Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն ՌԴ-ում

Պաշտոնական, Օրվա լուր | | September 23, 2011 14:40

Սեպտեմբերի 21-ին Մոսկվայի «Ռենեսանս Մոնարխ» հյուրանոցային համալիրի շքասրահում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն:

 

Միջոցառմանը ներկա էին ՌԴ նախագահի աշխատակազմի, կառավարության, արտաքին գործերի նախարարության պաշտոնատար անձինք, ՌԴ Պետական Դումայի անդամներ, Անվտանգության խորհրդի ներկայացուցիչներ: Հանդիսությանը մասնակցել են նաեւ ՌԴ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, տարածաշրջանային եւ միջազգային կառույցների,  ռուսաստանյան եւ հայաստանյան առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ, գիտության ու մշակույթի հայտնի գործիչներ, ինչպես նաեւ Ռուսաստանի հայ համայնքի անդամներ:

ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանն իր ողջույնի խոսքում նշել է. «Ուղիղ 20 տարի առաջ հռչակած անկախությունը հայ ժողովրդի բազմամյա երազանքի քաղաքական դրսեւորումն է եւ այն պատմական կամրջի հիմնասյունը, որը կապում է հայ ժողովրդի անցյալը, ներկան եւ ապագան: Չնայած գոյություն ունեցող օբյեկտիվ եւ սուբյեկտիվ խոչընդոտների, այսօր Հայաստանը վստահաբար առաջ է շարժվում իր ընտրած ուղիով՝ արձանագրելով նշանակալի հաջողություններ բոլոր բնագավառներում: Հայաստանը այն պետությունն է, որը դրսեւորում է արտահայտված ձգտում դեպի ժողովրդավարական առաջընթաց եւ միջազգային ինտեգրում»:

Երեկոյին ելույթով հանդես է եկել նաեւ ՌԴ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը, ով իր խոսքում անդրադարձել է ռուս-հայկական հարաբերությունների առանցքային հարցերին եւ կարեւորել երկու ժողովուրդների միջեւ դարերի ընթացքում ամրապնդված վստահությունն ու բարեկամությունը:

Տոնական երեկոն ուղեկցվել է հայկական պարային համույթների ելույթներով եւ Ռուսաստանում գործող անվանի հայ նկարիչների աշխատանքների ցուցահանդեսով:

 

 

 

 

Դիտվել է 856 անգամ:
Print Friendly

Leave a Reply