Ե՞րբ կարելի է ներկայացնել վերաքննիչ բողոք

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | September 29, 2011 7:00

Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը ժամկետի բացթողումը համարում է հարգելի: Դատարանի՝ սնանկության գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այդ ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` տասնհինգօրյա ժամկետում, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը ժամկետի բացթողումը համարում է հարգելի:

Այն բացառիկ դեպքերում, երբ գործն ըստ էության լուծող դատական ակտերը հրապարակման պահից դատավորի կողմից հայտարարվել են օրինական ուժի մեջ մտած, այդ դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում:

Միջանկյալ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել միայն օրենքով նախատեսված բացառիկ դեպքերում:

Առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ մտած ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքը կարող է ընդունվել քննության այն բացառիկ դեպքերում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց  հետևանքով ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, կամ առկա են նոր երևան եկած կամ նոր հանգամանքներ:

Գործի քննությանը չմասնակցած այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, իրավունք ունեն վերաքննիչ բողոք բերելու այն օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման դատական ակտի կայացման մասին: Գործի քննությանը չմասնակցած այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, չեն կարող համապատասխան բողոք ներկայացնել, եթե դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի: Սույն նորմը չի տարածվում քրեական գործերի վրա:

Ընդ որում, վերաքննիչ բողոք կարող է ներկայացնել անձանց որոշակի շրջանակ: Առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ, բացառությամբ այն ակտերի, որոնց համար վերաքննություն օրենքով նախատեսված չէ, վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն՝

  1. գործին մասնակցող անձինք,
  2. դատախազը՝ օրենքով նախատեսված դեպքերում,
  3. գործի քննությանը չմասնակցած այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ:

Իսկ վերաքննիչ բողոք բերելու համար հիմք է համարվում դատական սխալը՝ նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, ինչպես նաև` նոր երևան եկած կամ նոր հանգամանքները:

 

 

Ավետիք Հարությունյան

 

Դիտվել է 1612 անգամ:
Print Friendly

Leave a Reply