Աշխատանքի տոնավաճա՞ռ, թե՞` աշխատատեղերի առուծախ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 24, 2011 0:50

Ուրբաթ օրը Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում ոչ սովորական իրարանցում էր: «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության նախաձեռնությամբ և պետական բյուջեի ֆինանսավորմամբ այստեղ տեղի ունեցավ աշխատանքի տոնավաճառ: Տոնավաճառին մասնակցում էին բազմաթիվ գործատուներ Լոռու մարզի համարյա թե բոլոր համայնքներից: Նշենք, որ մինչ այժմ աշխատանքի տոնավաճառներ են անցկացվել տարբեր մարզերում:Տոնավաճառի բացման հանդիսավոր խոսքով հանդես եկավ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը` հույս հայտնելով, որ այս նախաձեռնությունը շատերին կապահովի աշխատանքով և կբարելավի նրանց սոցիալական վիճակը: “Պետք է, որ մարդկանց թերահավատությունը վերանա, ու նրանք հավատան, որ այստեղ իսկական գործատուներ  են ներկայանում”-ավելացրեց նա: Ի դեպ, ըստ Վանաձորի զբաղվածության մարզային կենտրոնի, Լոռու մարզում գործազրկության մակարդակը հասնում է… 10.5 տոկոսի, «ինչն էլ ամենաբարձր ցուցանիշն է ամբողջ հանրապետության մեջ»: Ստացվում է, որ Հայաստանում գործազրկությունը տասը տոկոսից էլ ցածր է, ինչին մասնագետներն ու հանրությունը դժվար թե կհավատան: Ինչեւէ, Հայաստանի, մասնավորապես` Լոռու մարզի գործազրկության մակարդակն էլ ավելի “նվազեցնելու” նպատակով մեկտեղ էին հավաքվել 42 գործատու, ովքեր առաջարկում էին 520 թափուր աշխատատեղ:Եթե զբաղվածության մարզային կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանն իր խոսքում նշեց, որ սպասվում է, որ դեռ կավելանա եւս 700 աշխատատեղ, ապա հակառակ տրամադրությունն էր իշխում բազմաթիվ վանաձորցիների մոտ: Նրանք թերահավատորեն էին նայում առաջարկվող աշխատատեղերին:Վանաձորի բնակիչ Ալվարդ Հախոյանն արդեն երկրորդ անգամ է մասնակցում նման տոնավաճառի: Այս անգամ նա ոչ միայն աշխատանք էր փնտրում, այլ նաև` առաջարկում` “Օրիֆլեյմ” ընկերության դիստրիբյուտերի աշխատանք: Բուժքույրի, հաշվապահի, դասախոսի և գործավարուհու մասնագիտություններին տիրապետող կինը դժգոհում էր իր այն կարգավիճակից: “Արդեն 10 տարի է գործազուրկ եմ և չունեմ հիմնական աշխատանք,-դժգոհեց մեզ հետ զրույցում:-Հիմնականում բանվորի, մատուցողուհու աշխատանքներ են առաջարկում այստեղ, որն ինձ համար չէ: Նախապատվությունը տալիս են երիտասարդներին, բայց ես կարող է ավելի շատ բան իմանամ, քան նորավարձը»: Աշխատանք փնտրողները տարբեր տարիքի էին: Ալավերդուց Լոռու մարզկենտրոն էր եկել անհատ ձեռներեց, գործատու Արթուր Հակոբյանը, ով առաջին անգամ էր նման եղանակով իր համար աշխատողներ փնտրում: Ի դեպ, վերջինս երկու աշխատանք էր առաջարկում, մեկը` ֆուրշետի դիզայների, մյուսը` վրացական խոհանոցի մասնագետ խոհարարի: Այս գործատուի համար տարիքային սահմանափակումներ չկան, ինչպես ինքը հաստատեց.«Ինձ համար կարևորը մասնագետ լինելն է»: Չնայած դժվար թե որեւէ գործատու վաթսունամյա, թեկուզ` մասնագետի, աշխատանքի ընդուներ: Հետաքրքիր մի աձնավորություն էլ, ով լրագրողների հարցերից խուսափում էր, խոստովանեց, որ ոչ թե աշխատանք գտնելու համար է եկել, այլ` ուղղակի փորձում է ձեռնոցներ վաճառել: Հետաքրքիր է` ինչպես է կառավարությունը պատրաստվում նվազեցնել գործազուրկների թիվը, եթե աշխատանքի տոնավաճառներին, ինչպես Վանաձորում եղավ, գործատուները հիմանականում դիզայներական գործունեությամբ կամ կոսմետիկայի տարածմամբ զբաղվել ցանկացողների համար էին աշխատանք առաջարկում: Իսկ Լոռու մարզում աշխատանք փնտրողների թիվը հասնում է մոտ 11 հազարի, Վանաձորում` 5370-ի: Գործազրկության միջին տարիքը 35-45-ն է, եւ մեծ թիվ են կազմում միայն միջնակարգ կրթություն ունեցող անձինք` 3068:
Քրիստինա Տեր-Մաթևոսյան

Դիտվել է 1281 անգամ:
Print Friendly

Leave a Reply