Հերոսական պատմությունը «Հերոսական բալլադ» համերգ-ներկայացման առանցքն էր

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 23, 2011 11:16

ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձը նշանավորվեց բացառիկ համերգ-ներկայացմամբ

Տասնամյա Արեգն առավոտյան սովորականի նման դպրոց է շտապել: Սեպտեմբերի 21-ին նրա ոգևորությունն այնքան մեծ էր, որ փորձերն ու ոչ լիարժեք քունը բնավ հոգնություն չէին պատճառել: Ուսուցիչներն էլ էին հուզված. իրենց աշակերտը «Հերոսական բալլադ» համերգ-ներկայացման դերակատարն էր ու օրվա սիրելին:

Առնո Բաբաջանյանի «Հերոսական բալլադ» ստեղծագործության հնչյունների ներքո եռաչափ գրաֆիկայի շնորհիվ հրապարակը եզերող շենք-էկրաններին հայտնվեցին եռագույնը ձեռքին երեխայի պատկերները: Հազարավոր հանդիսականների հայացքների ներքո եռագույնը ծածանող հերոսը կտրեց հրապարակը ոլորող շենքերն ու վառ լույսերի ներքո կառավարության շենքի տանիքին մարդիկ ողջունեցին կերպարը մարմնավորող Արեգին, ով հազարավոր ծափերի ուղեկցությամբ բարձրացրեց եռագույնը:

«Երբեք այդքան մարդ չէի տեսել: Շատ ուրախ էի ու հպարտ: Այսօր էլ բոլոր ուսուցիչներս ասացին, որ հուզվել էին ինձ տեսնելով»,-պատմում է Արեգը:

Ավելի քան երեք ամիս ստեղծագործական կազմը պատրաստվում էր «Հերոսական բալլադ» համերգ-ներկայացմանը: Համերգի բեմադրող ռեժիսոր Արամ Սուքիասյանն օրեր շարունակ դիտել է տասնյակ ֆիլմեր` ընտրելու այն կադրերը, որոնք պետք է ցուցադրվեին համերգի ընթացքում: Հատուկ «Հերոսական բալլադ» համերգ-ներկայացման համար «Բարեկամություն» անսամբլի գեղարվեստական ղեկավար Նորայր Մեհրաբյանը բեմադրել էր համերգային համարներ, որոնք կատարեցին «Բարեկամություն» անսամբլն ու Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական անսամբլը: Շուրջ մեկ ամիս հայ և ֆրանսիացի մասնագետներն աշխատում էին Հանրապետության հրապարակում, որպեսզի սեպտեմբերի 21-ը նշանավորվեր ոչ միայն  բարձարժեք երաժշտությամբ, այլև տպավորիչ համարներով:

«Փայլուն համերգ էր: Հազարավոր մարդիկ հնարավորություն ունեցան լսելու իսկապես արժեքավոր երաժշտություն: Լուսային ցուցադրությունները ցնցող էին: Հզոր երկրի մայրաքաղաքի համերգ էր»,-ասաց է Պերճ Զեյթունցյանը:

Հայաստանի ֆիլհարմոնիկ նավագախմբի կատարմամբ (գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյան) համերգն սկսվեց Ա. Տերտերյանի երկրորդ սիմֆոնիայի հատվածի կատարմամբ: Ընդամենը երկու ժամվա ընթացքում մարդիկ հիացան հայկական տառերի գեղեցկությամբ և Ավարայրի քաջերի խիզախությամբ, արժևորեցին միջնադարյան վերածննդի արժեքը, վերապրեցին կորսված հայրենիքի ցավն ու Մայիսյան հաղթանակների բերկրանքը և վերհիշեցին քսանամյա Հայաստանի Հանրապետության իրենց ուղին:

«Շշմեցուցիչ էր: Հիանալի համերգ էր: Հրաշալի գաղափար էր ներկայացնել մեր պատմությունը ոգեղեն երաժշտության միջոցով: Երաժշտությունը հնչում էր նոր ուժով», – նշեց Երեւանի Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը:

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ուղեկցությամբ կենդանի հնչողությամբ հայ դասական կոմպոզիտորների ստեղծագործությունները կատարեցին Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար Հովհաննես Չեքիջյանը) և Հայաստանի Հանրապետության նախագահի պատվո պահակախմբի փողային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար Արմեն Պողոսյան):

«Հրաշալի դասական համերգ էր: Ինձ շատ դուր եկավ: Լուսային էֆֆեկտները և լազերային շոուն բացառիկ էր»,-նկատեց ՀՀ ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանը:

Եռաչափ գրաֆիկայի, լազերային ցուցադրության, կրակի և շատրվանների միակցված պատկերների ու հրավառության ուղեկցությամբ ընթացող համերգն ավարտվեց հատուկ տոնի առթիվ գրված Ռոբերտ Ամիրխանյանի «Ծնրադիր երդվում եմ քեզ» երգով:

«Ազգապատում համերգ էր: Հիացած եմ: Հոգևոր զտանք կար: Տպավորիչ էր լույս ու ստվերի խաղը: Իսկապես գեղեցիկ էր: Նման համերգ մինչ օրս չէի տեսել»,-ասաց գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը:

 

Դիտվել է 1402 անգամ:
Print Friendly

Leave a Reply