Հայտնի է դարձել Մյասնիկյան պողոտայում ոստիկանների հետապնդումից փախչելու ժամանակ մահացածի անունը
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | September 23, 2011 12:16
Այսօր` սեպտեմբերի 23-ի առավոտյան, Մյասնիկյան պողոտայում ոստիկանների կողմից ծանր հանցագործությունների մեջ կասկածվող ավազակախմբին վնասազերծելու գործողության ժամանակ մարդ է մահացել: Արդեն հայտնի է, որ ոստիկանները հետապնդել են հանցագործներին, որոնց կարողացել են լոկալիզացնել մինչեւ գազանանոց ընկած հատվածում: Հանցագործներից մեկը փորձել է մեքենայով փախչել, սակայն շրջվել է եւ տեղում մահացել:
NEWS.am-ի ոստիկանությունում ունեցած աղբյուրների փոխանցմամբ, խոսքն այն ավազակախմբի մասին է, որը կապ ունի բարձրաստիճան պաշտոնյաների բնակարաններում վերջին շրջանի ամենաաղմկահարույց ավազակային հարձակումների հետ: Մասնավորապես, ըստ տեղեկությունների, այս ավազակախմբի հետ է կապվում այս տարվա հունիսի սկզբին «Լինսի» հիմնադրամի ճանապարհաշինության ԾԻԳ-ի նախկին տնօրեն, «Երեւանճանապարհշին» ՍՊԸ-ի փոխտնօրեն 55-ամյա Էդուարդ Բեզոյանի տան վրա ավազակային հարձակումը: Հիշեցնենք, որ այդ ժամանակ 5 դիմակավորված անձինք մտել էին Բեզոյանի տուն, զենքի սպառնալիքի տակ կապկպել տանը գտնվողներին, այդ թվում Բեզոյանին, ծեծի ենթարկել, նվաստացրել նրանց եւ պահանջել հայտնել չհրկիզվող պահարանի տեղը:
Հանցագործները չհրկիզվող պահարանը տեղադրել էին տան բակում կայանված Բեզոյաններին պատկանող «Նիսսան Պատրոլ» մակնիշի 22 ՍՍ 221 համարանիշի մեքենայի բեռնախցիկում եւ հեռացել: Նույն ձեռագրով է կատարվել նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի բնակարանի վրա ավազակային հարձակումը:
Նախնական տեղեկություններով, մահացածը 30-35 տարեկան տղամարդ է, անունը Սերոբ:
Ոստիկաններին արդեն հաջողվել է բռնել ավազակախմբի մի քանի անդամների, սակայն գործողությունը դեռ շարունակվում է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ արդեն մի քանի ժամ է, որ ոստիկանները փակել են Մյասնիկյան պողոտան եւ ստուգում են անցնող բոլոր մեքենաները:Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնել են, որ նշված տարածքում ծանր հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձանց վնասազերծելու գործողությունն է ընթանում։ Այլ մանրամասներ բաժնից չհաղորդեցին։
NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
