Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Բուխարեստի Հայոց կենտրոն

Պաշտոնական, Օրվա լուր | | September 23, 2011 16:47

Ռումինիայի Հանրապետություն կատարած ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի այցը մեկնարկել է Բուխարեստի Հայոց կենտրոն այցելությամբ: Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավարին դիմավորեցին Ռումանահայոց թեմի առաջնորդ Տաթև վրդ. Հակոբյանը, Ռումանահայոց միության փոխնախագահ, Խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը, համայնքային հոգևոր և աշխարհիկ կառույցների այլ ղեկավարներ, գործարարներ և մտավորականներ, համայնքի անդամներ:

Դիմավորման ողջույնի խոսքերից հետո վարչապետը շրջել է կենտրոնում, եղել Սբ Հրեշտակապետաց Հայոց Մայր եկեղեցում, Դուդյան Մշակույթի տանը, Հայոց թանգարանում: Կառավարության ղեկավարն այցելել է Ռոմանահայոց միության կառույցներ` «Արարատ» և «Նոր Կյանք» հանդեսներ, «Արարատ» հրատարակչություն, միօրյա դպրոց: Այնուհետև մշակույթի տան սրահում վարչապետի ելույթ է ունեցել ներկաների առջև`շնորհավորելով նրանց Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ: Գործադիրի ղեկավարը նշել է, որ անկախ պետականության կայացման մեջ իր նշանակալի ավանդն է ներդրել նաև հայ սփյուռքը: Տիգրան Սարգսյանը կարևորել է այն վիթխարի դերը, որ դարեր շարունակ խաղացել է ռումինահայ գաղութը` Հարավ-արևելյան Եվրոպայում հայ ինքնության պահպանման ուղղությամբ: Անդրադառնալով անկախության 20-րդ տարդարձի խորհրդին՝ վարչապետն ասել է. «20 տարի է ինչ հայ ժողովուրդն ունի անկախ պետություն և ինքնուրույն է տնօրինում իր ներկան ու կերտում ապագան: Ասուհետև մենք ենք պատասխանատու մեր ազգի ճակատագրի համար, մեր գործողություններով, մեր որոշումներով, այլ ազգերի պես ունենք անկախ պետություն, որն այլ պետությունների հետ միասին համաշխարհային պատմության մեջ պետք է թողնի իր հետքը»: Վարչապետը շեշտել է, որ Հայաստանի Հանրապետությունը առավել հզորանում է սփյուռքի հետ միասնականության շնորհիվ:
Հանդիպման ավարտին վարչապետը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը Ռումինիայում էր գտնվում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի բյուրոյի ընդլայնված նիստին և Եվրոպական գաղափարների ցանցի ամառային համալսարանի աշխատանքներին մասնակցելու նպատակով:
Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում են եղել ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Ռումինիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Դիտվել է 1747 անգամ:
Print Friendly

Leave a Reply