ՀՀ նախագահը հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | September 24, 2011 15:23

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Նասիր Աբդուլազիզ ալ Նասերի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ:

Ինչպես հայտնում են Նախագահի մամլո գրասենյակից, Սերժ Սարգսյանը շնորհավորել է Նասիր Աբդուլազիզ ալ Նասերին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանի նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Երկուստեք կարևորվել են Գլխավոր ասամբլեայի այս նստաշրջանի քննարկմանը ներկայացված թեմաները: Նախագահ Սարգսյանը հատուկ անդրադարձել է նաև այս տարվա հիմնական քննարկումների համար Նասիր Աբդուլազիզ ալ Նասերի առաջարկած թեմային՝ միջնորդական ջանքերով հակամարտությունների կանխարգելմանն ու կարգավորմանը, որը համահունչ է հակամարտությունների խաղաղ կարգավորման ՀՀ որդեգրած սկզբունքներին:  Նշելով, որ Գլխավոր ասամբլեայի այս նստաշրջանը՝ հագեցած ու բարդ օրակարգով արտացոլում է մեր ժամանակի խնդիրներն ու մարտահրավերները՝ Սերժ Սարգսյանը նստաշրջանի աշխատանքին՝ Նասիր Աբդուլազիզ ալ Նասերի նախագահությամբ, մաղթել է հաջողություններ:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանն այդ առիթով կրկին շնորհավորել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնում նրա վերանշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ: Հանրապետության ղեկավարը նշել է, որ Հայաստանն ակտիվորեն մասնակցում է համաշխարհային այս կազմակերպության շրջանակներում ծավալվող աշխատանքներին եւ արդյունավետորեն համագործակցում ՄԱԿ-ի բազմաթիվ կառույցների հետ: Հանդիպմանը երկուստեք կարեւորվել է ՄԱԿ-ի դերն աշխարհում խաղաղության, կայունության եւ անվտանգության ապահովման գործում: Անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային խնդիրներին:

Նախագահը նաև աշխատանքային ճաշ է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանի և խորհրդի անդամների հետ:

 

Դիտվել է 876 անգամ:
Print Friendly

Leave a Reply