Համո Օհանջանյան

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | September 26, 2011 7:00

Համազասպ Օհանջանյանը ծնվել է 1873 թ., Ախալքալակում: Նախնական կրթությունն ստացել է տեղում, ապա ավարտել Թիֆլիսի պետական գիմնազիան: Դրանից հետո բժշկի մասնագիտություն է ձեռք բերել Շվեյցարիայի (Լոզան) և Մոսկվայի համալսարաններում, որտեղ ուսանելու տարիներին արդեն ակտիվ կուսակցական գործունեություն էր վարում:

Դեռ պատանության տարիներից Օհանջանյանը հարեց Հայ հեղափոխական դաշնակցությանն ու իր կյանքն ու գործունեությունը ամբողջովին կապեց կուսակցության հետ: Վաղ տարիքից անդամակցեց ՀՅԴ-ին և կատարում էր կուսակցության զանազան հանձնարարություններ Մհերյան ծածկանվամբ: Բժշկությանը զուգահեռ` Օհանջանյանը լրագրությամբ էր զբաղվում` թղթակցելով «Հառաջ» թերթին:

Նա շատ արագ  դարձավ ՀՅԴ-ի աչքի ընկնող գործիչներից մեկը և 1908 թ. «Դաշնակցության գործով» առաջիններից մեկը հենց ձերբակալվեց և դատապարտվեց: Սիբիրի տաժանավայրերում ազգանվեր հեղափոխականն անցկացրեց մինչև 1915 թ.:

Վերադառնալով աքսորավայրից` Օհանջանյանը անմիջապես գործի անցավ: Խառը ժամանակներ էին, և կուսակցությունն Օհանջանյանի նման եռանդուն ու կարող ձեռքի կարիք ուներ: Նա զբաղվում էր բազմահազար գաղթականների պարենավորման և տեղավորման խնդիրներով, հայկական ճակատի սպառազինման ու հանդերձավորման հարցերով… Շուտով նա մեկնեց Վան և Արամ Մանուկյանի հետ ձեռնամուխ եղավ Վասպուրականի ինքնավարության կազմակերպման գործին:

Ռուսաստանում հոկտեմբերյան հեղաշրջման հաղթանակից հետո նոր իրավիճակ ստեղծվեց ռուս-թուրքական Կովկասյան ճակատում: Ռուսական բանակը, լքելով դիրքերը, փախչում էր Ռուսաստան` ճակատը թողնելով հայկական կամավորական փոքրաթիվ ջոկատների հույսին: Հայոց ազգային խորհուրդը իրավիճակը փրկելու համար որոշեց պատվիրակություն ուղարկել Գերմանիա` փորձելով համաձայնության գալ գերմանացիների հետ` թուրքական ձգտումները զսպելու ուղղությամբ:

Հայկական պատվիրակությունը գլխավորեց հենց Համո Օհանջանյանը: Սակայն պատվիրակությունը չկարողացավ լուծել իր  առջև դրված խնդիրները:

1918 թ. մայիսին Փարիզի վեհաժողովին մասնակցելու համար հայկական պատվիրակության կազմում Եվրոպա մեկնեց նաև Օհանջանյանը, ուր մնաց մինչև 1920 թ.:

Վերադառնալով Հայաստան` վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի կառավարությունում զբաղեցրեց արտաքին գործերի նախարարի պաշտոնը: Հայաստանում սկսվեց բոլշևիկների գլխավորած մայիսյան խռովությունը: ՀՀ քաղաքական մի շարք ուժեր` էսէռների գլխավորությամբ, ՀՅԴ-ից պահանջեցին հրաժարական տալ և իշխանությունը հանձնել բոլշևիկներին: Ի դեպ, այդ առաջարկը պաշտպանում էր նաև գեներալ Թովմաս Նազարբեկովը` պատճառաբանելով, որ բոլշևիկյան Ադրբեջանի հետ առճակատումը կհանգեցնի տարածքային կորուստների: Սակայն իրադարձություններն այլ ընթացք ստացան:

