Դատավորները և ԵՄ փորձագետները քննարկելու են մրցակցության ոլորտի նոր իրավական զարգացումները և լավագույն գործելակերպերը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 26, 2011 14:25

Սեպտեմբերի 27-28-ին Երևանում կայանալիք սեմինարի ընթացքում Հայաստանի դատավորները հնարավորություն կունենան քննարկելու մրցակցային օրենսդրությունն ու ԵՄ լավագույն գործելակերպերը: ‹‹Մրցակցային օրենսդրության նոր իրավական զարգացումները» թեմայով սեմինարի ընթացքում հանգամանորեն կներկայացվի այդ հասկացությունը ԵՄ համատեքստում, ինչպես նաև կիրառման պրակտիկան: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի և «Մրցակցային և պետական օժանդակության օրենսդրության կիրարկման հզորացումը Հայաստանում» ԵՄ Թվինինգ ծրագրի կողմից համատեղ կազմակերպված միջոցառումը տեղի կունենա ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակում, Մելիք Ադամյան 14 հասցեում: ԵՄ անդամ պետությունների փորձագետներ պարոն Կ. Շթոքմանը և տիկին Յ.Սովիենեն կներկայացնեն «Հակամրցակցային  համաձայնությունների արգելումը», «Գերիշխող դիրքի չարաշահումը» և «Համակենտրոնացումների իրավական կարգավորումը» թեմաներով զեկույցներ, ինչպես նաև Արդարադատության եվրոպական դատարանի  գործեր և որոշումներ` չհիմնավորված գների վերաբերյալ: Այնուհետև կքննարկվեն նշված թեմաներին վերաբերող երկու գործ, որոնց առնչությամբ վարույթ է իրականացրել Հանձնաժողովը և դատավաճիռ է կայացրել ՀՀ վարչական դատարանը: Նշենք նաև, որ մրցակցությանն ու պետական օժանդակությանն առնչվող  ԵՄ Թվինինգ ծրագիրն իրականացում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը` ԵՄ երկու անդամ պետությունների` Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Լիտվայի Հանրապետության հետ համատեղ  2011-2013 թվականներին: Իրականացվող ծրագրի վերջնական նպատակը ՀՀ-ում մրցակցային միջավայրի բարելավումն ու ՏՄՊՊՀ կիրարկման կարողությունների հզորացումն է:

Դիտվել է 1018 անգամ:
Print Friendly

Leave a Reply