Հայաստանի արտգործնախարարը շարունակում է հանդիպումները Նյու-Յորքում

Պաշտոնական, Օրվա լուր | | September 24, 2011 9:24

Սեպտեմբերի 23-ին Հանրապետության Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Նյու-Յորքում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը շարունակեց իր հանդիպումները:

Նախարար Նալբանդյանը հանդիպում ունեցավ Հարավային Կովկասում եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի հետ:

Զրուցակիցներն անդրադարձան սեպտեմբերի վերջին Վարշավայում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին:

Տարածաշրջանային հակամարտությունների քննարկման ենթատեքստում Էդվարդ Նալբանդյանը ողջունեց ԵՄ պատրաստակամությունը առավել աջակցելու արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հաջորդ հանդիպումը Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Ուիլյամ Բըրնսի հետ էր:

Հանդիպմանը քննարկվեցին հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Նախարար Նալբանդյանն ու փոխպետքարտուղար Բըրնսը մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրների շուրջ, անդրադարձան արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Այդ ենթատեքստում  Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց ԱՄՆ դրական ներգրավվածությունը եւ գործունեությունը՝ որպես  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:

 

Դիտվել է 829 անգամ:
Print Friendly

Leave a Reply