Գյուղատնտեսական տարին` նախորդից լավ, բայց սպասվածից վատ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 23, 2011 13:34

Այս գյուղատնտեսական տարին անցած տարվա համեմատությամբ բարենպաստ է եղել, բայց կարող էր ավելի լավը լիներ. Այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:

Նրա խոսքով` բերքին մեծ վնաս է պատճառել թե կարկուտը, թե երաշտը. Վերջինի պատճառով կունենանք կարտոֆիլի ցածր բերք, տուժել են նաև չոռոգվող հողերում մշակվող հացահատիկային մշակաբույսերը:

Բերբերյանը նշում է, թե հայտարարույթունները բացառիկ բարձր բերքի մասին իրականությանը չեն համապատասխանում. ունենք դեղձի սպասվող բերքի 50-60 տոկոսը, ակնկալվում է ստանալ մինչև 150 հազար տոննա խաղող. «Խաղողի միջակ և անորակ բերք ունենք, քանի որ հիվանդությունները շատ են տարածված»: Խաղողի գնման գործընթացն էլ դեռևս նորմալ է ընթանում, միայն թե ըստ մասնագետի` 120-130 դրամ գնման գինը ցածր է, գոնե 150 դրամ պետք է լինի, քանի որ գյուղացին իր ծախսերը հանի:

Անդրադառնալով հացահատիկային մշակաբույսերի բերքին` Բերբերյանը նշում է, որ լավ բերք ակնկալվում է հաջորդ տարի. Կառավարության ներկրած 1000 տոննա ցորրենը բարձր բերք է ապահովել: Սակայն այդքանը կազմել է ընդամենը ցանքատարածությունների 5 տոկոսը, մինչդեռ մնացածում հին սերմն է կիրառվել. «Հաջորդ տարի եթե անգամ 500 կգ նոր սերմ ներկրվի, բերքատվությունը բարձր կլինի, քանի որ արդեն տեղի ունեցավ սերմաթարմացում, ինչը տեղի չէր ունեցել 7 տարի շարունակ»:

Բերքի մասին տարբեր վիճակագրական տվյալները գնահատելով` Բերբերյանը նշում է, որ ոչ մի տվյալ արժանահավատ չէ, քանի դեռ  արտադրողն ինքը հաշվետու չէ իր բերքի համար. գյուղապետերը կարող են ներկայացնել սրտի ուզած թվերը:

Պարարտանյութերի գների իջեցման մասին տարեսկզբյան խոստումներն էլ չեն իրականացվել. Պարարտանյութի գինը 20 տոկոսով իջնելու փոխարեն 30 տոկոսով բարձրացել է. մեկ պարկ պարարտանյութն այժմ 9200 դրամ է նախկին 7100-ի փոխարեն:

Գյուղատնտեսական տարվա բացթողում Ագրարագյուղացիական միավորման նախագահը համարում է այն, որ ռեֆորմների մասին հայտարարվեց, սակայն ոչինչ չկատարվեց. «Չնայած նախագահը հայտարարեց, որ արտադրողը պետք է դառնա պետության գործընկերը, սակայն այդ ուղղությամբ ոչինչ չարվեց»:

Գյուղատնտեսական աջակցության մարզային կենտրոնների աշխատանքն էլ գնահատելիս Բերբերյանը քմծիծաղով ասում է. «Էլի նույն չինովնիկներն են, էլի: Պետությունից աշխատավարձ ստացողն ինչպես պետք է աշխատի»: Նրա խոսքով` ժամանակին առաջարկել է, որ ԳԱՄԿ-երը ֆինանսավորվեն ըստ իրենց կատարած աշխատանքի մասին հաշվետվությունների, ինչին Գյուղատնտեսության նախարարությունում ընդդիմացել են:

Գյուղատնտեսության ոլորտում նորություն է Ագրարային ոլորտի գործատուների միավորման ստեղծումը: Տասն օր առաջ ստեղծված կառույցը կոչված է կարգավորել ոլորտի աշխատանքային հարաբերությունները:

 

 

Դիտվել է 848 անգամ:
Print Friendly

Leave a Reply