ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ֆուտբոլի և քաղաքական իր անելիքների մասին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 23, 2011 15:35

Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նիստերի դահլիճում զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին հանդիպեց ՀՖՖ նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը: Խոսակցության թեման ոչ միայն ֆուտբոլն էր, այլև այն ամենը, ինչ առնչվում է Հայրապետյանի հետ: Բանախոսը սկզբում անդրադարձավ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում տպավորիչ մրցելույթներ ունեցող Հայաստանի ազգային հավաքականի խմբից դուրս գալու հնարավորություններին: «Մենք ունենք այնպիսի հավաքական, որը մտնում է խաղադաշտ միայն հաղթելու համար: Թիմում այն տղաներն են, որոնք մի րոպե գլուխ չեն պահում: Խաղում են իրենց ուժերի առավելագույն հնարավորություններով: Խնդիր է դրված առաջիկա երկու խաղերում հաղթանակ տանել: Իմ երազանքն է հավաքականին տեսնել Ուկրաինայում և Լեհաստանում կայանալիք Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում: Անելու ենք ամեն ինչ, որ  հաջողության հասնենք: Բայց ֆուտբոլը խաղ է, կարող է ինչ-որ բան եւ չստացվի»,- ասաց Հայրապետյանը: Նա նաև նշեց, որ ներկայիս թիմի ֆուտբոլիստներին պարգևատրումը չի հետաքրքրում, քանի որ նրանք ծնվել և մեծացել են ակախ պետությունում և նոր մտածելակերպ ունեն: «Իհարկե հաճելի է երբ գնահատվում ես: Ես ասել եմ, որ ստանալու են իրենց արժանի պարգևը: Իմ կարծիքով, ամենամեծ պարգևը ժողովրդի գնահատականն է»,-հայտարարեց ՀՖՖ նախագահը: Իսկ երբ հիշեցրին, որ հաջողության դեպքում հավաքականի ֆուտբոլիստներին նա 3 մլն եվրո է խոստացել և  հարց ուղղվեց, թև  որտեղի՞ց է տրվելու այդ փողը, Հայրապետյանը խուսափողական պատասխան տվեց, նշելով, որ երբ ժամանակը գա, ամեն բան կպարզվի:

Առաջիկայում Հայաստանի հավաքականը Երևանում հյուրընկալելու է Մակեդոնիայի ներկայացուցիչներին, և հնարավոր է տոմսերի մեծ պահանջարկ առաջանա, վերավաճառք կատարվի: Հայրապետյանը հայտնեց, որ դա իր գործը չէ, դրանով զբաղվող մարմիններ կան: Իսկ ի պատասխան ռուսական մամուլում տարածված այն լուրի, թե բանակցություններ են վարվում, որպեսզի Հայաստանի որևէ ակումբ մասնակցի Ռուսաստանի առաջնությանը, Հայրապետյանը հայտնեց, որ այդպիսի բաների հավաստիությանը կարելի է վստահել, երբ ինքն է ասում: Իսկ իրականությունն այն է, որ ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին օրերս կայացած ՈւԵՖԱ-ի գործկոմի ընդլայնված նիստում առաջարկել է ծրագիր, ըստ որի փոքր երկրները կարող են 1-2 թիմով մասնակցել ֆուտբոլային մեծ առաջնություններ ունեցող երկրների ստուգատեսներին:

Հարց հնչեց նաև, թե Հայրապետյանը ինչու ներկայումս չի հարաժարվում ԱԺ պատգամավորի մանդատից: «Ձեզ տենցա պետք, ապա հենց էս պահին կհրաժարվեմ: Ավելի լուրջ ասեմ, մի քանի ամիս է մնացել, չարժի, որ հիմա հրաժարվեմ, պետությանը ծախսի տակ գցեմ: Ամեն ընտրություն, դա ծախս է»,- պարզաբանեց պատգամավորը:

«Անկախ»-ի այն հարցերին, թե  ինչու ռուսական «Ուրալի» խաղացող Դենիս Թումասյանը չի արձագանքել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հրավերին, հոլանդական «Այաքսի» խաղացող Արազ Օզբիլիսը հնարավո՞ր է համալրի մեր ընտրանու կազմը, Հայարապետյանն ասաց, որ այն մարդը, ով չի ցանկանում հանդես գալ հավաքականում, պետք չի նրան համոզել, բերել: Թե ինչու Թումասյանը չի եկել, պետք է նրան հարցնել: Հայրապետյանը վստահեցրեց, որ Թումասյանն ընդհանրապես հայ էլ չի, միայն ազգանունն է հայկական: «Քանի դեռ ես նախագահ եմ, նա չի լինելու հավաքականում: Արազ Օզբիլիսը ցանկություն ունի, բայց ցավոք վնասվածք ստացավ»,-ասաց նա:

Վերջում հարց հնչեց, որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը իշխանության գա, ապա հնարավոր է,  որ Հայրապետյանը շարունակի աշխատել: ՀՖՖ նախագահը հայտնեց, որ ժողովրդից ներողություն կխնդրի և անմիջապես հրաժարական կտա:

Դիտվել է 870 անգամ:
Print Friendly

Leave a Reply