ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում նշվեց Խաղաղության միջազգային օրը ` “Խաղաղությունը ՄԱԿ-ի առաքելությունն է” կարգախոսով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | սեպտեմբերի 23, 2011 13:44
ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության, Հայաստանի արտաքին գործերի նախարարության և Գյումրիի “Կանայք հանուն զարգացման” ՀԿ-ի հետ համատեղ խաղաղության և ժողովրդավարության վերաբերյալ կլոր սեղան քննարկում էր կազմակերպել:
Միջոցառումը կազմակերպվել էր Խաղաղության միջազգային օրվա և Աշխարհի երեխաների համար խաղաղության ու բռնություններից զերծ մշակույթի միջազգային տասնամյակի (2001 – 2011) շրջանակներում: Միջոցառման նպատակն էր Աշխարհի երեխաների համար խաղաղության ու բռնություններից զերծ մշակույթի միջազգային տասնամյակի շրջանակներում հիշեցնել խաղաղության և ժողովրդավարության մասին, ընդգծել “Խաղաղության և կոնֆլիկտների խաղաղ լուծման կրթություն դպրոցներում”ծրագրի ձեռքբերումները, որոնք իրականացվում են Գյումրիի “Կանայք հանուն զարգացման” ՀԿ-ի կողմից:
ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն ասաց. “Խաղաղությունն ու ժողովրդավարությունը ՄԱԿ-ի հիմնական արժեքներն են և վճռական դեր ունեն մարդու իրավունքների համար: Ամեն տարի խաղաղության միջազգային օրը ամբողջ աշխարհում մարդիկ խաղաղություն, երկխոսություն և համերաշխություն են քարոզում բոլոր մարդկանց և պետություններին: Խաղաղությունը ՄԱԿ-ի առաքելությունն է և այն է, ինչ փնտրում ենք ամեն օր”:
Գոհար Մարկոսյանը,”Կանայք հանուն զարգացման” ՀԿ-ի նախագահը, ներկայացրեց “Խաղաղության և կոնֆլիկտների խաղաղ լուծման կրթություն դպրոցներում” ծրագրի ձեռքբերումները:
Նա նշեց. “Այս ծրագրի հիմնական նպատակը ուսուցիչների և դպրոցականների մեջ խաղաղության մշակույթի և հակամարտության բանաձևի գաղափարների ձևավորումն է: Ծրագրի իրականացման ընթացքում մենք կարողացանք հիմնել “Խաղաղության ուսուցման” կենտրոններ Շիրակի մարզի 16 դպրոցներում և Գյումրիի Պետական Մանկավարժական Համալսարանում. ավելի քան 1000 դպրոցականներ և 150 ուսանողներ են վերապատրաստվել Խաղաղության ուսուցման ծրագրով”:
Միջոցառման ընթացքում Գյումրիի դպրոցականները ելույթ ունեցան խաղաղության ուսուցման թեմայով, “Ինչ է ինձ տվել Խաղաղության ուսուցման կենտրոնը” վերնագրով շարադրությունից հատվածներ կարդացին և ծրագրի հաջողությանը նվիրված մի ֆիլմ էկրանավորվեց:
Ծրագրին աջակցել են Գերմանիայի Եկեղեցական զարգացման ծառայությունը /EED/ և Նիդերլանդների Համագործակցության զարգացման միջեկեղեցական կազմակերպությունը /ICCO/:
Միջոցառումը եզրափակվեց “Խաղաղությունը իմ աչքերով”ցուցահանդեսի բացումով:





Facebook
Tweet This