Աղվան Գրիգորյանը չի ճանաչի հանցախմբի անդամներին, քանի որ չի տեսել նրանց դեմքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 26, 2011 10:57

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ, ներկայումս  Հայաստանի կառավարությանն առընթեր Կադաստրի պետական կոմիտեում գեոդեզիայի եւ հողային տեսչության պետ Աղվան Գրիգորյանը, ում տունը հուլիսի 2-ին թալանել էին, չի հրավիրվել ոստիկանություն` ցուցմունք տալու սեպտեմբերի 23-ին, Երեւանի Մյասնիկյան պողոտայում ոստիկանների կողմից ծանր հանցագործությունների մեջ կասկածվող ավազակախմբի գործով, որը NEWS.am-ի տեղեկություններով, կապ ունի բարձրաստիճան պաշտոնյաների բնակարաններում վերջին շրջանի ամենաաղմկահարույց ավազակային հարձակումների հետ:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Աղվան Գրիգորյանը նշեց, որ չի հրավիրվել ոստիկանություն եւ հեռախոսը անջատած է  պահում: Նախկին թաղապետը նշեց, որ եթե իրեն հրավիրեն ոստիկանություն, ինքը չի ճանաչի հանցախմբի անդամներին, քանի որ դեմքերը չի տեսել, հարձակվողները դիմակներով են եղել: Ինչ վերաբերում է գործի հետագա ընթացքին, վերջնական բացահայտմանը, ապա Աղվան Գրիգորյան վստահ է, որ գործը կբացահայտվի, քանի որ «վերեւից ներքեւ ցանկություն կա, որ բացահայտվի»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ավազակախմբի վնասազերծման գործողությունն իրականացվել է սեպտեմբերի 23-ի առավոտյան, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից: Գործողությունն իրականացվել է մի քանի ուղղություններով, որի արդյունքում բերման է ենթարկվել 13 անձ: Ոստիկաններին դիմադրություն ցույց տված եւ փախուստի դիմած անձանցից մեկը մահացել է: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է տվյալ անձի ինքնությունը, նա 49-ամյա Գուրգեն Հայրապետյանն է: Բերման ենթարկվածների մեջ շրջանառվում է ՀՔԾ պետի տեղակալ Մարսել Մաթեւոսյանի որդու անունը, ըստ գլխավոր դատախազության` վերջինիս ավելի ուշ են բերման ենթարկել, երբ ստուգում էին ինչ-որ մեքենայի պատկանելության հարցը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով (Վտանգավոր բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ) եւ 235 հոդվածի (Ապօրինի զենք-զինամթերք) հատկանիշներով:NEWS.am-ի ոստիկանությունում ունեցած աղբյուրների փոխանցմամբ, ենթադրվում է որ խոսքն այն ավազակախմբի մասին է, որը կապ ունի բարձրաստիճան պաշտոնյաների բնակարաններում վերջին շրջանի ամենաաղմկահարույց ավազակային հարձակումների հետ:

Նշենք, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ :Աղվան Գրիգորյանի տան վրա կատարված հարձակումից բացի` թալանվել էր նաեւ Հայաստանի ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի տունը, ով, ի դեպ,NEWS.am-ի հետ զրույցում  նշել էր, որ ինքն էլ չի հրավիրվել ոստիկանություն : Այս տարվա հունիսին դիմակավորված անձինք ավազակային հարձակում էին գործել «Լինսի» հիմնադրամի «Ճանապարհային շինարարություն» ծրագրի գրասենյակի նախկին տնօրեն Էդվարդ Բեզոյանի տան վրա: Այս դեպքերից հետո Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հրահանգել է միավորել մայրաքաղաքում կատարված ավազակային հարձակման 5 դեպքերի առնչությամբ քրեական գործերը եւ համատեղ նախաքննություն իրականացնել՝ քննությունը հանձնարարելով Հայաստանի ոստիկանության քննչական գլխավոր վարչության: «Քրեական գործերի վերլուծությունը վկայում է, որ մայրաքաղաքում գործում է կայուն, զինված ավազակային խումբ, որի բացահայտումը պետք է լինի քննության առաջնային նպատակը»,- ասել է գլխավոր դատախազը:

 

Դիտվել է 1144 անգամ:
Print Friendly

Leave a Reply