WikiLeaks. «Նախիջեւանի խանը» աննախադեպ ձերբակալություններ է իրականացրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 23, 2011 14:55

Անցյալ տարվա հունվարին Նախիջեւանի Ջուլֆա շրջանի Բանանյար գյուղում Աշուրայի կրոնական միջոցառման ժամանակ Նախիջեւանի ոստիկանությունը աննախադեպ ձերբակալություններ է իրականացրել, դրանց մասին արձանագրվում է WikiLeaks-ի գաղտնի փաստաթղթերից մեկում: Միջոցառման կազմակերպիչները դաժան հետապնդումների էին ենթարկվել Նախիջեւանի իշխանությունների կողմից:

Փաստաթղթում նշվում է, որ Բաքվում Արեւմտյան երկրների դեսպանությունների ներկայացուցիչներից բաղկացած անձնակազմը դրությունը ուսումնասիրելու համար ուղեւորվել է Բանանյար գյուղ, սակայն տեղի հատուկ ծառայության մարմինների կողմից հարձակման է ենթարկվել: Հայտնի է, որ դիվանագիտական անձեռնամխելիություն ունեցող անձանց հանդեպ հարձակումը դարձել է սուր քննարկումների առարկա Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի եւ հունվարի 15-ին Բաքու այցելած ԱՄՆ պետքարտուղարի` Եվրասիայի էներգետիկ հարցերով հատուկ ներկայացուցչի տեղակալ Ռիչարդ Մորնինգսթարի միջեւ: Նրանց հանդիպմանը մասնակցել են նաեւ ամերիկյան դեսպանության ներկայացուցիչները եւ Ադրբեջանի փոխարտգործնախարար Վագիֆ Սադիգովը: Վերջինս ամերիկյան ներկայացուցիչներին ասել է, որ այցից առաջ դեսպանները պետք է կապ հաստատեին Ադրբեջանի ԱԳՆ-ի, ոչ թե ՆԻՀ-ի տեղական կառույցների հետ: Իսկ Էլմար Մամեդյարովը մեղադրել է նախիջեւանյան մարմիններին տեղի ունեցածի մեջ:

Սակայն միաժամանակ արտգործնախարարը իր դժգոհությունն է արտահայտել, որ արեւմտյան մամուլը խիստ գնահատականներ է տվել միջադեպի կապակցությամբ եւ ներկայացրել, որ Ադրբեջանը չի կարողանում ապահովել օտարերկրյա դիվանագետների անվտանգությունը: Մամեդյարովը Արեւմուտքի դիվանագետներին մեղադրել է «Երկու իրանցի մոլլայի կողմից կազմակերպված խռովություններին  սատարելու մեջ»:

Միջադեպի կապակցությամբ արեւմտյան դիվանագետները հանդիպել են նաեւ նախագահի ադմինիստրացիայի իրավապահ մարմինների հարցով մասնաճյուղի ղեկավար Ֆուադ Ալեսկերովի հետ: Վերջինս դիվանագետների ներկայացրած փաստերի կապակցությամբ նշել է, որ ինքը անտեղյակ է եղել այդ միջադեպի մասին: «Մեր ԱԳՆ-ն 100 տոկոսով մեղավոր է: Նրանք չեն համակարգել գործողությունները Նախիջեւանի իշխանությունների հետ: Աշուրայի սգո միջոցառումը կազմակերպել էին Իրանից եկած երկու մոլլաները»,-հայտնել է Ալեսկերովը:

Մեկ այլ հաղորդագրություն կապված է Բանանյարի դեպքերի առնչությամբ Բաքվում ԵԱՀԿ դեսպան Ալի Բիլգա Չանկորելիի եւ Նախիջեւանի ինքնավար հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Վասիֆ Թալիբովի հանդիպման հետ, որը տեղի է ունեցել 2010 թվի հունվարի 28-ին եւ 29-ին: Հանդիպումից հետո Չանկորելին հաղորդագրություն է ուղարկել ԱՄՆ դեսպանությանը: Նա հայտնում է, որ Թալիբովը ժխտում է Բանանյար գյուղում մասսայական բռնաճնշումների եւ ձերբակալությունների մասին տեղեկությունները: «Ի՞նչ ձերբակալություններ, ո՞ւմ են բռնել, որտե՞ղ են բռնել, ես ոչնչից տեղյակ չեմ», ասել է «Նախիջեւանի խանը»: Իսկ դիվանագետների վրա կատարված հարձակման կապակցությամբ նա ափսոսանք է հայտնել եւ նշել, որ «հարձակվողները խուլիգաններ են եղել»:

 

NEWS.am

 

Դիտվել է 804 անգամ:
Print Friendly

Leave a Reply