Արեւմուտքը իշխանափոխությո՞ւն է իրականացնելու Ադրբեջանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 27, 2011 11:23

Վերջին օրերին Ադրբեջանի իշխանության վրա գործադրվող ճնշումները Արեւմուտքի նպատակային ծրագրի բաղկացուցիչ մասն են կազմում, հաղորդում է ադրբեջանական Tia.az կայքը` վկայակոչելով դիվանագիտական հավաստի աղբյուրները:

Տեղեկության մեջ ասվում է, որ WikiLeaks-ի վերջին հրապարակումները եւ հատկապես սպորտի բնագավառում տեղի ունեցող միջադեպերը նպատակ են հետապնդում ճնշում գործադրել ադրբեջանական իշխանությունների վրա: Աղբյուրը հայտնում է, որ Արեւմուտքը ցանկանում է լուրջ փոփոխություններ իրականացնել Ադրբեջանում: «Հասարակությանն ակտիվացնելու, ժողովրդին իշխանությունների դեմ հանելու լավագույն ձեւը նման տեղեկությունների տարածումն է»,-գրում է Tia.az կայքը:

Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադին Հեյդարովի հետ կապված աղմկահարույց միջադեպը պատահական չէր, քանի որ այդ ճնշումները ծրագրի հերթական մասն են, եւ տարվա վերջին նման դեպքերի թիվն ավելի է աճելու: «Արեւմուտքը շարունակելու է բացահայտել ադրբեջանցի պաշտոնյաների գաղտնի գործերը: Այդ կապակցությամբ ներիշխանական օղակներում լուրջ անհանգստություններ են առաջացել: Ադրբեջանի իշխանություններին բազմաթիվ նոր անակնկալներ են սպասվում: Դրանք կապված կլինեն մի շարք աղմկահարույց գործերի բացահայտման հետ»,-նշում է աղբյուրը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի` ԱԻԲԱ-ի վերջերս ստեղծած World Series Boxing լիգայի բյուջեում 9 միլիոն դոլարի ներդրում է կատարել Ադրբեջանը: BBC-ն պնդում է, որ գումարը վճարվել է Լոնդոնի Օլիմպիական խաղերի երկու ոսկե մեդալներ ստանալու դիմաց: ԱԻԲԱ-ն հաստատել է 9 միլիոն դոլար ստանալու փաստը, սակայն ոսկե մեդալների գնման մեղադրանքն անվանել է աբսուրդային եւ բացարձակ սուտ: Միջազգային ֆեդերացիան խոստացել է հետաքննություն անցկացնել:

Այնուամենայնիվ, BBC-ն ունի փաստեր, որոնք ապացուցում են, որ Խոդոբախշը, ԱԻԲԱ-ի գործադիր տնօրեն Հո Կիմը եւ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քամալեդին Հեյդարովը բանակցել են 10 միլիոն դոլար ներդրումային ծրագրի մասին: ԱԻԲԱ-ի իրավաբանները հաստատել են, որ թեեւ գումարը ստացվել է շվեյցարական ընկերությունից, սակայն դրանց ծագումն ադրբեջանական է:

 

 

NEWS.am

 

Դիտվել է 1070 անգամ:
Print Friendly

Leave a Reply