ԿԳ նախարարի առաջարկով` կձևավորվի հատուկ կրթության ոլորտը վերահսկող հանրային կառույց

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | September 5, 2009 15:20

ashotyanՀատուկ դպրոցների` մասնավորապես թիվ 11 հատուկ դպրոցի խնդիրներն են քննարկվել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի և սեպտեմբերի 1-ին նախարարության շենքի առջև բողոքի ակցիայի կազմակերպիչների` երեկ տեղի ունեցած հանդիպմանը:

«Ցանկացած ոտնձգություն երեխաների իրավունքների նկատմամբ պետք է արժանանա խիստ պատժի,- ասել է Աշոտյանը,- ինչպես իրավական, այնպես էլ բարոյական տեսանկյունից»:

Աշոտյանը նաև նշել է, որ նախարարությունը չունի բավարար ռեսուրսներ` վերահսկելու հատուկ կրթության համակարգում իրականացվող ողջ գործընթացը:

Ըստ Աշոտյանի` նախարարությունը և քաղաքացիական հասարակության անդամները պետք է համատեղ ուժերով լուծում գտնեն բարձրացված խնդիրներին:

Հանդիպմանը ներկա գտնվող ԱԺ պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանն էլ առաջարկել է հատուկ դպրոցների ուսուցիչների ատեստավորումը ևս կազմակերպել հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար նախատեսված չափորոշիչներով:

Աշոտյանն ասել է, որ հատուկ դպրոցներում առկա խնդիրների լուծման եղանակներից է նաև ներառական կրթության համակարգի ընդլայնումը· հանրապետությունում 49 հանրակրթական դպրոցներ իրականացնում են այդ ծրագիրը, որում ընդգրկված են շուրջ 900 աշակերտներ:

Առկա խնդիրներին լուծում գտնելու համար նախարարն առաջարկել է ձևավորել հատուկ լիազորություններով մարմին, որը կկատարի ուսումնասիրություններ, ինչպես նաև վերահսկողություն` իրականցվող գործընթացների նկատմամբ· այդ մարմնում կարող են ներգրավվել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հասարակական կազմակերպությունները:

Դիտվել է 2221 անգամ:
Print Friendly

Leave a Reply