Մեղավորը մենք ենք

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | September 27, 2011 15:43

Շատ լավ հիշում եմ լրագրողի, զարմանքից մեծացած աչքերը, երբ բռնացնելով ինձ այն ժամանակ Մելիք-Ադամյան փողոցում գտնվող Գերագույն խորհրդի նիստերի դահլիճի նախասրահում, հարցրեց, թե իմ կարծիքով ե՞րբ է ավարտվելու անցումային շրջանը եւ Հայաստանը ե՞րբ կդառնա նորմալ երկիր եւ ի պատասխան լսեց` մի 20 տարուց:
Պատմական, կտրուկ փոփոխությունների շրջան էր: Երկրի ղեկն իր ձեռքն առած Հայոց Համազգային Շարժման շարքերում մեծ ոգեւորություն կար եւ նորանկախ հայրենիքին ինքնամոռաց ծառայելու ձգտում: Ա՛յն ժամանակ, ոգեւորության ա՛յն մթնոլորտում, 20 տարին շատ երկար ու հոռետեսական ժամկետ էր թվում:
Ի՞նչ խնդիր կա: Բավական է ներդնել ու կյանքի կոչել տարիներ շարունակ սրճարաններում, հիմնարկներում ու տներում` ընկեր ու բարեկամների հետ մշակած բարեփոխումների անվիճելի փաթեթը եւ ամեն ինչ իր տեղը կընկնի: Ինչպե՞ս կարող է ազատ շուկան չարթնացնել հայի բնածին ձեռներեցության ջիղը ու չբերել տնտեսական զարգացման: Ո՞նց կարող է ազատ խոսքն ու բազմակուսակցական համակարգը չձեւավորել երկրում արդարության ու համերաշխության մթնոլորտ, չխթանել ամենակարող ու բանիմաց ուժերի ընտրությունն ու առաջխաղացումը դեպի քաղաքական ավանգարդ: Ինչո՞ւ պիտի խորհրդային լուծը թոթափած հայը իր սեփական հայրենիքում իրեն ավելի վատ դրսեւորի քան ֆրանսահայը կամ ամերիկահայը, եթե հայտնվի նմանատիպ պայմաններում:
Գուցե սխալվում եմ բոլորին վերագրելով նման մտածելակերպը, բայց իմ մասով դա հենց այդպես էր: Զգուշավոր կանխատեսմանս պատճառն էլ մեծապես պայմանավորված էր արտաքին վտանգներով: Արցախում արդեն իսկ մեծ ռեսուրսներ խլող պատերազմը միայն ծանրանալու միտում ուներ: Արդեն նշանակվել էի Երեւանի ամենաարդյունաբերական շրջանի գործկոմի նախագահ ու տեսնում էի, թե խորհրդային երկրի կայծակնային փլուզման ու երկաթուղային շրջափակման պատճառով ինչպես են կանգնում ու, բառիս բուն իմաստով, անպետք դառնում դեռ ոչ մեկի կողմից չսեփականաշնորհված ու չթալանված գործարանները, ոնց էր անտանելի դառնում մարդկանց կենցաղը:
Այդ հետո էր, երբ գործիս ու կարգավիճակիս բերումով, շփվելով բնակչության բոլոր խավերի հետ սկսեցի հասկանալ, որ մեր երկրի զարգացման համար մեկ խոչընդոտը մեր մտածելակերպն է: Տեսա, թե ինչպես են օրինականությունից ու արդարությունից խոսող մարդիկ անմիջապես սկսում մտածել դրանք շրջանցելու մասին, երբ դրանք սկսում են հակասել իրենց սեփական շահին: Բազմաթիվ առիթներ ունեցա խորհելու լորդ Ակտոնի հանրահայտ թեւավոր խոսքի վերաբերյալ` «Յուրաքանչյուր իշխանություն փչացնում է, իսկ բացարձակ իշխանությունը փչացնում է բացարձակորեն»: Իշխանությունն ինքը չի փչացնում, որքան էլ դրան հակված լինի իշխանավորը` փչացնում են մարդիկ, որոնք շրջապատում են իշխանավորին կամ ծառայամտորեն գործում եւ ապրում են այդ իշխանության ներքո: Բացարձակ իշխանության էլ չեն կարող հասնել առանց ճորտաբարո հպատակների թողտվության:
Եթե ես եւ մյուսները ժամանակին սկզբունքայնություն ու համարձակություն ցուցաբերած լինեինք ու կարողանայինք «հիմնադիր» նախագահին ու նրա հետնասենյակում երկրորդ փուլ լինելչլինելու հարց որոշող «հզորներին» ասել պարզ մի միտք` «պարտվել ենք` գործենք ըստ օրենքի», ապա հաստատ ա՛յլ Հայաստանում էինք այսօր ապրելու:
Եթե յուրայինները ցույց տային, որ իրենց համար անընդունելի է երերացող իշխանական աթոռը ամրացնելու համար, տապալելով մինչ այդ Արցախի անկախության վերաբերյալ վարվող ողջ քաղաքականությունը, Արցախի նախագահին Հայաստանի վարչապետ բերելը, իսկ բերվողի շրջապատն էլ նրան բացատրեր իր քայլի անընդունելիությունը, ապա հաստատ ա՛յլ Հայաստանում էինք այսօր ապրելու:
Եթե նորաթուխ նժդեհականների ծառայամիտ ու պաշտոնամոլ ոհմակը չլիներ, Քոչարյանը իր ծոծրակը կտեսներ, բայց ՀՀ նախագահի աթոռը չեր տեսնի, Հայաստանն էլ գուցե ավելի քիչ թալանվեր, Հոկտեմբերի 27 էլ չլիներ, Մարտի մեկ էլ ու էլի՛ այլ Հայաստանում էինք ապրելու:
Գիտեմ, որ անիմաստ զբաղմունք է համարվում պատմության զարգացման այլընտրանքային ուղիներ որոնելն ու գնահատելը: Բայց, մյուս կողմից, ինչպե՞ս չասեմ, որ այն բանում, որ այսօր մեր քսանամյա երկիրը անհուսալիորեն խրվել է անցումային փուլում, մեղավոր եմ ե՛ս, մեղավոր ենք բոլո՛րս:
Այն որ Հայաստանը դարձել է խորթ մայր իր զավակների համար եւ ներգաղթ ապահովելու փոխարեն ստիպված ենք մտածել աղետալի արտագաղթի դեմն առնելու մասին, մեղավոր եմ ե՛ս, մեղավոր ենք բոլո՛րս:
Այն, որ երկիրը տվել ենք տգետ թալանչիների ձեռքը եւ մեզնից իսկ թալանած փողն ենք մուրում նրանցից գիտությամբ զբաղվելու կամ սերունդ կրթելու համար, մեղավոր եմ ե՛ս, մեղավոր ենք բոլո՛րս:
Կարող էի այս ամենը չասել, այլ խոսել Արցախի փառահեղ հաղթանակի, անկախության օրոք ծնված ու մեծացած երիտասարդության եւ այլ դրական բաների մասին: Բայց ախր կանխատեսածս քսանամյա ժամկետը ավարտվում է ու դեռ ոչ մի հույս` միայն երկիրը կորցնելու ահագնացող վտանգ: Իսկ քսանամյա երկիրը կորցնելը շատ ավելի ծանր է քան երկամյան` ինչը մեկ անգամ արդեն արել ենք:

Կարապետ Ռուբինյան

ejournal.am

 

Դիտվել է 936 անգամ:
Print Friendly

Leave a Reply