Բալթյան երկրներից. այսօր «Սիվիլիթաս»  հիմնադրամի կազմակերպած «Անկախության 20 տարիները Հայաստանում և տարածաշրջանում» թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Հանս-Յոխեն Շմիդտը:

Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի կարծիքով էլ` չնայած մարտահրավերներին` Հայաստանն աշխարհում լավ դիրք ունի. «Լուրջ բարելավումներ եմ տեսնում, բայց մայրաքաղաքում: Իսկ թերություններ տեսնում եմ անգամ իմ երկրում»:

Շմիդտը նշում է, որ փոփոխությունների համար քաղաքական կամք է հարկավոր: Իսկ երկրի ներկա իրավիճակի համար պատասխանատու են թե ներկա, թե նախկին նախագահները: Գերմայիայի դեսպանը նշում է, որ առիթ է ունեցել առաջին նախագահ Լևոն  Տեր-Պետրոսյանից կարծիք  հարցնել 95-96թթ. և 2008-ի ընտրությունների նմանությունների մասին, ինչը, սակայն, Տեր-Պետրոսյանը չի ընդունել. «Նրանց համար դժվար է դա ընդունել և համեմատել: Այն ժամանակվա քաղաքականությամբ հիմք դրվեց ներկայիս օլիգոպոլ տնտեսությանը»:

Շմիդտի խոսքով,  օրենքներ պետք է ոչ միայն ընդունել, այլ նաև իրագործել` դրանց լավ լինելը գործով ապացուցելով. «Եթե Հայաստանը ցանկանում է մերձենալ ԵՄ հետ, պետք է մի շարք մարտահրավերներ հաղթահարի` կոռուպցիա, մաքսային գործընթացներ, տնտեսության մրցունակության ապահովում և այլն»:

Անդրադառնալով աշխատանքային ոլորտին` Շմիդտը նշում է, որ ԿԲ-ն ՀՀ-ում միակ պետական կառույցն է, որտեղ բարձր աշխատավարձ են վճարում, անելիքներ կան նաև մասնավոր ոլորտում. «Պետք է շեշտադրել աշխատողների իրավունքների պաշտպանությունը: Օրինակ, կարելի էր պարտադրել Մարիոթի պես միջազգային կազմակերպությանը, որ ավելի բարձր վարձատրի իր աշխատողներին»:

Տարածաշրջանի անկախության 20 տարիների մասին խոսելով` Էվանսը նշում է, որ ամեն երկիր Հարավային կովկասը տարբեր է տեսնում. «Որոշակի փոփոխություններ են տեղի ունենում տարածաշրջանում և ապագայի մասին պետք է մտածել հաշվի առնելով տեղի ունեցող փոփոխությունները»:

Շմիդտն էլ նշում է, որ ԵՄ-Հայաստան տնտեսական համագործակցության հարցում դեռևս հաջողություններ չկան, իսկ էներգետիկ համագործակցությունն իրականացվում է առանց Հայաստանի, քանի որ վերջինս դուրս է մնացել  նավթամուղի շինարարությունից. «Մտավախություն ունեմ, որ Հայաստանը դուրս է մնում մյուսներից զարգացման տեսանկյունից: Թուրքիայի հետ բաց սահմանը  դրական կազդի տնտեսական զարգացման վրա»:

«Սիվիլիթաս»-ի տնօրեն Սալբի Ղազարյանը հարցրեց , թե ինչու ԱՄՆ-ն և ԵՄ-ն չազդեցին Անկարայի վրա հայ թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, քանի որ «որպես հայ արեցինք ամեն ինչ բաց սահման ունենալու համար, սակայն առանց արտաքին ճնշման Անկարայի դիրքորոշումը փոխել հնարավոր չէ»:

Ի պատասխան, Էվանսը նշում է, թե կովկասյան երեք հանրապետություններում միտում կա գտնել հարց լուծող արտաքին դաշնակիցներ, ինչը մեծ խնդիր է նախկին ԽՍՀՄ երկրների համար. «Հեշտ է ասել, թե ԱՄՆ-ն կարող է ազդել Անկարայի վրա: Սակայն Թուրքիայի հետ երբեմն ունենք բարդ հարաբերություններ: Դրսից լուծման սպասելու փոխարեն տեղի մարդիկ պետք է խնդրին լուծում գտնեն, իսկ աշխարհը կօժանդակի»:

Էվանսի կարծիքով` Հայաստանի և Թուրքիայի միջև պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն, ինչը չի նշանակում դառնալ բարեկամ երկրներ: Դիվանագիտական հարաբերությունները պարզապես կնպաստեն, որ երկրները շփվեն առանց բարձրախոսի դիվանագիտության: Որպես նման իրավիճակի օրինակ մատնանշում է Ռուսաստանի և Ճապոնիայի, ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի հարաբերությունները. «Երկրները պետք է կարողանան առաջ անցնել` առանց անցյալը մոռանալու»:

Նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն էլ, իր իսկ խոսքով, կիսահումորային հարց բարձրացրեց, թե հատկապես վիքիլիքսյան հրապարակումներից հետո հարցական  է, թե պետք է արդյոք դիվանագիտությունն ընդհանրապես, եթե այն երկրների միջև հարաբերություններ հաստատելուն նպաստելու փոխարեն խոչընդոտում է: Ի պատասխան Էվանսը նշեց, թե դիվանագիտությանը գաղտնիության որոշակի մակարդակ է հարկավոր: Իսկ Շմիդտի խոսքով` գործադիրը տեղյակ է իր կարծիքներին, սակայն ամեն ինչ չէ, որ պետք է հաղորդել հասարակությանը:

 

 

Դիտվել է 1493 անգամ:
Print Friendly

Leave a Reply