Նախագահը ԱՄՆ-ում մի շարք պարգևատրումներ է իրականացրել

Պաշտոնական, Օրվա լուր | | September 24, 2011 15:39

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության եւ ամերիկահայ կազմակերպությունների կողմից սեպտեմբերի 23-ի երեկոյան կազմակերպվել է հանդիսավոր ընդունելություն՝ Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ և ի պատիվ Նախագահ Սերժ Սարգսյանի այցի:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ընդունելության ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով:

Անկախության 20-րդ տարեդարձի առթիվ Սփյուռքի, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության և ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության մի խումբ ներկայացուցիչներ նախագահի հրամանագրերով պարգևատրվել են մեդալներով և շքանշաններով: ՀՀ պետական բարձր պարգևների մի մասը նախագահը հանձնել է ընդունելության ժամանակ:

Ազգային շահերի պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի և դրսևորած անմնացորդ նվիրումի, Հայաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների, ազգանվեր երկարամյա և բեղմնավոր գործունեության համար Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը (ԱՄՆ) պարգևատրվել է Պատվո շքանշանով:

Հայապահպանության գործում ներդրած ծանրակշիռ ավանդի, հայրենիքին մատուցած ծառայությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա պետությունների միջև բարեկամության ամրապնդմանը մեծապես նպաստելու համար Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի հիմնադիր Ռիթա Պալեանը (ԱՄՆ) պարգևատրվել է Մխիթար Հերացու մեդալով:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն երկարամյա ծառայության, ազգային հոգևոր արժեքների պահպանման գործում ունեցած նշանակալի ավանդի համար ԱՄՆ հայոց արևելյան թեմի առաջնորդ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Դիվանագիտության ասպարեզում ունեցած նշանակալի ծառայությունների համար Մխիթար Գոշի մեդալով են պարգևատրվել ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը և ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը:

 

Դիտվել է 787 անգամ:
Print Friendly

Leave a Reply