Աշխեն-Վալերի Գործունյան. «Վստահ եմ` մարդը ոչինչ է առանց սիրո»

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | September 27, 2011 12:32

ԱշխենՎալերի Գործունյանին Երևանում ճանաչում են գրեթե բոլորը: Նա «Փարիզյան սուրճ» ընկերության հիմնադիրն է: Նա հայրենասերի ցայտուն օրինակ է,որ ծնողներին հակառակ` արդեն գրեթե երկու տասնամյակ է` ապրում է Երևանում:

Իսկ սիրո պատմությունները նրան ուղեկցել են թե՛ Փարիզում, թե՛ արդեն հարազատ դարձած Երևանում

Ասում է, որ սուրճն իր տարերքն է: Հիմնականում ինքն է իր համար սուրճ եփում

Մեր հանդիպումն էլ Աշխենի հետ տեղի ունեցավ հենց «Փարիզյան սուրճ» սրճարանում:

Տիկին Աշխեն, Ձեր արմատները շատերին են հետաքրքրում: Փարիզո՞ւմ է անցել Ձեր մանկությունն ու պատանեկությունը:

– Հայրս ցեղասպանության ականատեսներից էր, 5 տարեկան էր, երբ տեղի ունեցավ կոտորածը, գաղթել են Հայաստան, հետո՝Ֆրանսիա: Մայրս Կիլիկիայի հայ է: Հետաքրքիր է, որ ծնողներս հանդիպել են հենց Ֆրանսիայում:

Այսօր ես հպարտ եմ, որ ծնողներս լույս աշխարհ բերեցին երեք զավակ. ես եմ և իմ երկու եղբայրները: Վերջիններս 30 տարվա ընթացքում Հայաստան չեն եկել, չի հաջողվում, ամեն տարի ասում են՝կգանք, ու չեն գալիս, փոխարենը ես եմ հաճախ Ֆրանսիա գնում:

Ես ծնվել եմ Ֆրանսիայում, բայց ոչ Փարիզում, այլ  Մարսել քաղաքում: Ծնողներս ցանկանում էին, որ իրենց երեխաները Փարիզում լավ դպրոց գնան, լավ կրթություն ստանան: Նրանց այդ նպատակը, ասեմ, հաջողությամբ պսակվեց:

Ի՞նչ ավանդույթներ ուներ գաղթած հայի ընտանիքը:

– Ճամփորդել, և հիմա էլ շարունակվում է այդ ավանդույթը: Ամռանը հիմնականում Եգիպտոս էինք գնում. ա՜խ, ինչ կարոտով եմ հիշում այդ ժամանակները…

Ձեր մասնագիտական դիպլոմը էլի՞ Ֆրանսիայից է

– Այո, ինչպես միջնակարգ կրթությունը, այնպես էլ բարձրագույնը Ֆրանսիայում ստացա: Փայլուն սովորում էի՝ բարձր պահելով մեր ազգային նկարագիրը: Շրջապատում բոլորը գիտեին, որ ես հայկական արմատներ ունեմ: Մասնագիտացա ճարտարապետության գծով: Քչերը գիտեն, որ մասնագիտությամբ ճարտարապետ եմ, իսկ հոգով նվիրված եմ սուրճին, շատ եմ նվիրված: Ֆրանսիայում սկզբնական շրջանում իմ մասնագիտությամբ չաշխատեցի, ինձ դուր էր գալիս հորս գործը, որը կարծես թե ժառանգեցի միայն ես: Նա ինձ համար սուրճ արտադրողների արքան էր: Շատ բան սովորեցի նրանից ու սիրահարվեցի այս գործին:

Սո՞ւրճն էր, որ Ձեզ Հայաստան բերեց:

– Գիտեք, ես Հայաստան եկա ոչ թե բիզնես անելու, շահույթ ստանալու, այլ հայության պայքարի շարունակության համար, հայ մնալու շարունակության համար:

Իմ մտքում այս ռոմանտիկ մոտեցումը կար, ընդգծված սփյուռքահայի մոտեցումը:

Ես պայքարող սփյուռքահայերից եմ, որոնք միշտ շատ ակտիվ պայքարել են հայության համար: Երբ իմ լավ ընկերը` Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը, մահացավ, որոշեցի վերադառնալ Հայաստան ու ոչ միայն մարդասիրական աջակցություն ցույց տալ, այլև բարի կամքի գործեր անել: Արդեն 16 տարի է, ինչ Հայաստանում եմ: Իսկ մինչ հաստատվելս միշտ էլ կապված էի Խորհրդային Հայաստանի հետ:

