Արցախի Տող գյուղը կդառնա զբոսավայր

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | June 8, 2009 13:30

togh-gyux-1Արցախի մելիքական Տող գյուղը, որ հայտնի է իր պատմական արժեքներով, կդառնա զբոսաշրջավայր: Գյուղի կենտրոնական թաղամասը կառուցվել է 18-19-րդ դարերում: Այստեղ պահպանվել են քաղաքաշինական կառույցներ, որոնցից առավել հայտնի է Եգանյանների մելիքական ապարանքը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը` դեռևս անցյալ տարի վարչությունը որոշում է կայացրել` 2009թ.-ին սկսելու Արցախի մելիքական ապարանքների վերականգնման աշխատանքները, որոնցում ներառված է նաև Եգանյանների ապարանքը:

Ապարանքները, ըստ Շահվերդյանի, մեծ նշանակություն ունեն ոչ միայն հայ ժողովրդի այս հատվածի հերոսական պատմությունը վեր հանելու, այլև զբոսաշրջության զարգացման առումով: Մելիքական ապարանքների վերականգնումով հնարավորություն կստեղծվի նոր երթուղի բացել դեպի Հադրութի հարավային շրջանները, այդտեղից նաև` Արաքս գետի հովիտը, որը բավական հետաքրքրական կլինի զբոսաշրջիկների համար:

Արդեն մի քանի օր է` հնագետ Գարիկ Սարգսյանի ղեկավարությամբ Տողի ապարանքի տարածքում պեղումներ են կատարվում: Ուսումնասիրությունների առաջին իսկ օրերին հնագիտական արշավախմբին հաջողվել է բացել մելիքական ապարանքի գլխատան կառույցը, որը մեծ շինություն է եւ մելիքների համար ծառայել է իբրև ընդունարան: Մասնագետների համոզմամբ` հողի տակ թաքնված են այլ շինություններ ևս:

Պեղումներից հետո կսկսվի նախագծանախահաշվային աշխատանքների փուլը, ապա` ապարանքի վերականգնումը: Նախատեսվում է ապագայում այստեղ հիմնել գորգերի թանգարան, հյուրանոց, եւ գյուղն ընդգրկել զբոսաշրջային երթուղիներում:

Դիտվել է 1843 անգամ:
Print Friendly

Leave a Reply