Արարատի նախկին մարզպետի դեմ քրեական գործ է հարուցվել

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 26, 2011 13:39

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է թվով 6 անձանց կողմից Արարատի մարզում չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:  Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ  հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է  մեղադրական եզակացությունը:

Նախաքննությամբ Արարատի մարզում որոշ չարաշահումներ են հայտնաբերվել հողահատկացման եւ դպրոցների հիմնանորոգման աշխատանքներում: Մասնավորապես պարզվել է, որ Արարատի նախկին մարզպետ Վ. Հովակիմյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, նույն մարզի Գինեվետ համայնքի ղեկավար Մ. Սանթոյանին կեղծ տեղեկություն է տրամադրել, թե Գինեվետ համայնքի  վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերից 30 հա հանդիսանում է արդյունաբերական նշանակության:

Ըստ նախաքննության նյութերի` Գինեվետ համայնքի ղեկավարը հրավիրել է ավագանու նիստ` 30 հա հողամասը որպես արդյունաբերական տարածք ներկայացնելու, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում ընդգրկելու եւ արդյունաբերական նշանակության հողամասը կառուցապատման իրավունքով վարձակալության տրամադրելու թույլտվություն տալու համար:

2010թ. ապրիլի 13-ին կեղծ տեղեկություններ պարունակող հողաշինարարական գործը ներկայացվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարություն` այդ հողատարածքը կառուցապատման իրավունքով վարձակալության տրամադրելու համար: Առանց գյուղատնտեսական հողատարածքն արդյունաբերականի փոխելու կառավարության որոշման եւ ՀՀ տարածքային կառավարման նախարարության դրական եզրակացության` Վ. Հովակիմյանը Գինեվետ համայնքի ղեկավար Մ. Սանթոյանին հանձնարարել է  իբրեւ արդյունաբերական նշանակության հողատարածք կառուցապատման նպատակով վարձակալության տրամադրելու համար անցկացնել մրցույթ եւ որպես հաղթող ճանաչել «Հողային ռեսուրսների զարգացման ընկերություն» ՍՊԸ-ին, որը եւ կատարվել է 2010թ. մայիսի 5-ին:

Նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ չարաշահումներ են հայտնաբերվել նաեւ մարզի տարածքում որոշ դպրոցների հիմնանորոգման աշխատանքներում: Մասնավորապես` 2007-2010թթ. ընթացքում պետության ֆինանսավորմամբ իրականցվել են Արարատի մարզի Վեդու թիվ 2, Նոյակերտի եւ Ոսկետափի թիվ 2 դպրոցների վերանորոգման աշխատանքները, որոնցից Վեդու թիվ 2 դպրոցի վերանորոգման աշխատանքներն իրականացրել է «Մանուելա» ՍՊԸ-ն, իսկ Նոյակերտի եւ Ոսկետափի թիվ 2 դպրոցների վերանորոգման աշխատանքներն իրականացրել է «ՆՆԱ» ՍՊԸ-ն:

Քննության տվյալներով, Վ. Հովակիմյանը` որպես մարզպետ, «ՀՀ մարզերում պետական կառավարման մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի 1.12 կետի «բ» ենթակետի համաձայն պարտականություններ ունենալով տնօրինելու պետական բյուջեով մարզին հատկացված միջոցները, վերահսկելու այդ միջոցների նպատակային օգտագործումը, այն չի կատարել, ստորագրել է ներկայացված հանձնման-ընդունման արձանագրությունները: Արդյունքում` 2008-2010թթ. ընթացքում «Մանուելա» ՍՊ ընկերության տնօրեն Է. Բազիկյանի կողմից խարդախության միջոցով կատարվել է 23 715 970 դրամի հավելագրում, իսկ «ՆՆԱ» ՍՊ ընկերության տնօրեն Ն. Անդրեասյանի կողմից` 12 699,6 հազար դրամի հավելագրում:

Արդյունքում, նախաքննական մարմնի գնահատմամբ,  Արարատի մարզպետարանի ճարտարապետաշինարարական բաժնի պետ  Գ. Եղիազարյանի եւ քաղաքաշինության վարչության պետ Ռ. Մկրտչյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, իսկ նախկին մարզպետ Վ. Հովակիմյանի կողմից պաշտոնեական անփութություն դրսեւորելու հետեւանքով պետության օրինական շահերին պատճառվել է ծանր հետեւանքներ առաջացնող ընդհանուր 36 415 570 դրամ վնաս:

Պետությանը պատճառված վնասը հայտնաբերվել է ՀՀ ֆինանսների նախարարի` 2010թ. նոյեմբերի 18-ի թիվ 18-Ա հանձնարարագրի համաձայն կատարված ստուգման արդյունքում:

Նախաքննության ընթացքում «ՆՆԱ» ՍՊ ընկերության կողմից պետությանը պատճառված վնասը վերականգնվել է ամբողջությամբ, իսկ «Մանուելա» ՍՊ ընկերության կողմից` մասնակի` 8 254 620 դրամի չափով:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Վ. Հովակիմյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 314-րդ հոդվածով, 315-րդ հոդվածի 2-րդ մասով, Ռ. Մկրտչյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, Գ. Եղիազարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, Մ. Սանթոյանին` 308-րդ հոդվածի 1-ին մասով, 314-րդ հոդվածով, Է. Բազիկյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 1-ին մասով, Ն. Անդրեասյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործն ուղարկվել է Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար:

 

Դիտվել է 1127 անգամ:
Print Friendly

Leave a Reply