Քիմիական զենքի կոնվենցիայի իրագործմանը նվիրված աշխատաժողով ԱԳՆ-ում

Պաշտոնական, Օրվա լուր | | September 22, 2011 20:16

Սեպտեմբերի 22-ին ՀՀ Քիմիական զենքի կոնվենցիայի ազգային մարմնում ընդգրկված գերատեսչությունների` Արտաքին գործերի, Էկոնոմիկայի, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, Պետական եկամուտների կոմիտեի, Գիտությունների ազգային ակադեմիայի եւ «Չտարածման հարցերի կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների համար ԱԳՆ-ում տեղի ունեցավ Քիմիական զենքի կոնվենցիայի իրագործմանը նվիրված աշխատաժողովի նիստ:

 

Աշխատաժողովը կազմակերպվել էր Քիմիական զենքի արգելման կազմակերպության գործադիր քարտուղարության հետ համատեղ: Նիստին զեկույցներով հանդես եկան Հաագայից ժամանած երեք պաշտոնատարները:

 

Աշխատաժողովի բացման իր խոսքում ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանն ընդգծեց Կոնվենցիայի անվերապահ իրականացման կարևորությունը` իսպառ վերացնելու զանգվածային ոչնչացման զենքի տեսակներից մեկը: Նա նշեց, որ 1997թ. ի վեր, երբ ուժի մեջ մտավ ՔԶԿ-ն (ՀՀ-ն ստորագրել եւ վավերացրել է համապատասխանաբար 1993 եւ 1995թթ.) հայկական կողմը հանձնառու է եղել դրա դրույթների կատարմանը` պարբերաբար տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություն, իրականացնելով համապատասխան օրենսդրական փոփոխություններ եւ ստեղծելով վերահսկման միջգերատեսչական կառույց:

 

Քիմիական զենքի արգելման կազմակերպության ներկայացուցիչներն աշխատաժողովի առաջին օրվա ընթացքում ներկայացրեցին զեկույցներ` նվիրված ՔԶԿ պատմությանը, Կոնվենցիայի իրականացման կարգավիճակին, նրա հիմնադրույթներին եւ նպատակներին:

 

Աշխատանքները կշարունակվեն նաեւ սեպտեմբերի 23-ին, որի ընթացքում անդրադարձ կլինի հավաստագրման, միջազգային համագործակցության եւ աջակցության ծրագրերի խնդիրներին:

 

 

Դիտվել է 913 անգամ:
Print Friendly

Leave a Reply