1920 թ. մայիսին հրաժարական է տալիս Ալեքսանդր Խատիսյանի գլխավորած կառավարությունը: Հայաստանում նոր կառավարություն ձևավորեց ՀՅԴ բյուրոն` Համո Օհանջանյանի գլխավորությամբ:

Պետք է նշել, որ Օհանջանյանը կարողացավ կտրուկ քայլերով երկրում կայունացնել իրավիճակը: Նա ճնշեց բոլշևիկյան ապստամբությունը, խստորեն պատժեց կազմակերպիչներին, բանակի միջոցով ճնշեց նաև Հայաստանի մի քանի գավառներում ծայր առած թաթարական խռովությունները:

Հենց Օհանջանյանի կառավարության օրոք` 1920 թ. օգոստոսի 10-ին, ստորագրվեց, թերևս, հայ ժողովրդի պատմության մեջ ամենանպաստավոր համաձայնագիրը` Սևրի պայմանագիրը: Նա հատուկ ուշադրություն դարձրեց նաև հայ-ռուսական հարաբերություններին և հատուկ հանձնարարականով Մոսկվա ուղարկեց Լևոն Շանթին` բանակցելու բոլշևիկյան կառավարության հետ:

Օհանջանյանի վարչապետությունը ծանր էր: Սեպտեմբերին սկսվեց հայ-թուրքական պատերազմը, ճակատը ներսից քայքայում էին հայ բոլշևիկները: Ի վերջո, նոյեմբերի 23-ին հրաժարական տվեց նաև Համո Օհանջանյանի կառավարությունը: Իր կոչում` ուղղված կառավարությանը, վարչապետն ասաց. «Բացվում է նոր շրջան, քաղաքական ուժերի նոր սիտուացիա… Իմ կառավարությունը ներկայացրեց իր հրաժարականը՝ նկատի ունենալով հանրապետության շահերը»:

Խորհրդային կարգերի հաստատումից հետո, ի թիվս շատերի, հայրենիքը փորձեց լքել նաև Համո Օհանջանյանը, սակայն ՉԿ-ն հայ-վրացական սահմանի վրա ձերբակալեց: Մոտ երեք ամիս Օհանջանյանի գլխին Երևանի բանտում կախված էր թուրք-բոլշևիկի յաթաղանը:

Օհանջանյանն ու մյուս հայ քաղաքական գործիչները փրկվեցին մահից 1921 թ. փետրվարին սկսված հակաբոլշևիկյան ապստամբության շնորհիվ: Ապստամբության պարտությունից հետո` ապրիլին, Օհանջանյանը տարագրվեց երկրից ու հաստատվեց Եգիպտոսում` Կահիրեում:

Կարելի է ասել, որ Համո Օհանջանյանն իր երկրին, իր ժողովրդին տվեց ամեն ինչ, ինչ որ ուներ: 1918 թ. մայիսին Ղարաքիլիսայի հերոսամարտում զոհվեց նրա ավագ որդին: Նրա քույրը` Սաթենիկը, նույն թվականին վախճանվեց տիֆից` հոսպիտալում վիրավորներ խնամելիս: Ակտիվ հասարակական, կուսակցական կյանք էր վարում նաև Օհանջանյանի կինը` Ռուբինա Արեշյանը, որ Սուլթան Համիդի դեմ մահափորձի անմիջական կազմակերպիչներից էր և ՀՅԴ հիմնադիր Քրիստափոր Միքայելյանի հոգեզավակը:

Կահիրեում էլ Օհանջանյանը 1947 թ., 74 տարեկան հասակում կնքեց մահկանացուն: Շիրիմին արձանագրվեց. «Ապրեցավ, ինչպես քարոզեց»:

 

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

 

Դիտվել է 3230 անգամ:
Print Friendly

Leave a Reply