Մյասնիկյան պողոտայում վնասազերծված հանցավոր խմբի անդամներից մեկը բարձրաստիճան պաշտոնյայի որդի է/Տեսանյութ/

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 23, 2011 13:23

Այսօր` սեպտեմբերի 23-ի առավոտյան, Մյասնիկյան պողոտայում ոստիկանների կողմից վնասազերծված, ծանր հանցագործությունների մեջ կասկածվող ավազակախմբի անդամներից մեկն, ըստ NEWS.am-ի ունեցած նախնական տեղեկությունների, Հայաստանի բարձրաստիճան մի պաշտոնյայի` ՀՔԾ պետի տեղակալ Մարսել Մաթեւոսյանի որդին է:

1in.am-ի հաղորդմամբ էլ  ավազակային խմբի անդամներից են եղել նաև դատավոր Տիգրան Սահակյանի որդին և նախարարներից/որի անունը դեռևս հայտնի չէ/ մեկի զավակը:

Նշենք, որ ավազակախմբի վնասազերծման գործողությունն իրականացվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից: Այն իրականացվել է մի քանի ուղղություններով, որի արդյունքում, ավազակախմբի անդամներին բռնել են:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մյասնիկյան պողոտայում ոստիկանների կողմից ծանր հանցագործությունների մեջ կասկածվող ավազակախմբին վնասազերծելու գործողության ժամանակ մարդ է մահացել: Արդեն հայտնի է, որ ոստիկանները հետապնդել են հանցագործներին, որոնց կարողացել են լոկալիզացնել մինչեւ գազանանոց ընկած հատվածում: Հանցագործներից մեկը փորձել է Mercedes մակնիշի 60 ՕՕ 086 մեքենայով փախչել, սակայն շրջվել է ժայռից եւ տեղում մահացել: Ի դեպ, ոստիկանները մեքենայից հրազեն են հայտնաբերել:

NEWS.am-ի ոստիկանությունում ունեցած աղբյուրների փոխանցմամբ, ենթադրվում է որ խոսքն այն ավազակախմբի մասին է, որը կապ ունի բարձրաստիճան պաշտոնյաների բնակարաններում վերջին շրջանի ամենաաղմկահարույց ավազակային հարձակումների հետ: Մասնավորապես, ըստ տեղեկությունների, այս ավազակախմբի հետ է կապվում այս տարվա հունիսի սկզբին «Լինսի» հիմնադրամի ճանապարհաշինության ԾԻԳ-ի նախկին տնօրեն, «Երեւանճանապարհշին» ՍՊԸ-ի փոխտնօրեն 55-ամյա Էդուարդ Բեզոյանի տան վրա ավազակային հարձակումը:  Նույն ձեռագրով է կատարվել նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի բնակարանի վրա ավազակային հարձակումը:

Նախնական տեղեկություններով, մահացածը 30-35 տարեկան տղամարդ է, անունը Սերոբ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ արդեն մի քանի ժամ է, որ ոստիկանները փակել են Մյասնիկյան պողոտան եւ ստուգում են անցնող բոլոր մեքենաները: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ նշված տարածքում ծանր հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձանց վնասազերծելու գործողությունն է ընթանում։

 

 

 

Դիտվել է 1244 անգամ:
Print Friendly

Leave a Reply