Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ Գերմանիայում

Պաշտոնական, Օրվա լուր | | September 22, 2011 16:06

Սեպտեմբերի 16-ին ԳԴՀ Շտուտգարտ քաղաքում բացվեց հայկական մշակույթի շաբաթ` նվիրված Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի անկախության 20-ամյա տարելիցին: Միջոցառմանը ներկա էին հայ համայնքի, Շտուտգարտի տեղական իշխանությունների եւ հասարակության ներկայացուցիչներ: Միջոցառման հանդիսավոր մասին հետեւեց համերգ` վաստակաշատ հայ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի եւ մենակատար Սեդա Սարգսյանի մասնակցությամբ:

Բացման հանդիսավոր արարողությանն ողջույնի խոսքով հանդես եկավ ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը, ով իր ելույթում ներկայացրեց անցած երկու տասնամյակների ընթացքում Հայաստանի ձեռքբերումներն ու մարտահրավերները, ինչպես նաեւ անդրադարձավ Գերմանիայի դերին երկրի սոցիալ-տնտեսական եւ քաղաքական զարգացման գործում: Դեսպանը երախտագիտություն  հայտնեց հայ համայնքին շարունակական աջակցության համար եւ կոչ արեց ավելի ակտիվ մասնակցություն բերել հայկական պետականության ամրապնդման գործին:

ՀՀ դեսպանության, ԳԴՀ-ում ԼՂ ներկայացուցչության եւ Շտուտգարտի հայ համայնքի ձեռնարկած համատեղ քայլերի շնորհիվ սեպտեմբերի 19-ին Շտուտգարտի քաղաքապետարանի կողմից տրամադրված դահլիճում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի անկախության 20-ամյակին նվիրված հանդիսավոր երեկո, որին ելույթով հանդես եկավ Գերմանիայում ԼՂ ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը: Երեկոն ավարտվեց մշակութային ծրագրով:

Սեպտեմբերի 20-ին Հայաստանի դեսպանությունը ԳԴՀ Զաքսեն-Անհալթ երկրամասի Հալլե քաղաքի Հենդելի տուն-թանգարանի դահլիճում կազմակերպեց ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված հերթական միջոցառում, որին ներկա էին երկրամասի պետքարտուղար Յան Հոֆմանը, Հալլե-Վիտտենբերգի Մարտին-Լյութերի անվան համալսարանի ռեկտոր Ուդո Շտրետերը, մշակույթի, գիտության եւ արվեստի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ հայ համայնքի անդամներ:

Բացման խոսքով հանդես եկավ դեսպան Արմեն Մարտիրոսյանը: Այնուհետեւ, ցուցադրվեց վավերագրական տեսաֆիլմ` նկարահանված գերմանական գիտնականների կողմից:

Տոնական միջոցառմանը հանդես եկավ Հայաստանից ժամանած «Կամերտոն» երիտասարդական կամերային նվագախումբը:

 

Դիտվել է 1169 անգամ:
Print Friendly

Leave a Reply