Ընտանեկան բռնության զոհերը. կանանցից մեկը հաղթահարեց, իսկ մյուսը` ոչ

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Իրավունք, Շաբաթվա լուր | | September 23, 2011 14:52

Ներկայացնում ենք երկու կնոջ պատմություն. երկուսն էլ ամուսնացել են դեռահաս տարիքում` ծնողների դրդմամբ, և երկուսին էլ բաժին է հասել բռնարար ամուսնու հետ ապրելու ճակատագիր: Սակայն նրանցից մեկին տարիներ անց հաջողվել է վերադասավորել իր կյանքը, իսկ մյուսն այդպես էլ շարունակում է համակերպվել ու տառապել` նոր կյանք սկսելու ելքը չգտնելով:

«Պարզեցի, որ ամուսինս դավաճանում է ինձ նաև  մորս հետ»

Պատմում է 35-ամյա մի կին

«Ամուսնացել եմ 16 տարեկան հասակում` մորս նախաձեռնությամբ և համարյա չճանաչելով ապագա ամուսնուս: Ամուսնությունից հետո կարճ ժամանակ համեմատաբար հաշտ էինք պարում: Հետո ամուսինս սկսեց անհիմն խանդի պատճառով սահմանափակել իմ իրավունքները, արգելեց աշխատել: Որոշ ժամանակ անց իմացա, որ դավաճանում է ինձ:

Առաջնեկս ֆիզիկապես թույլ ծնվեց, իսկ հետագայում հաշմանդամության կարգ ստացավ: Ստիպված էի հանդուրժել ամուսնուս դավաճանությունը, ծեծը, քանի որ ծնողներս հրաժարվում էին որևէ կերպ աջակցել ինձ:

Ամուսնությունից մոտ երեք տարի անց պարզեցի, որ ամուսինս դավաճանում է ինձ նաև  մորս հետ: Դա մեծ հարված էր ինձ համար, ես հայտնվել էի ճգնաժամային հոգեվիճակում և ցանկանում էի կապերս խզել թե´ ամուսնուս, թե´ մորս հետ: Բայց նրանք ներողություն խնդրեցին, հավատացրին, որ ընդամենը մեկ անգամ են սեռական հարաբերություն ունեցել:

Ի վերջո որոշեցի վերադառնալ ամուսնուս մոտ և ոչ ոքի չասել պատահածի մասին, քանի որ ամաչում էի, վախենոււմ խայտառակությունից: Հետագայում պարզվեց, որ մորաքույրներս ու հայրս նույնպես տեղյակ են եղել դրա մասին, բայց չեն համարձակվել պատմել ինձ:

Իմ ամուսնական կյանքը շարունակվում էր սուր կոնֆլիկտային պայմաններում մնալ. ամուսինս առաջվա պես դավաճանում էր ինձ, ծեծի ենթարկում:

Հետո նա տնից հեռացավ ու գնաց ուրիշ կնոջ մոտ: Ես վերցրի երեխաներիս ու վերադարձա հայրական տուն, բայց այնտեղ հասկացա, որ ամուսնուս ու մորս ինտիմ հարաբերությունները շարունակվում են:

Որոշ ժամանակ անց պատահաբար ծանոթացա մի երիտասարդի հետ: Մի քանի անգամ հանդիպեցինք, բայց մայրս այդ մասին տեղյակ պահեց ամուսնուս: Վերջինս ինձ բռնի ուժով տարավ իր տուն և արգելեց ընդհանրապես տնից դուրս գալ: Ամեն երեկո գալիս էր տուն, հիշեցնում, որ ուրիշ տղամարդու հետ եմ հանդիպել և նորից ծեծում էր:

Այլևս չկարողանալով դիմանալ այդ վերաբերմունքին` գաղտնի հավաքեցի անհրաժեշտ իրերն ու փաստաթղթերը, թաքցրեցի, մի օր էլ, երբ տանը մարդ չկար, տաքսի կանչեցի ու հեռացա տնից:

Գնացի հորս տուն: Հաստատ որոշել էի ամուսնալուծվել, բայց ամենածանրն այն էր, որ հայրս թաքցրել էր անձնագիրս, որպեսզի չկարողանամ դատարան գնալ և ուրիշ ելք չգտնելով` վերադառնամ բռնարար ամուսնուս մոտ: Ստիպված էի վերադառնալ, որովհետև հորս տանը ևս չէի կարող ապրել:

 

«Գիշերը ստանում էր իրենը ու խռմփացնում, իսկ ես լաց էի լինում ու անիծում բախտս»

Պատմում է 55-ամյա մի կին

«15 տարեկան էի, երբ հայրս ինձ արգելեց ուսումս շարունակել: Բարձրահասակ, գեղեցկադեմ, զվարթ աղջիկ էի: Իհարկե, կցանկայի որ դպրոցական անհոգ տարիները շարունակվեին, բայց քանի որ սովորել այնքան էլ չէի սիրում, չառարկեցի հորս: Սկսեցի զբաղվել տնային գործերով, խնամում էի քույրերիս և եղբայրներիս:

Մի օր էլ հարևան գյուղից հորեղբորս հարևանը խնամախոս եկավ մեր տուն: Հորեղբայրս հորս համոզում էր ինձ ամուսնացնել: Ասում էր, որ լավ մարդիկ են, նյութապես ապահովված: Հենց առաջին հայացքից այդ տղային չհավանեցի: Նա տգեղ էր, ինձանից ցածրահասակ, հատկապես աչքերն ինձ դուր չեկան. մի տեսակ հանցագործի հայացք ուներ: Ես ուրիշին էի սիրում, նա էլ` ինձ, բայց խորթ մայրս հորս համոզեց, և հայրս տվեց իր համաձայնությունը: Իմ կարծիքը հարցնող էլ չեղավ:

