Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Ռումինիայի վարչապետ Էմիլ Բոկին

Պաշտոնական, Օրվա լուր | | September 23, 2011 17:52

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը սեպտեմբերի 22-ին հանդիպել է Ռումինիայի վարչապետ Էմիլ Բոկին: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը:

Ողջունելով վարչապետ Տիգրան Սարգսյանին` Էմիլ Բոկը նախ շնորհավորել է Հայաստանի կառավարության ղեկավարին անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ և նշել, որ հանդիպումը լավ առիթ է երկկողմ համագործակցության վերլուծության համար: Ռումինիայի վարչապետը կարևորել է այն ավանդական բարեկամական խոր կապերը և մարդկային արժեքավոր ներուժը, որ առկա են երկու ժողովուրդների միջև և որոնք ամուր հիմք են ստեղծում բոլոր ուղղություններով հարաբերությունների ամրապնդման համար:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել. «Իսկապես, Ռումինիայի հայկական համայնքը աշխարհի ամենահին հայկական համայնքներից է: 10-րդ դարից Ռումինիայում առկա էր հայկական համայնք: Մենք շնորհակալ ենք ձեր ժողովրդին, որ հայերի համար ստեղծել են այնպիսի պայմաններ, որոնց շնորհիվ մեր հայրենակիցները Ռումինիայում իրենց զգում են ինչպես տանը: Ռումինիայում այսօր տասնյակ հայկական եկեղեցիներ կան, հայկական համայնքը հնարավորություն ունի լիաթոք զբաղվել նաև մշակութային միջոցառումներով, տոնել ազգային, մշակութային տոներ: Այսօր մենք այցելել ենք եկեղեցի, թանգարան, ինչպես նաև կիրակնօրյա դպրոց: Հանդիպել ենք հայկական համայնքի ներկայացուցիչներին և նրանց հետ նշել Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակը: Ցանկանում եմ ձեզ շնորհակալություն հայտնել շնորհավորական խոսքերի համար և հիշեցնել, որ 20 տարի առաջ Ռումինիան առաջին երկիրն էր, որ ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը: Դրա մեջ թերևս ինչ որ մի խորհուրդ կա, որ հենց անկախության տոնի հաջորդ օրը Հայաստանի Հանրապետության վարչապետն այցելում է Ռումինիա»: Տիգրան Սարգսյանը նշել է, որ կա պատմական լավ հենք հայ-ռումինական հարաբերություներն ի շահ մեր ժողովուրդների ծառայեցնելու համար:
Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ռումինական հարաբերությունների իրավապայմանագրային դաշտի հարստացման խնդիրներին, ինչպես նաև համագործակցության հեռանկարներին՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, տրանսպորտի, գյուղատնտեսության, տուրիզմի զարգացման ոլորտներում: Երկուստեք կարևորվել է գործարարների միջև շփումների ակտիվացումը, ինչը հնարավորություն կտա գործարարներին ճանաչել երկու երկրների ընձեռած հնարավորությունները:
Կողմերը գոհունակություն են հայտնել սույն թվականի մարտի 10-ին Բուխարեստում կայացած միջկառավարական համատեղ հանձնաժողովի 3-րդ նիստի անցկացման կապակցությամբ: Առանձնակի կարևորվել են կրթական ու մշակութային կապերը, որտեղ արդեն կան շոշափելի արդյունքներ: Հայաստանի Հանրապետության վարչապետը գոհունակություն է հայտնել մի շարք ուղղություններով ծավալվող հայ-ռումինական սերտ համագործակցության կապակցությամբ:
Էմիլ Բոկը հավաստիացրել է, որ Ռումինիան պատրաստակամ է խորացնել երկխոսությունը Հայաստանի հետ բոլոր ուղղություններով, մասնավորապես հետաքրքրություն է հայտնել նաև քիմիայի, դեղագործության և օրգանիկ գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության ներուժն ամբողջությամբ իրացնելու առումով: Անդրադարձ է կատարվել ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում համագործակցության խորացման հնարավորություններին:
Տիգրան Սարգսյանը կարևորեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում Մինսկի խմբի համանախագահների ջանքերն ու այդ առումով նշեց, որ առանցքային է բոլոր պետությունների հավասարակշիռ և կառուցողական դիրքորոշումը խաղաղ կարգավորման վերաբերյալ: Ռումինական կողմը նշեց, որ աջակցում է խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների վրա և շեշտեց, որ աջակցում է Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:

 

 

Դիտվել է 1217 անգամ:
Print Friendly

Leave a Reply