Ցանկացածին կարելի է դիմել ցանկացած հարցով օրվա ցանկացած ժամի. աստղային հարևանների տասնյակը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 26, 2011 11:15

Այս շաբաթ «Ամենից ամենա» հաղորդումն անդրադարձավ աստղային հարևաններին։ Ըստ հաղորդավարի՝ տասնյակում դիրքերը պայմանավորված են հանդիսատեսի քվեարկությամբ։

Ռեժիսոր Լուսինե Մարտիրոսյանի և աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի հարևանությունը ճանաչվել է առաջինը։ Երկու ճանաչված մարդիկ իրար մասին բավական ջերմ խոսքեր ասացին։ «Վերջերս, երբ եղան տարաձայնություններ Ջիվան Գասպարյանի՝ ինչ-որ կառուցվող փողոցի հետ կապված, ես շատ ջղայնացա, որովհետև Ջիվան Գասպարյանն այնպիսի մարդ է, ում ամեն ինչ հասնում է, և ամեն ինչ իրեն հալալ է»,- ասաց ռեժիսորը՝ հիշեցնելով, որ հարևանի երեխաները իրենց հեծանիվներն են կանգնեցնում Գասպարյանի բակում, լողանում նրա լողավազանում։

Նկարիչ Դավիթ Մինասյանը, հաղորդավարուհի Մարիշոկը և սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանը զբաղեցնում են աստղային հարևանների երկրորդ հորիզոնականը։ Նրանք իրենց ուզած հարևանությունն անել չեն հասցնում, սակայն միշտ պատրաստակամ են հարկ եղածով օգնել։ Դավիթ Մինասյանը պատմել է, որ ինքը սպորտային հաղորդումներ չի նայում, սակայն հետևելով Կարեն Գիլոյանի դեմքի արտահայտությանը՝ մինչ շենքի մուտքին հասնելը, նա հասկանում է՝ հայ մարզիկներն այդ օրը ինչպես են իրենց դրսևորել։

Գրիշա Աղախանյանը, Հրանտ Թոխատյանը և Իրան հարևան են եղել միայն երեք տարի. նրանք զբաղեցնում են երրորդ հորիզոնականը։ Աղախանյանը պատմել է, որ հաղորդելով Հրանտին, որ ինքը շուտով նրա հարևանն է դառնալու՝ հարցրել է. «Հրանտ ջան, ты рад?»։ «Ես շատ рад եմ, ուզում եմ, որ դուք էլ ռադ ըլնեք»,- պատասխանել է Թոխատյանը։ Իրենց հարևանությունից Աղախանյանը հիշել է, որ անլույս տարիներին իր երեք պարկ կարտոֆիլը դրել էր միջանցքում։ Որոշ ժամանակ անց նկատել է, որ այն արագ է վերջանում, ու մի օր գիշերվա կեսին լսել է, որ Թոխատյանը, ճանապարհելով հյուրերին՝ ասում է. «Էս էլ ձեզ հետ վերցրեք»,- ու տալիս է իր կարտոֆիլից։ Հաջորդ օրը, հարցնում է՝ թե ինչու է բաշխում իր կարտոֆիլը։ «Ես քեզ լավություն եմ անում,- պատասխանում է Հրանտը,- մարդիկ գալիս են, իմանում են, որ հարևանս Գրիշան է, CD են ուզում, հիշատակ են ուզում. դու էլ էդքան CD չունես, ու ես՝ որպես հիշատակ կարտիֆիլդ եմ տալիս»։

Պարուսույց Արթուր Մարատովիչը և հնչյունային օպերատոր Կարեն Ծատուրյանն ապրում են հարևանությամբ այն բակում, ուր ապրել են բազմաթիվ հայտնի մարդիկ։ Այս բակում հարևանությունն ավանդույթներ ունի, թեպետ զբաղվածությունը հաճախ է խանգարում դրանք պահել։

Յուրա Իգիթխանյանի «դասական հարևանությունը» գրավել է հինգերորդ հորիզոնականը։ Նա պատմել է, որ իր և հարևանների մտերմությունն առավել է սերտացել «մութ տարիներին»։ Ունեցած-չունեցած 10*15 էկրանով հեռուստացույցով «Մարիաննա» էին նայում, բոլորով ուտում երկու կգ կարտոֆիլից վառարանի վրա պատրաստված խորովածը թթվի հետ ու «շատ լավ էին զգում»։ Իսկ հիմա առավոտյան որոշված ժամին «հարևանները հավաքվում են շենքի տաղավարում՝ Ջազվե են դրան ասում, սուրճ են խմում, իսկ դրանից հետո կյանքը շարժվում է համատեղ գրաֆիկով,- պատմեց դերասանը,- իսկ նոր տարվա գիշերը հավաքվում են ամենատարեց հարևանի տանը»։

Նարեկ Բավեյանն իրենց հարևանների հետ մտերիմ է եղել նախքան «այսքան խիստ զբաղված դառնալը», իսկ նրանք հիմա էլ պատրաստակամ են օգնել իրեն։ Նա պատմել է, որ մի անգամ, երբ մայրը քրոջն ուղարկել է հարևաններին կանչելու, աղջիկը տնից դուրս է եկել, հենց դռան մոտ մատներով հարդարել մազերը, ուղղել զգեստը, դեմքին համապատասխան արտահայտություն տվել, որ լավագույնս ներկայանա հարևաններին, սակայն այդ «նախապատրաստական աշխատանքների ժամանակ» մոռացել է, որ դեռ իրենց տան դռան մոտ է, շրջվել ու զուսպ թակել իրենց դուռը՝ սպասելով, որ բացեն ու ինքը մայրիկի հրավերքը հաղորդի։

Յոթերորդ հորիզոնականում դերասաններ Արթուր և Արմինե Սուքիասյաններն են. նրանց պատանի հարևանները՝ ընդհատելով խաղը, տեսախցիկի մոտ խմբով ասացին. «Մենք շատ ենք սիրում Ալենչոյին» (Ալենչոն դերասանների մանկիկն է)։

Ութերորդը Սոնա Շահգելդյանն է՝ իր հարևաններով։ «Ամեն տարի մեր հարևանները հավաքվում ու վարդավառ էինք խաղում»,- պատմեց նա։ Հարևանները պատմեցին, որ Սոնան հարևանների հավաքույթներին երգել է դեռ երեք տարեկանից, նաև կրկնօրինակել նրանց, ասմունքել, և մինչ օրս ցուրտ օրերին հավաքում ու «տաք անկյուն» է տանում փողոցում մրսող կենդանիներին։

Երգչուհի Իռենը իններորդն է. «Դժվար էր հեռանալ այս շենքից»,- ասաց նա՝ պատմելով իր հարսանիքի մասին։

Տասնյակը եզրափակում է դերասան Գնել Սարգսյանը։ Կռվարարությամբ հայտնի Գնելը պատանեկության տարիներին կռիվը սկսելուց առաջ հաշվարկում էր, թե որ կողմ են նայում իրենց պատուհանները, որ ծնողներն իրեն չնկատեն։ Սակայն հաշվարկներն անիմաստ էին դառնում. հարևաններն ավելի շուտ էին տեսնում ու հայտնում ծնողներին. «Չէին թողնում հանգիստ կռիվ անեմ»,- ասաց Գնելը՝ նշելով, որ իրենց ցանկացած հարևանի կարող է դիմել ցանկացած հարցով օրվա ցանկացած ժամի։

Tert.am

 

Դիտվել է 1495 անգամ:
Print Friendly

Leave a Reply