Մարսել Մաթեւոսյան. «Իմ խիղճն այնքանով է հանգիստ, որ իմ տղան որեւէ կապ չունի ու չէր էլ կարող ունենալ այդ խմբավորման հետ»

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 26, 2011 13:26

Երեկ Մյասնիկյան պողոտայում ավազակային խմբի անդամների ձերբակալությունից հետո, մամուլը հեղեղվեց տարբեր պաշտոնյանների անուններով, թե նրանց որդիներն այդ խմբավորման կազմում են եղել: Իրավապահ մարմինների կողմից պաշտոնապես նշվեց միայն ՀՔԾ պետի տեղակալ Մարսել Մաթեւոսյանի որդու մասին, սակայն, ըստ այդմ, նա ոչ թե ավազակային խմբավորման անդամ է եղել, ինչպես մամուլն էր գրել, այլ ոստիկանություն էր հրավիրվել ընդամենը ավտոմեքենայի հետ կապված պարզաբանման համար, ինչից հետո նրան բաց են թողել:

ՀՔԾ պետի տեղակալ Մարսել Մաթեւոսյանը պատասխանեց «Հետքի» մի քանի հարցերին, ավելացնելով, որ ինքը վստահում է իրավապահ մարմիններին եւ նրանք կտան բոլոր հարցերի պատասխանները:

Պարոն Մաթեւոսյան, ի՞նչ կապ ուներ Ձեր որդին այդ խմբավորման հետ:

Լրատվամիջոցները աղավաղել են իմ ասածները: Համապատասխան մարմիններ կան, որ պարզել են՝ իմ երեխան ոչ մի կապ չունի: Ես լրատվամիջոցների հետ միշտ եղել եմ բարիդրացիական հարաբերությունների մեջ, անմեղության կանխավարկած կա, հազար ու մի բան կա, թե այդ հապճեպությունն ում էր պետք, ինչն էր պատճառը, ում ուղղորդմամբ էր, ես էլ չհասկացա, գիտեք:

Երեկ Ձեր որդուն շու՞տ են բաց թողել ոստիկանությունից:

Այո: Այնտեղ մարդիկ են եղել, չէին կարող բանդային թողնել, կողքի մարդկանցով զբաղվել, դա բնական բան է: Եթե հարցեր կլինի, քննչական մարմինները թող ավելի հավաստի տան այդ տեղեկությունները, իմ ասածները կլինի ուղորդում, միջամտություն: Օրենք կա, ես հավատում եմ, ես էլ օրենքի մարդ եմ, եթե կգտնեն, որ ինչ-որ բիծ կա, թող իրենք իրենց իրավական գնահատականը տան:

Իմ խիղճն այնքանով է հանգիստ, որ իմ տղան որեւէ կապ չունի ու չէր էլ կարող ունենալ այդ խմբավորման հետ:

Այսօր թերթերից մեկը գրել է, որ այն ավտոմեքենան, որի հետ կապված Ձեր որդուն տարել էին ոստիկանություն, պատկանում է Ձեր քրոջ դստերը: Դա ճի՞շտ է:

Իմ քրոջ դուստրն ավտոմեքենա չի ունեցել: Մի բարեկամուհու ավտոմեքենա կա, որը որդիս երբեմն օգտագործում է: Երեւի այդ ավտոմեքենայի հետ ստուգման խնդիրներ իրոք եղել են, բայց թե այդ ավտոմեքենան ինչքանո՞վ է առնչվում, ի՞նչ կապ ունի՝ չգիտեմ, որովհետեւ այդ ավտոմեքենան մի քանի ձեռք փոխանցվել, գնացել է: Ավելի մանրամասներն ինձ չեն ասել, ես չեմ էլ ուզում միջամտել, որ չշահարկվի:

Գրիշա Բալասանյան

hetq.am

 

Դիտվել է 1248 անգամ:
Print Friendly

Leave a Reply