Վերաքննիչ քրեական դատարանի նախագահը հերքում է, որ իր որդին կապ ունի որեւէ ավազակախմբի հետ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 23, 2011 15:28

Քիչ առաջ NEWS.am-ի խմբագրություն զանգահարեց Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը, ով կտրականապես հերքեց, որ իր որդին եղել է այսօր` սեպտեմբերի 23-ին ոստիկանական հատուկ գործողության արդյունքում ձերբակալվածների մեջ: «Իմ տղան հենց հիմա տանը նստած է եւ քննությունների է պատրաստվում: Իմ տղան բացարձակ կապ չունի այս դեպքի հետ»,- նշեց վերաքննիչ դատարանի նախագահը:

Նշենք, որ ավազակախմբի վնասազերծման գործողությունն իրականացվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից: Այն իրականացվել է մի քանի ուղղություններով, որի արդյունքում, ավազակախմբի անդամներին բռնել են: Ձերբակալվածների մեջ շրջանառվում են ՀՔԾ պետի տեղակալ Մարսել Մաթեւոսյանի որդու, ՊՆ քննչական վարչության բարձրաստիճան մի քննիչի որդու անունները: Հայտնի է, որ գործողության արդյունքում մահացել է երկու մարդ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մյասնիկյան պողոտայում ոստիկանների կողմից ծանր հանցագործությունների մեջ կասկածվող ավազակախմբին վնասազերծելու գործողության ժամանակ մարդ է մահացել: Արդեն հայտնի է, որ ոստիկանները հետապնդել են հանցագործներին, որոնց կարողացել են լոկալիզացնել մինչեւ գազանանոց ընկած հատվածում: Հանցագործներից մեկը փորձել է Mercedes մակնիշի 60 ՕՕ 086 մեքենայով փախչել, սակայն շրջվել է ժայռից եւ տեղում մահացել: Ի դեպ, ոստիկանները մեքենայից հրազեն են հայտնաբերել:Նախնական տեղեկություններով, մահացածը 30-35 տարեկան տղամարդ է, անունը Սերոբ:

NEWS.am-ի ոստիկանությունում ունեցած աղբյուրների փոխանցմամբ, ենթադրվում է որ խոսքն այն ավազակախմբի մասին է, որը կապ ունի բարձրաստիճան պաշտոնյաների բնակարաններում վերջին շրջանի ամենաաղմկահարույց ավազակային հարձակումների հետ:

Մասնավորապես, ըստ տեղեկությունների, այս ավազակախմբի հետ է կապվում այս տարվա հունիսի սկզբին «Լինսի» հիմնադրամի ճանապարհաշինության ԾԻԳ-ի նախկին տնօրեն, «Երեւանճանապարհշին» ՍՊԸ-ի փոխտնօրեն 55-ամյա Էդուարդ Բեզոյանի տան վրա ավազակային հարձակումը:  Նույն ձեռագրով է կատարվել նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի բնակարանի վրա ավազակային հարձակումը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ արդեն մի քանի ժամ է, որ ոստիկանները փակել են Մյասնիկյան պողոտան եւ ստուգում են անցնող բոլոր մեքենաները: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ նշված տարածքում ծանր հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձանց վնասազերծելու գործողությունն է ընթանում։

 

Դիտվել է 1022 անգամ:
Print Friendly

Leave a Reply