Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը պարտվեց սեփական խաղադաշտում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 7, 2009 16:01

Ֆուտբոլի աշխարհի գավաթի որակավորման փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ուժերը չափեց Բոսնիայի և Հերցեգովինայի ազգային ընտրանու հետ: Արդեն 5-րդ րոպեին մեր տղաները ստիպված էին գնդակը հանել սեփական դարպասից. հյուրերից գոլի հեղինակ դարձավ Սենիջադ Իբրիչիչը: Առաջին կեսի ավարտից 8 րոպե առաջ Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականը 11-մետրանոց հարվածի իրավունք ստացավ, սակայն Էդին Ջեկոյի հարվածը շեղ ստացվեց: Այդ պահից հետո Հայաստանի հավաքականն ակտիվացավ և մի քանի անգամ սպառնաց մրցակցի դարպասին, բայց վերականգնել հավասարակշռությունն այդպես էլ չհաջողվեց: 74-րդ րոպեին փոխարինման դուրս եկած բոսնիացի Զլատան Մուսլիմովիչը խփեց իր թիմի երկրորդ գնդակը: Հայաստանի ազգային հավաքականը պարտվեց 0:2 հաշվով և վաստակած մեկ միավորով եզրափակում է 2010 թ. աշխարհի գավաթի որակավորման փուլի եվրոպական 5-րդ խմբի մրցաշարային աղյուսակը:

Հանդիպման ավարտից հետո ահա թե ինչ ասացին թիմերի մարզիչները.
Վարդան Մինասյան (Հայաստան). «Իհարկե, ես գոհ չեմ հանդիպման արդյունքից: Երբ մրցակցի կազմում խաղում են այսպիսի բարձրակարգ հարձակվողներ, ապա պետք է շատ զգոն լինել: Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականի բոլոր հարձակվողները հանդես են գալիս գերմանական Բունդեսլիգայի առաջնությունում, և նրանք չեն ներում, երբ մրցակիցը սխալվում է:  Այս անգամ պաշտպանությունում մենք թերացանք: Հնարավոր է, ինչ-որ չափով խաղի վրա ազդեց նաև Արարատ Առաքելյանի վնասվածքը, որի հետևանքով նա փոխարինվեց: Ընդմիջմանը մենք խաղադաշտ դուրս բերեցինք Հովհաննես Գոհարյանին, ով պետք է արագություն հաղորդեր մեր գրոհներին, սակայն չստացվեց: Ինչ վերաբերում է Հրաչ Յագանին, ապա նա մեկ օր առաջ լավ էր խաղացել երիտասարդական հավաքականի կազմում, և այս մրցավեճում մենք նրան 15 րոպե խաղալու հնարավորություն տվեցինք: Այստեղ ես  արտառոց որինչ չեմ տեսնում»:
Միչոսլավ Բլաժևիչ (Բոսնիա և Հերցեգովինա). «Մենք խաղացինք բարդ մրցակցի հետ, և կարող եմ ասեմ, որ իմ մարզական կենսագրության ընթացքում այսպիսի խաղեր շատ քիչ են եղել: Ես նկատի ունեմ այն, որ քիչ թիմեր կան, որոնք այդպես արագ են սկսում իրենց հարձակվողական գործողութույնները: Նույնիսկ այն ժամանակ, երբ մենք հաղթում էինք 1:0 հաշվով, ես համոզված չէի, որ մենք հաղթանակ կտանենք: Ես շատ ուրախ եմ այսօրվա արդյունքից»:

Դիտվել է 927 անգամ:
Print Friendly

Leave a Reply