Ձեր սիրային արկածների մասին թերևս քչերը գիտեն

– Ամուսնացել եմ երեք անգամ, երեք անգամ էլ շատ անկեղծ սիրահարվել եմ: Առաջին ամուսինս եղել է Արա Բաբաջանյանը` Առնո Բաբաջանյանի տղան: Ես, լինելով սփյուռքահայ ու բնակվելով Ֆրանսիայում, մեկ անգամ եղել էի Խորհրդային Հայաստանում, կարելի է ասել` սիրահարվել էի Հայաստանին:

Ու ինձ միշտ թվում էր, որ Հայաստանում ինձ համար ավելի լավ է, քան Ֆրանսիայում: Եվ դա էլ մեծ նշանակություն ունեցավ իմ ընտրության հարցում, որը հեշտ չէր. ես պետք է թողնեի Ֆրանսիան ու բնակվեի Խորհրդային Հայաստանում: Առաջին ամուսնությունն ինձ համար շատ յուրօրինակ էր: Արան լավ ամուսին էր, նրա մեջ լիքը հայություն կար, բայց, ցավոք, հոր ազդեցությունը էական էր Արայի վրա:

Երեքուկես տարի մենք միասին ապրեցինք Մոսկվայում, սովորեցի ռուսերեն: Արան կարծես իր էությունը չունենար: Ես, ընդամենը 19 տարեկան, այդ ժամանակ ամեն ինչ շատ իդեալական էի պատկերացնում, ու ինձ համար այդ ամենը շատ դժվար էր ընդունել: Արայից այդ թուլությունն եմ հիշում` վախը դեպի Առնոն:

Ես ծնվել եմ Ֆրանսիայում, այդ երկիրն ինձ ազատություն է սովորեցրել, ու իմ մեջ պայքարողի հոգեբանություն կար, պայքարում էի ամեն ինչի համար, այդ իսկ պատճառով մեր մեջ շատ շուտ դժվարություններ առաջացան:

Իմ երկրորդ պատմությունը կապված է Մայքլի հետ, որ ինձ գերեց իր ուժով ու հայրենասիրությամբ: Մայքլն ինձ համար հերոս էր, որ պատրաստ էր  իր կյանքը տալ հանուն հայրենիքի: Խենթի պես եմ սիրահարվել նրան: Միակ խնդիրն այն էր, որ նա տարբեր էր, այսինքն` միշտ հեռու էր հասարակությունից, չէր սիրում լինել հասարակության մեջ:

Մայքլն ուրիշ կյանքով էր ապրում ու մինչև հիմա էլ այդպես է. կտրված է բոլորից: Այն ժամանակ մեր ընտանիքը կարծես բաժանված լիներ երկու մասի. մի կողմում Մայքլն էր, մյուսում` ես ու մեր երկու որդիները՝Սևակն ու Վահագնը: Ու կնոջ համար, որն ուներ երկու զավակ ու ապրում էր ողջամիտ կյանքով, այդ ամենը շատ դժվար էր ընդունել: Ու այդ դժվարությունը հանգեցրեց ամուսնալուծության:

Երրորդ պատմությունն ամենացավալին է եղել ինձ համար ու ամենասխալ ընտրությունն այս երեքի մեջ: Երրորդ ամուսինս եղել է երաժիշտ Վազգեն Ասատրյանը: Ինձ համար` մի մեծ մանիպուլյատոր: Եթե որևէ համաշխարհային մրցույթ լիներ մանիպուլյատորների, ապա Վազգենը հաստատ կլիներ առաջին տեղում:

Չնայած մենք ամուսնացանք 35-36 տարեկանում, բայց նա այնպես գրավեց, որ ինձ ո՛չ փորձառությունը օգնեց, ո՛չ էլ այն միտքը, որ երկու անգամ արդեն սխալ ընտրություն էի կատարել: Մեր սերն ինձ ուղղակի կուրացրել էր: 12 տարի հետո միայն հասկացա, որ նա ուրիշ սեր ունի, ու այդ սիրով է ապրում: Ինձ համար մեծ սթրես էր այդ ամենը, որովհետև շատ էի վստահում այդ մարդուն,  կարծում էի, որ նա իմ պաշտպանն է, իմ կյանքի ուղեկիցն է: Բոլորը կարծում էին, որ մենք իդեալական զույգ ենք, բայց այդպես չէր, նա ընդամենը հրաշալի դերասան էր: Բայց հաստատ գիտեմ, որ մարդ ոչինչ է առանց սիրո:

Հայրենասիրությունը, փաստորեն, ակնհայտ է նաև Ձեր ամուսնական կյանքում: Երեք ամուսին, երեքն էլ` հայ

