Ժիրայր Դանիելյանի «Բանասիրության բավիղներուն մեջ» գրքի շնորհանդեսը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 23, 2011 17:49

Սեպտեմբերի  23-ին  Հայաստանի ազգային  գրադարանի նիստերի սրահում կայացավ  լիբանանահայ բանասեր, խմբագիր, հասարակական-կրթական գործիչ  Ժիրայր  Դանիելյանի  «Բանասիրության  բավիղներուն  մեջ»   գրքի շնորհանդեսը:  Հավաքվելու  ևս  մեկ  առիթ կար.   լրանում էր  պրն  Դանիելյանի ծննդյան  70- ամյակը:  Իրենց շնորհավորական  խոսքը  հղեցին  Ժիրայր  Դանիելյանին   գրողների  միության  նախագահ  Լևոն  Անանյանը, ակադեմիկոս Վլադիմիր  Բարխուդարյանը, պատմաբան  Հովհաննես Բադալյանը,  դրամատուրգ,  հրապարակախոս   Պերճ  Զեյթունցյանը և բանասիրական գիտությունների  դոկտոր, պրոֆեսոր  Վազգեն  Դանիելյանը:

Լևոն  Անանյանն  իր  շնորհավորական  խոսքում  ասաց,  որ  Ժիրայր  Դանիելյանը  շատ լուսավոր  հետքեր  է   թողել:  Խիստ  սակավաթիվ  մարդիկ  են  զբաղվում արտերկրի  մամուլի ու  գրականության  ուսումնասիրությամբ  և  կատարած  աշխատանքը  դարձնում  առանձնապես արժեքավոր,  հենց այդպիսի  մարդկանց   շարքն է   դասվում Ժիրայր  Դանիելյանը:

Ժիրայր  Դանիելյանը  բազմաբնույթ հոդվածների և մենագրությունների հեղինակ է: Նա հեղինակել է  հոդվածներ, գրական կենսագրություններ ու  գրական դիմանկարներ: Գրքերին զուգահեռ  «Հայկազյան հայագիտական հանդեսի» և «Շիրակի»  էջերում հրապարակում է մատենագիտական  հոդվածներ:

2005 թ.  Ժ. Դանիելյանը  մի խումբ գրողների հետ հիմնադրել է «Կամար»  գրական ամսագիրը, որի  պատասխանատու  խմբագիրն է այսօր: Նույն թվականին Մեծի տանն Կիլիկիո  կաթողիկոս  Արամ  Առաջինը Ժ. Դանիելյանին շնորհել է  «Մեսրոպ  Մաշտոց»  շքանշան և պատվել հատուկ  կոնդակով:

Երվանդ Տեր-Խաչատրյանի  խոսքերով.  «Ժ. Դանիելյանը ծանոթ և սիրված անուն է  Հայաստանում` իբրև սփյուռքի,  մասնավորապես`  Լիբանանի  հայ գրական և մշակութային  կյանքի երևելի դեմքերից մեկը, բայց և անծանոթ անուն է իբրև բանասեր:  Իսկ  այս ժողովածուն գալիս է լրացնելու այս  բացը:  Ես  վստահ եմ, որ  գրքում ամփոփված աշխատանքները մեծապես օգտակար են լինելու բանասիրության ուղին ոտք դրած ուսանողին»:

 

 

Դիտվել է 1101 անգամ:
Print Friendly

Leave a Reply