Հատուկ քննչական պետի տեղակալի որդին ազատ է արձակվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 24, 2011 16:29
Մյասնիկյան պողոտայում սեպտեմբերի 23-ի առավոտյան ոստիկանների կողմից վնասազերծված, ծանր հանցագործությունների մեջ կասկածվող ավազակախմբի անդամներից բերման ենթարկված 13 անձանցից մի մասը ձերբակալվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը` հավելելով, որ այժմ ընթանում են օպերատիվ հետախուզական եւ քննչական միջոցառումներ, ամեն րոպե սպասվում են նոր ձերբակալություններ:
Ինչ վերաբերում է Հատուկ քննչական պետի տեղակալ Մարսել Մաթևոսյանի որդուն, վերջինս, ըստ Ահարոնյանի, որոշ պարզաբանումներ տալուց հետո ազատ է արձակվել:
Հիշեցնենք, որ ավազակախմբի վնասազերծման գործողությունն իրականացվել էր երեկ` սեպտեմբերի 23-ի առավոտյան` Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից:
Գործողությունն իրականացվել էր մի քանի ուղղություններով, որի արդյունքում բերման էին ենթարկվել 13 անձ: Ոստիկաններին դիմադրություն ցույց տված և փախուստի դիմած անձանցից մեկը մահացել էր: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է տվյալ անձի ինքնությունը, նա 49-ամյա Գուրգեն Հայրապետյանն է: Բերման ենթարկվածների մեջ շրջանառվում էր նաև ՀՔԾ պետի տեղակալ Մարսել Մաթևոսյանի որդու անունը:
Ըստ գլխավոր դատախազության` վերջինիս ավելի ուշ են բերման ենթարկել, երբ ստուգում էին ինչ-որ մեքենայի պատկանելության հարցը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով (Վտանգավոր բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ) և 235 հոդվածի (Ապօրինի զենք-զինամթերք) հատկանիշներով:






Facebook
Tweet This
Email This Post
