Երեւանի ոստիկանապետ. Սպանվածը ոչ մեկի տղան էլ չի, 2010-ին է ազատ արձակվել, դատված է նույնիսկ բանդիտիզմի հոդվածով
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | September 23, 2011 17:45
Մյասնիկյան պողոտայում, այսօր` սեպտեմբերի 23-ին, ոստիկանների կողմից ավազակախմբի վնասազերծման ժամանակ մահացածը նախկինում դատված է մի քանի անգամ, ոչ մի ղեկավարի երեխա չի: Այս մասինNEWS.am-ի թղակցի հետ զրույցում ասաց Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսիկ Նազարյանը:
Նրա խոսքով, մահացածը 49 տարեկան է, «ոչ մեկի տղան էլ չի , 2010 թվականին է ազատ արձակվել, դատված է նույնիսկ բանդիտիզմով»: Ինչ վերաբերում է ձերբակալվածներին, նա ասաց, որ երիտասարդներ են: «Կարող եմ հայտնել միայն, որ ավազակային հարձակում կատարող խումբ է վերցվել, խմբի ղեկավարը մահացել է` ժայռը մագլցելուց, երբ փորձել է փախչել: Երբ մեքենան ջարդվել է եւ չեն կարողացել մեքենայով փախչել, փախուստի դիմածներից երեքին մեր ջոկատայինները բռնել են: Մեկը չի հասցրել փախչել, ընկել է ներքեւ ու մահացել»,-նշել է նա, ավելացնելով, որ հայտնաբերվել է մեծ քանակի զենք զինամթերք, քննությունը տարվում է, մարդիկ կան դեռ, որ պետք է վնասազերծվեն:
Ինչ վերաբերվում է նրանց բարձրաստիճան պաշտոնյաների որդիներ լինելուն, Նազարյանն ասել է. «Նախնական ինֆորմացիաներ են: Կոնկրետ որեւէ բան չկա, պետք չի շահարկել նման անուններ, քննության ընթացքում կպարզվի ամեն ինչ եւ էսօր էդ գործի շահը պահանջում է ավելորդ մեկնաբանություններ չանել, դեռ պաշտոնական ոչ մի բան չկա, միայն նա, որ վերցվել է ավազակային խումբ, որոնք կասկածվում են շատ ավազակային հարձակումների մեջ, ինչպես նաեւ վերջին խոշոր հանցագործությունների»:
Նազարյանը նշել է, որ դեռ մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են որոնողական աշխատանքները: Նշենք, որ ավազակախմբի վնասազերծման գործողությունն իրականացվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից: Այն իրականացվել է մի քանի ուղղություններով, որի արդյունքում, ավազակախմբի անդամ լինելու մեջ կասկածվողները բռնել են: Ձերբակալվածների մեջ շրջանառվում են ՀՔԾ պետի տեղակալ Մարսել Մաթեւոսյանի որդու, ՊՆ քննչական վարչության բարձրաստիճան մի քննիչի որդու անունները:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մյասնիկյան պողոտայում ոստիկանների կողմից ծանր հանցագործությունների մեջ կասկածվող ավազակախմբին վնասազերծելու գործողության ժամանակ մարդ է մահացել: NEWS.am-ի ոստիկանությունում ունեցած աղբյուրների փոխանցմամբ, ենթադրվում է որ խոսքն այն ավազակախմբի մասին է, որը կապ ունի բարձրաստիճան պաշտոնյաների բնակարաններում վերջին շրջանի ամենաաղմկահարույց ավազակային հարձակումների հետ: Մասնավորապես, ըստ տեղեկությունների, այս ավազակախմբի հետ է կապվում այս տարվա հունիսի սկզբին «Լինսի» հիմնադրամի ճանապարհաշինության ԾԻԳ-ի նախկին տնօրեն, «Երեւանճանապարհշին» ՍՊԸ-ի փոխտնօրեն 55-ամյա Էդուարդ Բեզոյանի տան վրա ավազակային հարձակումը: Նույն ձեռագրով է կատարվել նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի բնակարանի վրա ավազակային հարձակումը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ արդեն մի քանի ժամ է, որ ոստիկանները փակել են Մյասնիկյան պողոտան եւ ստուգում են անցնող բոլոր մեքենաները: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ նշված տարածքում ծանր հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձանց վնասազերծելու գործողությունն է ընթանում։






Facebook
Tweet This
Email This Post
