Ամերիկյան հեղինակավոր կազմակերպությունը պարգևատրել է ՀՀ նախագահին

Պաշտոնական, Օրվա լուր | | September 23, 2011 15:03

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ԱՄՆ աշխատանքային այցի առաջին կանգառը Հուդզոն գետի գետաբերանում գտնվող Էլիս կղզին էր: Այստեղ ՀՀ նախագահը ԱՄՆ Կազմակերպությունների ազգային էթնիկական կոալիցիայի (ԿԱԷԿ, National Ethnic Coalition of Organizations, NECO) կողմից պարգևատրվեց «Էլիս այլընդ» պատվո մեդալով:
Այս մասին հաղորդում է ԱՄՆ-ում Panorama.am-ի թղթակիցը:

Հայտնի Ազատության կղզուց ընդամենը 400 մետր հեռավորության վրա գտնվող և 11 հա տարածք զբաղեցնող փոքրիկ կղզին 19-րդ դարի վերջից սկսած առաջին կանգառ էր նաև ԱՄՆ ներգաղթող միլիոնավոր մարդկանց համար: Մեծ եղեռնի տարիներին այստեղով են ԱՄՆ մուտք գործել նաև թուրքական յաթաղանից փրկված շուրջ իննսունհինգ հազար հայեր:

Նրանք էլ ընդգրկված են այն 12 մլն մարդկանց ցանկում, ովքեր անցնելով Էլիս կղզու ներգաղթյալների ընդունման կետով, հետագայում ամերիկյան բազմազգ հասարակության մասն են կազմել ու նպասել այդ երկրի ազգային-մշակութային բազմազանությանը, որը ԿԱԷԿ-ի վստահեցմամբ իրենց երկրի հզորության կարևորագույն հիմքն է:

Ներգաղթյալների ընդունման կետն Էլիս կղզում փակվել է 1954 թվականին, իսկ արդեն 1976-ից այստեղ գործում է Ներգաղթի թանգարանը: Մեր օրերում թանգարանում առանձին ցուցադրություն է նվիրված 1915 թվականի Հայոց ցեղասպանությանն ու այս կղզիով ԱՄՆ ներգաղթած հայերին:

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է  Էլիս կղզի՝ Ներգաղթի թանգարան ու Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցադրությանը, և գրառում կատարել Պատվո հյուրերի գրքում:

Հենց այստեղ էլ, ընդունված ավանդույթի համաձայն, ՀՀ նախագահին հանձնվել է ԿԱԷԿ-ի «Էլիս այլընդ» պատվո մեդալը: Մեդալի գոյության 25 տարիների ընթացքում դրանով պարգևատրվածների թիվն անցնում է հազարից, որոնց թվում ԱՄՆ 6 նախագահներ, տասնյակ պետքարտուղարներ, սենատորներ, կոնգրեսմեններ, Նոբելյան մրցանակակիրներ ու արվեստագետներ, մարզիկներ ու ձեռնարկատերեր:

Օտար երկրի առաջին ղեկավարը, ով նման պատվի է արժանանում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է: Ինչպես իր խոսքում նշեց ԿԱԷԿ նախագահ Նասեր Քազեմին, իրենց որոշումը պայմանավորված է եղել հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում ՀՀ նախագահի ունեցած ներդրման, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործին նրա նվիրումի համար:

Նշելով, որ ՀՀ նախագահի այցելությունը, հատկապես ՀՀ անկախության 20-ամյա հոբելյանի տոնակատարության օրերին, պատմական իրադարձություն է, Նասեր Քազեմին ասել է. «Սերժ Սարգսյանն առաջին օտար նախագահն է, որ այս պատվին արժանանում է: Սա մարդ է, ով հանուն իր երկրի պայքարել է, ում ազատ և ծաղկուն Հայաստանի տեսլականը վայելում է ամերիկյան կառավարության ու աշխարհի կառավարությունների աջակցությունը: Ամենակարևորը՝ նա խաղաղության ու հանդուրժողականության երկխոսություն ծավալեց հարևանների հետ՝ իր ժողովրդին առավելագույնս մոտեցնելով խաղաղության: Պարոն նախագահ, այն ամենի շնորհիվ, ինչ Դուք արել եք Ձեր երկրի և հայ-ամերիկյան հարաբերությունների համար, պատմությունը Ձեզ մեծ հարգանքով կհիշի»:

Իր հերթին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել պարգևի համար և նշել. «Օսմանյան կայսրության տարիներին իրականացրած ցեղասպանությունից հետո տասնյակ հազարավոր հայեր, անցնելով Էլիսով, հնարավորություն ստացան ԱՄՆ-ում աշխատելու և զարգանալու: Նրանց ճնշող մեծամասնությունն այդ հնարավորությունը լավ օգտագործելով՝ դարձան ԱՄՆ արժանավոր քաղաքացիներ: Մենք երախտապարտ ենք ԱՄՆ-ին այդ հնարավորության համար և հպարտ մեր հայրենակիցներով, ովքեր պրում են ԱՄՆ-ում»:

Պարգևատրումից հետո, ի պատիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ընդունելություն էր, որը ևս կազմակերպել էր ԿԱԷԿ-ը:

 

Դիտվել է 915 անգամ:
Print Friendly

Leave a Reply