– (Ժպտում է): Դժբախտաբար կամ էլ բարեբախտաբար վստահ չգիտեմ, բայց պետք է ասեմ, որ երեք անգամ էլ սիրահարվել եմ ուժգին ու, այո, երեք անգամ էլ սիրահարվել եմ հայ տղամարդու: Ինձ համար, անկեղծ ասած, զարմանալի է այդ փաստը, բայց  չկարողացա սիրել օտարազգի տղամարդու: Ու երևի այս ամենում մեծ նշանակություն ունի իմ հայեցի դաստիարակությունն ու, անշուշտ, իմ ընտանիքը:

Բայց տղամարդու իդեալ ունեցե՞լ եք:

– Ճիշտ է` ունեցել եմ երեք ամուսին, բայց տղամարդու իմ իդեալը միշտ իմ հայրն է եղել, որ նույնպես շատ հետաքրքիր կյանք է ունեցել: Չեմ հիշում` ասացի՞ քեզ, որ նա շատ խիստ էր: Իմ երեք ամուսին ունենալը պատճառաբանված է իմ հոր խիստ լինելով, որովհետև հայրս չէր թողնում, որ որևէ մեկի հետ հանդիպեմ առանց նշանադրության կամ էլ ամուսնության: Ու եթե նա այդ աստիճան խիստ չլիներ, մինչ ամուսնությունը մի կարգին ընտրություն կանեի, որի ընթացքում էլ հաստատ կարող էի ճիշտ որոշում կայացնել:

Հիմա է՞լ կսիրահարվեք:

– Այո՛, անշուշտ, կարելի է սիրահարվել ցանկացած տարիքում: Եթե հասկացա, որ երեք սիրո պատմություններն էլ ձախողումով է ավարտվել, ապա չորրորդը հաստատ ու, միանշանակ, կլինի ավելի հաստատուն: Ես սիրահարվող մարդկանց տեսակից եմ, խենթացող, սիրո համար պայքարող:

Տիկին Աշխեն, ափսոսո՞ւմ եք

– Չէ, ամուսնալուծությունները ճիշտ էին այս պարագայում: Ես երբեք ինձ կյանքում խաբված չեմ զգացել, եթե չենք հասկացել միմյանց, ապա ձեռքսեղմումով բաժանվել ենք:

Հանդիպո՞ւմ եք Արայի, Մայքլի, Վազգենի հետ

– Արայի հետ շարունակում եմ շփվել, երբ գալիս է Երևան, հանդիպում ենք մեր սրճարանում, երբեմն-երբեմն Մայքլին էլ եմ տեսնում, այ Վազգենին, իսկապես, տեսնել անգամ չեմ ուզում: Նա ինձ հետ շատ անարդար է վարվել:

Մի տասնյակից ավելի է, ինչ Երևանում եք: Կյանքի տարբեր հատվածներում էլ ամենից շատ երևի շփվել եք հենց հայ տղամարդկանց հետ, ի՞նչն եք ամենաշատը գնահատում նրանց մեջ:

– Ամենաշատը երևի գնահատում եմ հարգանք կոչվածը, այսինքն` տղամարդու հարգանքն ինքն իրեն ու, իհարկե, կնոջը: Այն մեծ փորով, շատ ծխող ու խմող ու միաժամանակ դատարկ տղամարդիկ ինձ համար տղամարդ չեն:

Միգուցե այս խոսքերից հետո շատերն ինձ փորձեն փնտրել ու վրեժ լուծել, բայց ես անկեղծ եմ ու գիտեմ, որ նրանք ընդամենը վատառողջ ու անիմաստ կյանքով ապրող մարդիկ են: Այսօրվա կյանքն ամբողջությամբ հիմնված է փողի վրա, ու ժամանակակից աղջիկներն էլ գնահատում են այդ փողը, այդ շքեղ ավտոմեքենաներից, հեռախոսներից այն կողմ ոչինչ չեն տեսնում: Ինձ համար այդ ամենը շատ ցավալի է: Բայց ինչ արած, այսօրվա հայաստանյան իրականությունն է:

Միշտ ինձ հետաքրքրել է` բիզնեսը կնոջը անկախությո՞ւն է տալիս:

– Այո, բիզնեսը կնոջը լիակատար անկախություն է տալիս: Սա շատ կարևոր է: Ի վերջո, բացի երեխաներին խնամելուց ու դաստիարակելուց, կինն էլ ունի իր հետաքրքրությունները: Բիզնեսն օգնում է կնոջը ինքնահաստատվելու նոր ուղիներ, ելքեր գտնելու: Ես ունեմ մի համոզմունք, որ ինչպես ամուր ընտանիքի կայացման հարցում, այնպես էլ ցանկացած պետության կայացման գործում կնոջ դերը շատ վճռորոշ է: Այնպես որ` կինը կարող է և պետք է զբաղվի բիզնեսով և դեռ կյանքից պահանջի անկարելին:

