Կրկին կրճատված հնարավորություններով

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | September 27, 2011 7:00

Երկրորդ օլիմպիական խաղերից առաջ դարձյալ անցանկալի իրավիճակում են հայտնվել Հայաստանի թհեքվանդոյիստները: Չորս տարի առաջ մերոնք բաց են թողել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կազմակերպված աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային էր օլիմպիական խաղերի համար: Նույնը կրկնվեց նաև այս տարվա հունիսին, երբ այդ մարզաձևի աշխարհի առաջնության մասնակիցներին նորից Բաքուն հյուրընկալեց: Կատարվածի և մերոնց առաջիկա անելիքների մասին զրուցեցինք Հայաստանի թհեքվանդոյի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանի հետ:

– Հույս կա՞, որ մասնակից կունենանք «Լոնդոն 2012»-ի օլիմպիական խաղերում:

– Նախ հայտնեմ, որ դիմել ենք թհեքվանդոյի միջազգային ու Եվրոպայի ֆեդերացիաների ղեկավարներին, որպեսզի աշխարհի առաջնությունները շարունակ Բաքվում անցկացնելու հարցը քննարկվի: Եթե քայլեր չձեռնարկվեն, ապա դիմելու ենք Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարությանը, որպեսզի իր հերթին հիմնախնդիրը ներկայացնի ՄՕԿ-ի ղեկավարության ուշադրությանը: Աշխարհի առաջնությունում մրցանակակիր դարձած բոլոր մարզիկներն էլ օլիմպիական ուղեգրերի են արժանացել: Մեր հույսն այն է, որ Հայաստանի ներկայացուցիչները օլիմպիական խաղերի վարկանիշ լրացնեն հունվարի 27-ին Կազանում մեկնարկելիք Եվրոպայի առաջնությունում: Ամեն քաշային կարգում կրկին վիճարկվելու է 3 ուղեգիր: Փաստորեն, մեր հնարավորությունները կիսով չափ կրճատված են: Ի դեպ, հոկտեմբերի 4-11-ը Կիպրոսի Պաֆոս քաղաքի մարզապալատում կայանալու է Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Զուգահեռ անցկացվելու է նաև  Եվրոպայի թհեքվանդոյի ֆեդերացիայի համաժողովը: Կփորձենք բարձրացնել այն հարցը, որ աշխարհի առաջնություններն այսուհետ այնպիսի  երկրներում կազմակերպվեն, որտեղ մյուս պետությունների ներկայացուցիչները մասնակիցներ ուղարկելու հարցում խնդիրներ չեն ունենա:  Ի դեպ, անցկացվելու են այդ կազմակերպության նախագահի ընտրություններ: Ընդ որում, առաջադրվել է նաև Թուրքիայի ներկայացուցչի թեկնածությունը: Մեծ պայքար է սպասվում: Պետք է փորձենք աջակցել այն թեկնածուին, որը հետագայում կարող է մեզ օգնել կարգավորելու կնճռոտ հարցերը …

– Մեր երկրի թհեքվանդոյիստները Համաշխարհային ուսանողական խաղերում, որպես կանոն, միշտ էլ անմասն չեն մնացել խաղարկվող պարգևներից: Սակայն Չինաստանի Շենժեն քաղաքում կայացած վերջին ստուգատեսում մերոնք չարդարացրին սպասելիքները: Պատճառն ի՞նչ էր:

– Չինաստանում  երեք թհեքվանդոյիստ ունեինք, սակայն մեր բոլոր մարզիկներն էլ վնասվածք են ստացել: Այդ է պատճառը, որ  ունիվերսիադայի եռակի բրոնզե մեդալակիր Արման Երեմյանը (80 կգ) և Լևոն Փաշաբեզյանը (58 կգ) բավարարվել են 5-րդ տեղով: 58 կգ քաշային Հայկազ Սամվելյան էլ մրսել էր, ջերմություն ուներ և թուլացած էր մրցասպարեզ մտել: Այդուհանդերձ, 152 պետությունների պայքարում թիմային հաշվարկով մերոնք 5-րդ տեղում են, որ լավ արդյունք է:

– Այժմ ինչո՞վ են զբաղված մեր առաջատարները:

– Ապաքինում են վնասվածքները: Ապա կհաջորդի ուսումնամարզական հավաքը, հետո հավաքականը պարապմունքները կշարունակի Իրանում: A կարգի մրցաշարեր են կազմակերպվելու Սերբիայում և Ֆրանսիայում: Կմասնակցենք դրանցից մեկին: Հնարավորը պետք է արվի, որպեսզի կազմուպատրաստ ներկայանանք օլիմպիական վարկանիշային մրցաշարին:

– Իսկ Կիպրոսոմ կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնությանը Հայաստանից քանի՞ մարզիկ է մասնակցելու:

– Այժմ հավաքականում սերնդափոխություն է: Հայաստանը կներկայացնի 7 թհեքվանդոյիստ: Ընդ որում, արժանավորները շատ են: Ի վերջո, այդ պատիվը վստահվել  մինչև 45 կգ քաշային Սերգեյ Ավանեսովին, Լևոն Մադաթյանին (48 կգ), Միքայել Բաղդասարյանին (51կգ), Արթուր Առաքելյանին (55 կգ), Հակոբ Ղազարյանին (59 կգ), Սերգեյ Վարդազարյանին (63 կգ), Նարեկ Զարգարյանին ( 68 կգ): Սպասելիքները մեծ են: Վերջին անգամ երկու տարի առաջ կայացած այս ստուգատեսում մերոնք տիրացել էին մեկ բրոնզե մեդալի: Ակնկալվում է, որ Եվրոպայի երիտասարդական առաջնությունը մասնակիցների ներկայացուցչական կազմ հավաքի: Ուժերն են չափելու  շուրջ հինգ տասնյակ երկրների մարզիկներ:

 

 

 

 

Դիտվել է 921 անգամ:
Print Friendly

Leave a Reply