Ինձ նշանեցին և նույն օրն էլ հյուր տարան իրենց տուն: Ես կարծում էի, թե մի երկու օրից կվերադառնամ, բայց նա և իր մայրը կազմակերպեցին մեր առաջին գիշերը: Նա բռնությամբ տիրեց ինձ:

Մեկ տարի անց ծնվեց առաջնեկս, հաջորդ տարին` երկրորդ տղաս: Երեք տարի անց ծնվեց նաև դուստրս: Ամուսինս միշտ կոպիտ էր վերաբերվում ինձ, արգելում էր հարազատներիս հետ հանդիպել: Տարիներով չէի տեսնում հորս, կարոտում էի եղբայրներիս ու քույրերիս: Մեծացնում էի երեխաներիս ու կուլ տալիս վիրավորանքներն ու հալածանքները, հանդուրժում բռնի սեռական հարաբերությունները: Ուրիշ ճար չունեի, ո՞ւր գնայի, խորթ մորս մո՞տ: Ո՞վ ինձ կընդուներ: Իսկ երբ հանդիպում էի հորս ու պատմում իմ վիճակի մասին, ասում էր` ոչինչ, տղամարդ է, պետք է ենթարկվեմ:

Հարևանուհիներիցս մեկը մի օր ամուսնուս տեսել էր անբարոյական կնոջ հետ: Ինքն անբարո կյանքով էր ապրում, բայց գալիս էր տուն ու անտեղի ինձ մեղադրում, այնինչ ես տնային կալանքի մեջ էի, անգամ առևտուր անելու դուրս չէի գալիս: Առավոտից իրիկուն զբաղված էի առօրյա հոգսերով ու երեխաների դաստիարակությամբ: Ամեն ինչ տեղը տեղին հասցնում էի` միշտ ճաշը պատրաստ էր, ինքն ու երեխաները` կոկիկ հագնված: Իսկ երեկոյան ինձ բաժին էին հասնում կշտամբանքներն ու ծեծը, հետո գիշերը ստանում էր իրենը ու խռմփացնում, իսկ ես լաց էի լինում ու անիծում բախտս:

Մի անգամ, երբ քրոջս գյուղի վանքում ուխտագնացության օր էր, խնդրեցի, որ մենք էլ գնանք, մոմ վառենք: Զարմացա, որ համաձայնեց: Ասաց, որ եթե հինգ րոպեից պատրաստ չլինենք, կփոշմանի: Այնքան ուրախ էի, որ թեկուզ կարճ ժամանակով կհայտնվեմ մարդկանց շրջապատում:

Այնտեղ հանդիպեցի քույրերիս ու եղբորս, նրանց հրավիրեցի մեր տուն: Վերջապես մի օր ես ինձ ուրախ ու երջանիկ էի զգում, բայց, ավաղ, դա կարճ տևեց: Ավտոմեքենայում նրա կողքին էի նստած: Չհասկացա, թե ո՞ր ասածս դուրը չեկավ, մեկ էլ դանակը հանեց, սպառնաց: Ես ձեռքով պաշտպանվեցի և խոր կտրվածք ստացա: Քույրերս ու եղբայրս վախեցան, բղավեցին, բայց ես խնդրեցի, որ լռեն, համոզեցի, թե դատարկ բան է, պետք չէ անհանգստանալ: Այդպես էլ չհասկացա, թե ինչու էի արժանացել ամուսնուս այդչափ ատելությանը:

Ի վերջո որոշեցի բաժանվել նրանից: Դատարանում լսվում էր մեր ապահարզանի գործը: Մինչև դատի օրը հանդիպել էր երեխաներին, խոստումներ տվել, փողով գրավել: Նրանք էլ էին չարացել իմ դեմ, որ դիմում եմ այդ քայլին:

Անցա աշխատանքի, լավ վաստակում էի, բարեկարգեցի իմ մեկսենյականոց բնակարանը: Աղջիկս ինձ հետ էր, բայց տղաներս ինձ մեղադրում էին, չէին ցանկանում լսել ու հասկանալ: Ամուսինս անմիջապես ամուսնացավ, երեխա ունեցավ, բայց էլի գալիս էր ու ինձ սպառնում, թե կսպանի:

Անցան տասը երկար ու ձիգ տարիներ: Աշխատում էի, ապրում աղջկաս հետ, իսկ տղաներս աստիճանաբար հեռանում էին ինձանից` այդպես էլ չընունելով ու չներելով, որ բաժանվել եմ իրենց հորից: Հիմա գրեթե չեն այցելում ինձ, մեծանում են օտարի պես:

Հետո իմ կայնքում մի տղամարդ հայտնվեց: Ամուսնացանք: Նա հինգ աղջիկ ուներ, երեքը` ամուսնացած, երկուսը` ոչ: Միասին ամուսնացրինք: Երեք տարի անց ծնվեց մեր տղան: Դա իսկական նվեր էր ամուսնուս համար: Ուրախ էի, որ երջանկացրել եմ նրան:

Հիա կարծես թե ես էլ եմ երջանիկ, բայց ինչ որ բան պակասում է լիարժեք երջանկության համար: Միգուցե զուր կորցրած երիտասարդությո՞ւնը…»:

 

Պատմությունները տրամադրել է

«Կանանց իրավունքների կենտրոն»

Հասարակական կազմակերպությունը

 

 

 

 

Դիտվել է 2001 անգամ:
Print Friendly

Leave a Reply