Հայաստանում է Վրաստանի արտգործնախարարը. նա նպաստավոր է համարել հայ-թուրքական սահմանի բացումը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 5, 2009 15:06

serzh-sargsyanՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են  երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, մասնավորապես` խոսել են Վրաստանի տարածքով բեռնափոխադրումների սակագների, հայ-վրացական սահմանի դեմարկացիոն գործընթացի, միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստում քննարկվելիք հարցերի մասին:

Անդրադարձ է եղել նաև վիրահայությանն առնչվող մի շարք խնդիրների և դրանց կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին: Գրիգոլ Վաշաձեն ասել է, որ իր երկիրը հարգանքով և ուշադրությամբ է վերաբերվում այդ ուղղությամբ հնչեցված բոլոր մտքերին և պատրաստ է լրջորեն քննարկել դրանք:

Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Հայաստանի նախագահին փոխանցել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի լավագույն մաղթանքները և Վրաստան այցելելու հրավերը:

Նախագահ Սարգսյանն ու Գրիգոլ Վաշաձեն ևս մեկ անգամ ընդգծել են Հայաստանի և Վրաստանի միջև միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը, հայ և վրացի ժողովուրդներին կապող դարավոր ամուր բարեկամությունը: Նրանց խոսքով` երկու երկրների միջև չկան այնպիսի խնդիրներ, որոնք հնարավոր չլինի լուծել համատեղ քննարկումների և երկխոսության միջոցով:

Հայաստանի նախագահը և Վրաստանի արտգործնախարարըը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների, հայ-թուրքական երկխոսության վերջին զարգացումների մասին: Ներկայացնելով վրացական կողմի դիրքորոշումը` Գրիգոլ Վաշաձեն ասել է, որ բաց սահմանները և կարգավորված հարաբերությունները նպաստավոր կլինեն տարածաշրջանի զարգացման ու ներդրումային մթնոլորտի բարելավման համար:

Զրուցակիցները խոսել են նաև երկու երկրներում ձեռնարկվող հակաճգնաժամային միջոցառումների մասին:

Դիտվել է 1226 անգամ:
Print Friendly

Leave a Reply