1 տարուց ավել քանդված ու ավտովթարի պատճառ դարձած Վազաշենի սողանքային ճանապարհը կշահագործվի 1,5 ամսից

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 8, 2009 18:14

Սեպտեմբերի 5-ից սկսվել են Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ավտոճանապարհարի սողանքային հատվածի վերանորոգման աշխատանքները. կապի և տրանսպորտի նախարար Գուրգեն Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ և տեղում ծանոթացել իրականացվող շինարարությանը:

Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ավտոճանապարհարի սողանքային հատվածը վերանորոգելու համար կառավարության  որոշմամբ 2009թ.  3-րդ եռամսյակում տրասպորտի և կապի նախարարությանը հատկացվել էր 2 մլն 100 000  դրամ:

Մինչև տարեվերջ պատրաստ կլինի 1,3 կմ երկարությամբ  նոր ճանապարհահատվածը,  և այն երթևեկելի կդառնա: Ասֆալտապատման աշխատանքները եղանակի հետ կապված կսկսեն հաջորդ տարի: Ճանապարհը լինելու է հիմնական, քանի որ հետազոտությունները ցույց են տվել, որ տարածքում այլ սողանքներ չկան:

Կապի և տրանսպորտի նախարարությունից «Անկախ»-ին հայտնեցին, որ  Տավուշի մարզպետարանի հաշվարկով`բնակիչներին (3 ընտանիք),  իրենց այգիների տարածքով ճանապարհ գցելու համար, փոխհատուցումը պետք է կազմի  ընդհանուր մոտ 20մլն դրամի չափով. այսինքն` յուրաքանչյուր ընտանիքի  պետք է որ հասնի մոտ 7 մլն դրամ:

Վազաշենի ճանապարհն արդեն մի տարի է`անանցանելի է. մոտ մի ամիս առաջ ճանապարհը վերականգնելու համար սկսել էին քար լցնել, ինչը  անցորդ մեքենաները մեկ-մեկ գողանում էին:

«Նորաշենից մի ավտո մի քանի օր առաջ գիշերը ղռեժ (քար) բարձած բռնեցինք. շոֆերը, թե Երևանից էի գալի, ասի հայաթի համար մի քիչ տանեմ»,-զայրացած բարձիթողի վիճակից` ասում է Վազաշենի բնակիչ Ռուբեն Մելիքյանը:

Վազաշենի սողանքը շրջանի համար խիստ մտահոգիչ է դեռևս 2002-2003թթ-ից. գյուղացիների հաշվարկով` վերջին տարիներին մոտ 5 մեքենա է սողանքի պատճառով ձորը գլորվել:

Հիմա Վազաշենի ճանապարհը փակ է, մեքենաներն անցնում են դաշտերի միջով` առանց ուղևորների: Ուղևորները սողանքի հատվածում իջնում են մեքենաներից, քանի որ ծանր քաշի դեպքում անհնար է լինում դաշտով շրջանցել սողանքային հատվածը:

Շրջանցող դաշտային ճանապարհը ևս դառնում է անհաղթահարելի  անձրևային եղանակի ժամանակ, ստիպված վարորդները ետ են դառնում և հասնում մայրաքաղաք կամ հակառակը` Բերդի (Շամշադին) գյուղեր Ճամբարակի ճանապարհով (Սարի ճամփով):

Վաղինակ Բաբասյանն ուղևորներ է տանում-բերում Արծվաբերդ գյուղից Երևան և հակառակը արդեն 6 տարի և ամեն անգամ Վազաշենի սողանքն անցնելով` մտքում աղոթում  է, որ այս անգամ էլ լավ պրծավ:

«Սարի ճանապարհը մաշված է, բայց վերջին ռեյսերս էտ ճամփով եմ արել, վառելիք շատ է ծախսվում, չեմ կարա ուղևորի կյանքը ռիսկի տակ դնեմ կամ գնամ սողանքին հասնեմ, անձրևի պատճառով կամ ուղևորի խնդրանքով հետ դառնամ, վտանգը մեծ ա, հույսը, որ շուտ կվերանորոգեն ճամփեն` էլ ավելի»,-ասում է Վաղինակը:

Դիտվել է 1592 անգամ:
Print Friendly

Leave a Reply