Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված միջոցառումներ Բուլղարիայում

Պաշտոնական, Օրվա լուր | | September 22, 2011 20:27

Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա հոբելյանի շրջանակներում սեպտեմբերի 18-ին Սոֆիայի երաժշտական ակադեմիայի «Պանչո Վլադիգեռով» համերգասրահում տեղի ունեցավ «Քեզ համար Հայաստան» խորհագրով համերգ` Հայ Բարեգործական Ընդհանուր Միության /ՀԲԸՄ/ կամերային համույթի եւ մենակատարների մասնակցությամբ: Համերգին հնչեցին հայ եւ բուլղար անվանի կոմպոզիտորների  ստեղծագործություներ:

Միջոցառմանը ներկա էին Բուլղարիայի Հոգեշնորհ առաջնորդական տեղեպահ Աբգար վարդապետ Հովակիմյանը, եկեղեցական խորհուրդների ատենապետներ, հայկական կառույցների ղեկավարներ եւ անդամներ, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ:

Միջոցառմանը ելույթի խոսքով հանդես եկավ Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը:

Հայաստանի դեսպանը ՀԲԸՄ կամերային համույթի գեղարվեստական ղեկավար Պետրոս  Փափազյանին հանձնեց ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ Մշակույթի նախարարության շնորհած  ոսկե մեդալը`  հայ մշակույթի զարգացման  եւ հանրահռչակման գործում ունեցած զգալի ավանդի համար, իսկ  գեղանկարիչ Օնիկ Կարանֆիլյանին`պատվոգիր:

ՀՀ անկախության 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակներում սեպտեմբերի 17-ին Պլովդիվի  հայկական կրթամշակութային համալիրում տեղի ունեցավ ՀՀ դեսպանության  եւ Պլովդիվի  Պատվո հյուպատոսության  հովանու ներքո կազմակերպված միջոցառում, որը ուղեկցվեց հայկական ֆիլմերի շարքի ցուցադրմամբ եւ հայ երիտասարդ երաժիշտների  «Էրեբունի» համույթի ելույթով:

Միջոցառմանը ներկա էին Բուլղարիայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, Պլովդիվում հավատարմագրված պատվո հյուպատոսներ, բուլղար մտավորականներ եւ գործարարներ, ինչպես նաեւ հայկական կրթօջախների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ:

 

 

Դիտվել է 889 անգամ:
Print Friendly

Leave a Reply