Տիգրան Սարգսյան. «Մինչ 2020 թվականը մեզ կհաջողվի ստեղծել ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխան որակյալ և մրցունակ կրթական համակարգ»

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | September 26, 2011 16:42

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Երևանի պետական համալսարանում մեկնարկած «Կրթությունը, գիտությունը և տնտեսությունը բուհերում. ինտեգրում միջազգային կրթական տարածքում» թեմայով միջազգային գիտական եռօրյա կոնֆերանսի բացմանը: Կոնֆերանսին մասնակցում են 120 պատվիրակներ Հայաստանից, Լեհաստանից, Սլովակիայից, Կանադայից, Ռուսաստանից, Ղազախստանից: Կոնֆերանսի նպատակն է՝ դիտարկել ոլորտում առկա խնդիրներն ու ներկայացնել դրանց լուծման հնարավոր տարբերակներն ու ուղղությունները:
Ողջունելով կոնֆերանսի մասնակիցներին՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը մեր երկրի տնտեսության ապագան տեսնում է մարդկային ներուժի զարգացման և մրցունակ քաղաքացիական հասարակության կայացման մեջ: Վարչապետի խոսքով՝ անցած 20 տարիների ընթացքում մեր երկրի համար կրթական ոլորտի զարգացումը եղել է ծրագրային առաջնահերթությունների թվում և ոլորտում իրականացվող բարեփոխումների նպատակը կրթական համակարգի բարելավումն ու զարգացումն է:
Փոխհամագործակցության միջոցով միջազգային կրթական շրջանակներին ինտեգրվելը համարելով կարևոր հանգամանք՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ դա անհրաժեշտ է մրցունակ կրթական համակարգի ստեղծման և զարգացման համար, որն ունակ կլինի հասարակությանը տալ տնտեսական համակարգի պահանջներին համապատասխանող որակյալ կադրեր. «Մենք պետք է գիտակցենք, որ բոլորս միջազգային սոցիալ-մշակութային համակարգի մասն ենք կազմում և կրթական ոլորտում համագործակցությունը հանդիսանում է ժողովրդավարական պետության խաղաղ և կայուն զարգացման կարևոր գործոններից մեկը»:
Նշելով, որ որակյալ և մատչելի կրթության ապահովման պատասխանատուն կառավարությունն է, Տիգրան Սարգսյանն ասել է, որ ներկայում գործադիրը ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր միջոցները՝ պետական և մասնավոր կրթական հաստատություններին հավասար հնարավորություններ տրամադրելու համար: Նրա խոսքով՝ կրթական համակարգի զարգացումը պետք է լինի ոչ միայն պետական կառավարման մարմինների, այլև քաղաքացիական հասարակության ուշադրության կենտրոնում:
«Վստահ ենք, որ մինչ 2020 թվականը մեզ կհաջողվի ստեղծել որակյալ և մրցունակ կրթական համակարգ՝ ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխան: Սրա հետ մեկտեղ, մենք հույս ունենք դառնալ եվրոպական կրթական համակարգի արժանի գործընկերը: Վստահ եմ, որ այս կոնֆերանսը թույլ կտա նորովի դիտարկել կրթական ոլորտի խնդիրները, պահանջներն ու զարգացման հնարավորությունները», – ասել է վարչապետը:

Դիտվել է 1776 անգամ:
Print Friendly

Leave a Reply