Չգրված օրենքներ բիզնեսի աշխարհո՞ւմ էլ կան:

– Անշուշտ, կան: Ես ինձ համար օրենք եմ համարում հաճախորդին չհիասթափեցնելը: Ֆրանսիացիներն ասում են. «Հաճախորդը թագավոր է»: Ես սա բացարձակ ճշմարտություն եմ համարում: Եթե դու չհարգես դիմացինիդ, նա էլ քեզ չի հարգի:

Այս դեպքում մեծ ուշադրություն եմ դարձնում հատկապես սեփական «ես»-ի հանդեպ հարգանքին: Հարգելով ինքս ինձ ու իմ արտադրանքի չափանիշները, ես երբեք չեմ կարող հաճախորդին հրամցնել վատ, անորակ ապրանք: Պետք է սեփական գործին առողջ քննադատությամբ մոտենալ:

Երկար ժամանակ լինելով բիզնեսի աշխարհում` մի՞թե չեք դավաճանել Ձեր կանացի նկարագրին:

– Չէ՛, չէ՛, երբեք: Ասեմ` դա շատ հեշտ է: Պարզապես կինը ոչ մի պահ չպետք է մոռանա, որ ինքը, ամեն դեպքում, կին է: Կանացի նրբագեղությունն ինձ համար աստվածություն է: Սակայն կա մի ճշմարտություն ևս. կինը ծաղիկ է և կարիք ունի անընդհատ խնամելու և ուշադրության: Եթե կնոջն անուշադրության են մատնում, նա թոշնում է: Այնպես որ մի փոքրիկ ուշադրություն, և կինը կժպտա այնպես, ինչպես գարնան նորաբաց ծաղիկը:

Իսկ դժվա՞ր է մեր երկրում բիզնես անելը:

– Գիտեք, շատ գործարարներ նորանկախ Հայաստանի ծաղկման ժամանակ եկան Հայաստան, փող բերեցին, ուզում էին տնտեսության նշաձողը բարձրացնել, բայց որոշ հայ գործարարներ նրանց խաբեցին, ու նրանք էլ հուսալքված հեռացան Հայաստանից:

Ինձ համար շատ դժվար է այստեղ բիզնես անելը: Ես ամեն ինչ օրենքով եմ անում, կաշառքի, կոռուպցիայի մասին անգամ չեմ էլ իմացել, իսկ այստեղ օրենքով աշխատողներին այնքան էլ չեն ընդունում, քչերն են սիրում: Ամեն դեպքում, հույսս չեմ կորցնում, որ ամեն ինչ լավ կլինի:

Տիկին Աշխեն, ես վստահ եմ, որ սուրճը, իրոք, Ձեր տարերքն է: Իսկ երբ ազատ ժամանակ եք ունենում, ի՞նչ նախասիրություններ ունեք, ինչո՞վ եք սիրում զբաղվել:

– Չնայած ճարտարապետ-դիզայներ չդարձա, բայց բոլորովին չեմ օտարացել այդ ամենից: Ազատ ժամանակ հագուստի, զարդերի, պայուսակների գծագրեր եմ անում, որոնք հետագայում անպայման շունչ ու տեսք են ստանում:  Շատ եմ սիրում խոհանոցային իրարանցումը: Սիրում եմ, երբ տանը շատ հյուրեր են լինում, սիրում եմ հյուրերին իմ պատրաստած ուտեստները մատուցել: Էական չէ` ինչ, կարևորը` սիրով եմ պատրաստում ու մատուցում: Ի դեպ, ինչ բնագավառում էլ որ գործես, պետք է յուրաքանչյուր դետալի մեջ մի կաթիլ սեր ներարկես, և միայն այդ դեպքում ամեն ինչ հաջողությամբ կպսակվի:

Շնորհակալություն, տիկին Աշխեն, անկեղծ զրույցի համար:

– Ասեմ, որ լրագրողներին շատ եմ սիրում, երևի մեր սերը փոխադարձ է: Թե՛ Երևանում, թե՛ Փարիզում: Իհարկե, պատահել են լրագրողներ, որոնք ցանկացել են աղմկահարույց հրապարակումներով անուն վաստակել, բայց թերթերը հո միայն աղմկահարույց հրապարակումների համար չեն: Ֆրանսիայում էլ թերթեր կան, որոնք «դեղին մամուլի» համարում ունեն, բայց ամեն ինչ անում են զուսպ, ճաշակով:

 

Հարցազրույցը վարեց

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆԸ

 

Դիտվել է 2669 անգամ:
Print Friendly

Leave a Reply