Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն Բրազիլիայում

Պաշտոնական, Օրվա լուր | | September 23, 2011 13:07

Սեպտեմբերի 21-ին Բրազիլիայում ՀՀ դեսպանությունը և  Սան Պաուլոյում ՀՀ պատվո հյուպատոսությունը Սան-Պաուլոյի «Սոֆիզա» սրահում կազմակերպեցին հոբելյանական ընդունելություն` նվիրված Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձին։

 

Միջոցառմանը ներկա էին դաշնային պատգամավորներ, նահանգապետեր, քաղաքապետեր, դիվանագիտական կորպուսի անդամներ, բրազիլահայ միությունների և կազմակերպությունների ղեկավարներ, մամուլի ներկայացուցիչներ:

 

Հանդիսության սկզբում Զինված ուժերի նվագախմբի կողմից կատարվեցին Հայաստանի և Բրազիլիայի օրհներգները, Զինվորական ոստիկանության հայազգի սպաների կողմից ներս բերվեցին և հանդիսավորությամբ տեղադրվեցին երկու երկրների ազգային դրոշները, որոնց շուրջ պատվո պարեկություն ստանձնեցին Բրազիլիայի կայսերական զորախմբի զինվորականները և հայ սկաուտների ջոկատը:

 

Անկախ Հայաստանի անցած 20-ամյա ուղու եւ հայ-բրազիլական հարաբերությունների մասին ելույթներ ունեցան Բրազիլիայում Հայաստանի դեսպան Աշոտ Եղիազարյանը, Սան Պաուլոյում Հայաստանի պատվո հյուպատոս Տիրուհի Բուրմայանը, բրազիլական ԱԳՆ ներկայացուցիչ դեսպան Աֆոնսո Մասոն:

 

Երեկոյի ընթացքում ցուցադրվեցին Հայաստանի մասին պատմող տեսահոլովակներ:

 

«Սոֆիզա» սրահին հարող «Տրիանոն» քաղաքային այգում փողային նվագախմբի հայկական երաժշտության հնչյունների տակ տեղի ունեցավ տոնական հրավառություն` Հայաստանի պետական դրոշի գույների համադրությամբ:

 

 

 

 

 

 

Դիտվել է 872 անգամ:
Print Friendly

Leave a Reply