Ահաբեկչության զոհ դարձած երիտասարդի դին չեն կարողանում տեղափոխել Հայաստան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 24, 2011 16:17
«Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպությունը Մախաչկալայում բնակվող մի խումբ հայերի կողմից նամակ է ստացել, որում բոլոր հայերին խնդրում են աջակցել` 2011 թվականի սեպտեմբերի 22-ի երեկոյան Մախաչկալայում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ զոհված 24-ամյա գյումրեցի Կարեն Ասատրյանի դին Հաաստան տեղափոխելու համար: Նամակում մասնավորապես նշված է.
«2011 թվականի սեպտեմբերի 22-ի երեկոյան Մախաչկալայում 2 ահաբեկչություն է տեղի ունեցել, որից մեկին զոհ է գնացել հայազգի մի երիտասարդ՝ 24 ամյա գյումրեցի Կարեն Գրիշայի Ասատրյանը: Նա 10 տարի առաջ շատերի պես բռնել էր արտագաղթի ճամփան և Գյումրիից տեղափոխվել Մախաչկալա, քանի որ հայրենի քաղաքում աշխատանք գտնել չէր կարողանում: Իր ընտանիքի գոյությունը պահելու համար Մախաչկալայում տաքսի էր վարում:
Համեստ ու աշխատասեր երիտասարդը հարևանների ու մտերիմ ընկերների կողմից սիրված ու հարգված էր: Սեպտեմբերի 22-ին սովորականի պես դուրս էր եկել աշխատանքի՝ տաքսին վարելու: 3 ուղեվոր կանգնեցնում են, նստում, որոնցից մեկի մոտ էլ լինում է պայթուցիկ սարքը, որի մասին, իհարկե, Կարենը տեղյակ լինել չէր կարող:
Պայթուցիկը հենց մեքենայում էլ գործի է դրվել: Պայթունի հետևանքով բոլորը զոհվել են:
Կատարվել է ահաբեկչություն, որին զոհ է գնացել անմեղ հայ երիտասարդը` Կարեն Ասատրյանըը:
Այժմ Կարենի դին գտնվում է դիահերձարանում, և բավականին մեծ գումար է պահանջվում` այն ծնողներին վերադարձնելու համար: Խնդրում ենք բոլոր հայերին, բոլոր բարի կամքի տեր մարդկանց օգնության ձեռք մեկնել Կարեն Ասատրյանի ընտանիքին:
Նրանք բնակվում են Հայաստանում, Գյումրի քաղաքում, Պուշկինի 44 հասցեում, հեռ. +37455695»:






Facebook
Tweet This
Email This Post
