Զենք-զինամթերք, թմրանյութ…Նոր մանրամասներ երևանյան բանդայի վնասազերծումից

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 27, 2011 9:37

Մյասնիկյան պողտայում սեպտեմբերի 23-ին իրավապահ մարմինների կողմից երևանյան բանդայի վնասազերծման մանրամասների վերաբերյալ ոստիկանության լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է.

«Այս տարվա ընթացքում մայրաքաղաքում առանձնակի հանդգնությամբ աչքի ընկնող ու լավ կազմակերպված ավազակային հարձակումները բացահայտելու նպատակով ոստիկանությունում ստեղծվել էր օպերատիվ-քննչական խումբ, որն ամեն օր ամփոփում էր կատարված աշխատանքներն ու արդյունքները զեկուցում ոստիկանության պետին:

Սեպտեմբերի 22-ի երեկոյան օպերատիվ տեղեկատվությունն ամբողջացավ: Քրեական հետախուզության գլխավոր վարչությունում տեղեկություն ստացվեց նաև, որ խումբը պատրաստում է հերթական ավազակային հարձակումը: Անմիջապես ոտքի հանվեցին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների և Երևան քաղաքի վարչության ծառայողները:

Սեպտեմբերի 23-ին, ժամը 06.00-ի սահմաններում, Մյասնիկյան պողոտայում, կանգնեցվեց «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը, չենթարկվելով ոստիկանության ծառայողների պահանջներին, հետընթաց ուղղությամբ դիմեց փախուստի: Մեքենան բախվեց Մյասնիկյան պողոտայի թիվ 57 հասցեում տեղակայված շինության դիմացի էլեկտրասյանը:

Վարորդը և ուղևորը թողնելով ավտոմեքենան` դիմեցին փախուստի և կրակեցին իրենց հետապնդող ոստիկանների ուղղությամբ:
Մյասնիկյան պողոտայի սարալանջի տակ գտնվող թփուտներում հայտնաբերվեց, վնասազերծվեց և բերման ենթարկվեց Արթուր Մանուկյանը: Փախուստի դիմած անձանցից մեկը բարձրանալով Մյասնիկյան պողոտայի հարակից բլրի վրա, ուղղահայաց ժայռից վայր ընկավ և մահացավ:

Զենքը, որից կրակոց էր արձակվել, չէր հայտնաբերվել. սանրվեց բլրակի ողջ տարածքը, որտեղով փախել էին հանցագործները:
Դեպքի վայրի զննությամբ, սարալանջի թփուտներից հայտնաբերվեց թմբուկավոր «ՏՕԶ-349» տիպի գործարանային արտադրության ատրճանակ:

Վթարված ավտոմեքենայի զննությամբ, վարորդի նստատեղի տակից հայտնաբերվեց 9 մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ-ինքնաձիգ` փամփշտակալի մեջ մեկ փամփուշտով:

Փախուստի ընթացքում ժայռից վայր ընկած և մահացած, նախկինում չորս անգամ դատված Գուրգեն Հայրապետյանի տաբատի գրպանից ոստիկանները հայտնաբերեցին մոտ 2 գ ափիոն թմրամիջոցի նմանվող զանգված:
Շարունակելով օպերատիվ գործողությունները` ոստիկանները ժամը 8.30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայից բերման ենթարկեցին նախկինում երկու անգամ դատված Դավիթ Գալստյանին, երեք անգամ դատված Սամվել Դավթյանին, երկու անգամ դատված Արամ Հայրապետյանին:

Խուզարկությամբ նրանց մոտից հայտնաբերվեց թմրանյութ:

Անհրաժեշտ էր ողջ ծավալով իրականացնել անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումները, որոնց գաղտնիությունն ապահովելու, ինֆորմացիայի արտահոսքը բացառելու նպատակով հնարավորինս սեղմվեց իրազեկման շրջանակը և տեղեկատվության տրամադրումը ԶԼՄ-ներին ժամանակավորապես դադարեցվեց:

Նույն օրը, ժամը 16.45-ին, ոստիկանության ծառայողները բերման ենթարկեցին Հովսեփ Հովնանյանին, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց և առգրավվեց մոտ 2 գրամ, մարիխուանա թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգված:
Հետագա օպերատիվ գործողությունների ընթացքում, ժամը 18.00-ի սահմաններում ոստիկանները խուզարկություն կատարեցին մայրաքաղաքի Ամառանոցային փողոցի տներից մեկում, որը բանդայի հավաքատեղին էր եղել: Հայտնաբերվեց «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ` 30 փամփուշտով, «Մակարով» տիպի ատրճանակ` 7 փամփուշտով, «ՏՏ» տիպի ատրճանակ` 8 փամփուշտով, «BLOW C 06» տիպի գազային ատրճանակ` 5 փամփուշտով, տարբեր տրամաչափի 327 փամփուշտ, նաև դիմակներ, ձեռնոցներ, կպչուն ժապավեն:

Այս ամբողջ ընթացքում ոստիկանության ղեկավարությունը վերահսկում և համակարգում էր օպերատիվ խմբերի աշխատանքը: Բոլոր գործողությունների արդյունքները վերլուծվում և անմիջապես զեկուցվում էին ոստիկանության պետին:
Ոստիկանության ծառայողները սեպտեմբերի 24-ին, ժամը 22.00-ին, Հրաչյա Աճառյան փողոցի մի ռեստորանային համալիրից բանդիտիզմի կասկածանքով բերման ենթարկեցին նախկինում վեց անգամ դատված Արտուշ Հակոբյանին: Նրա գոտկատեղից հայտնաբերվեց և առգրավվեց առանց գործարանային համարի «ՏՏ» տիպի ատրճանակ` լիցքավորված ութ փամփուշտով:

Նույն վայրից բերման ենթարկվեց նաև նախկինում չորս անգամ դատված Ռուբեն Կարաօղլանյանը, որի տաբատի գրպանից հայտնաբերվեց և առգրավվեց մոտ 6 գրամ, դեղնականաչավուն հաշիշանման զանգված: Արտուշ Հակոբյանին պատկանող «Համեր» ավտոմեքենայի սրահից հայտնաբերվեց ասպիրին-ուպսա դեղահաբի տուփ` դեղնականաչավուն զանգվածով:
ՀՀ ոստիկանության ՔՀԳ, ԿՀԴՊ Գ և Երևան քաղաքի վարչությունների ծառայողների համատեղ միջոցառումներով պարզվել է, որ ամիսներ առաջ, ավազակային հարձակումներ կատարելու նպատակով, Արտուշ Հակոբյանը և Գուրգեն Հայրապետյանը կազմակերպել և ղեկավարել են զինված խումբ /բանդա/` ընդգրկելով Դավիթ Գալստյանին, Սամվել Դավթյանին, նախկինում մեկ անգամ դատված Արթուր Մանուկյանին և Քյարամ Ամոյանին:

Օղակը հանցավոր խմբի շուրջ սեղմվել էր, սակայն չէր թուլանում գործողության օպերատիվ կառավարման լարվածությունը: Չէր կարելի աչքաթող անել ոչ մի մանրուք:

Սեպտեմբերի 25-ին, ժամը 13.10-ին, Արտուշ Հակոբյանի` Սարյան փողոցում գտնվող բնակարանից հայտնաբերվել և առգրավվել է ՙԻժ ՍՊԼ՚ տիպի մեկնարկային ատրճանակ` երկու փամփշտակալով` 13 փամփուշտով  :Քրեական գործի շրջանակներում խուզարկություններ են կատարվել նաև մի շարք այլ բնակարաններում ու տներում:

Ժամը 13.15-ին խուզարկություններ են կատարվել նաև Գառնի գյուղի երկու տներում, որտեղ հաճախակի էր լինում բանդայի պարագլուխը: Հայտնաբերվել և առգրավվել են մեծ քանակի հոգեմետ դեղահաբեր:

Ժամը 14.00-ին, Աշոտ Մարտիրոսյանի` Ձորաղբյուր գյուղում գտնվող ամառանոցից հայտնաբերվել է ՙԱԿ-74՚ տիպի ինքնաձիգ, ինքնաձիգի երկու դատարկ պահունակ, «ՏՕԶ» տիպի հրացան, դաշույն, ինքնաշեն դանակ, 106 գրամ կանեփանման բույսի կանաչ, չորացված զանգված, իսկ Հանրապետության փողոցի` նրան պատկանող բնակարանից` «Հեկլեր Կոխ» տիպի ատրճանակ` փամփշտակալով, լիցքավորված 7 փամփուշտով, և տարբեր տրամաչափի 300 փամփուշտ:

 

Դիտվել է 1271 անգամ:
Print Friendly

Leave a Reply