Ռ. Մեհրաբյան. «Եթե Բաքվում 2-3 ուղեգիր ձեռք բերենք` լավ արդյունք կհամարվի»

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | September 24, 2011 7:00

Հայաստանի բռնցքամարտի ազգային հավաքականն ավարտեց երևանյան ուսումնամարզական հավաքը և պատրաստ է սեպտեմբերի 22-ին մեկնել Թբիլիսի, այնտեղից էլ` Բաքու, որտեղ սեպտեմբերի 26-ին մեկնարկելու է այս մարզաձևի աշխարհի առաջնությունը: Այն կարևոր է, հատկապես այն առումով, որ մեդալներից բացի, վիճարկվելու են 2012-ին Լոնդոնում անցկացվելիք օլիմպիական խաղերի ուղեգրեր:

Սեպտեմբերի 7-21-ը Հայաստանի հավաքականի 22 բռնցքամարտիկ ուսումնամարզական վերջին հավաքն անցկացրեց Աբովյանի մարզաբազայում: Նախապատրաստությանը չէր մասնակցում աշխարհի պատանիների, Եվրոպայի երիտասարդների նորընծա չեմպիոն, 49 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը: Գուցե դա զարմանալի թվա, քանի որ այդ մարզիկն այժմ օրեցօր առաջադիմում է: Սակայն Հայաստանի հավաքականի  գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանն իր նկատառումներն ունի, առավել ևս, որ այդ քաշային կարգում երկար ժամանակ է` նախապատրաստվում է Հայաստանի հավաքականի հնաբնակ, Եվրոպայի նախկին չեմպիոն  Հովհաննես Դանիելյանը: Եթե նա չարդարացնի սպասելիքները, մարզիչը մտադիր է Սողոմոնյանին օլիմպիական վարկանիշային այլ մրցաշարերում իր կարողությունները փորձելու հնարավորություն տալ: Բացի այդ, մարզիչը կարծում է, որ նա վերջերս է մասնակցել  հին աշխարհամասի երիտասարդական առաջնությանը և դեռևս չի հասցրել լիովին վերականգնել ուժերը: Իսկ եկող տարի  նա արդեն  պատրաստ կլինի առանց որևէ խնդրի մասնակցելու վարկանիշային մրցումների:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը  սովորություն չունի նախապես հրապարակելու թիմի կազմը, առավել ևս, երբ որոշ քաշային կարգերում մեկից ավելի թեկնածուներ կան: Այնպես որ, թիմի վերջնական կազմը հայտնի կդառնա միայն մրցավայր մեկնելուց առաջ: Նախատեսվում է, որ աշխարհի առաջնությանը մեր երկիրը ներկայանա 10 մարզիկով: Մասնակիցներ կունենանք  բոլոր քաշային կարգերում, բացառությամբ առաջին ծանր քաշային կարգի: Ինչպես հայտնի է,  91 կգ քաշային Ցոլակ Անանիկյանը անսպասելիորեն որոշել է բախտ որոնել պրոֆեսիոնալ ռինգում: Ի դեպ, այս մարզիկի համար շատ բան է արվել, որպեսզի  բարձրակարգ բռնցաքմարտիկ դառնա, իսկ այժմ, ի պատասխան նրա մատուցած անցանկալի անակնկալի, Վրաստանում ծնված երիտասարդից վերցրել են հայկական անձնագիրը:

Ինչևէ, բացի Դանիելյանից, հավաքականի  հիմնական թեկնածուներ են Դերենիկ Գիժլարյանը (52 կգ), Հովհաննես Բաչկովը (56 կգ), Վլադիմիր Սարուխանյանը (60 կգ), Հրաչյա Ջավախյանը (64 կգ), Սամվել Մաթևոսյանը (69 կգ), Անդրանիկ Հակոբյանը (74 կգ), Արթուր Խաչատրյանը (81 կգ), Արմեն Սիմոնյանը (+ 91 կգ):

Հավաքականի մարզիչը, չանտեսելով աշխարհի առաջնությունում մեդալներ նվաճելու կարևորությունը, այնուամենայնիվ,  կարծում է, որ առաջնահերթ իր սաները պետք է փորձեն օլիմպիական խաղերի ուղեգրերի տիրանալ: Իսկ դրա համար նրանք պետք փորձեն իրենց քաշային կարգերում տեղ զբաղեցնել 1-8-րդ հորիզոնականներում:

Առայժմ պարզ չէ, թե ինչ վիճակում կարող են հայտնվել Բաքվում մեր երկրի պատվիրակները: Դառը փորձը կա.  անցած տարի Ադրբեջանում աշխարհի երիտասարդական առաջնությանը մասնակցած Հայաստանի հավաքականը տխուր հիշողություններով է վերադարձել: Մերոնք գրեթե բանտային պայմաններում էին հայտնվել. առանց հեռախոսների, սնունդը նորմալ չի եղել, դահլիճում իրեր են նետել   Հայաստանի պատվիրակների վրա և այլն: Ընդ որում, այդ ստուգատեսը նույնպես վարկանիշային էր Սինգապուրում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի համար: Եվ մերոնք ոչ մի ուղեգրի չեն տիրացել: Ի վերջո, որպեսզի Հայաստանի ներկայացուցիչների սիրտը շահեն, պատանեկան օլիմպիական  խաղերի կազմակերպիչները, բացառության կարգով, այդ ստուգատեսին առանց ուղեգրի մասնակա ելու հնարավորություն են տվել Հայաստանի մեկ բռնցքամարտիկի:

Թե մերոնց անվտանգության ինչ երաշխիքներ են տրվել առաջիկա աշխարհի առաջնությունից առաջ, Մեհրաբյանը դժվարացավ ասել` պարզաբանելով, որ ինքն ամբողջովին կենտրոնացած է, ամեն բան անում է, որ որևէ բաց չլինի Հայաստանի հավաքականի նախապատրաստության հարցում: Իսկ  մեր երկրի պատվիրակության անվտանգության խնդիրներով ղեկավար այրեր են զբաղվում, սակայն ոչ մեկը ստույգ ասել չի կարող, թե ինչ  ընդունելություն կարող է սպասել սահմանակից երկրում, և ինչ անակնկալներ են հնարավոր: «Մի բան ակնհայտ է, որ շատ դժվար է լինելու: Սակայն ինչ էլ որ պատահի, մեր ամեն բռնցքամարտիկի ռինգում միայն մեկ մրցակից է սպասելու, իսկ այդ պարագայում պետք է մտածել միայն ավելի ուժեղ գտնվելու, հաղթելու մասին», -ասաց Մեհրաբյանը:

Ի դեպ, մեր երկրի ընտրանին տարեսկզբից լրջորեն նախապատրաստվել է, մի շարք ուսումնամարզական հավաքներ է անցկացրել: Ընդ որում, երկուսը` բռնցքամարտիկների ուժեղ կազմ ունեցող Իրանի հավաքականի հետ: Մերոնք Աբովյանում կազմակերպված հավաքից առաջ  Թեհրանում էին, իսկ մինչև այդ Իրանի հավաքականն է համատեղ մարզումներ անցկացնելու համար Հայաստան այցելել: Բացի այդ, մերոնք կարողություններն են փորձել միջազգային մի շարք մրցաշարերում, նաև Ստամբուլում կազմակերպված Եվրոպայի առաջնությունում, որտեղ Սարուխանյանը դարձել է բրոնզե մեդալակիր:

Մեհրաբյանը ցավ հայտնեց, որ օլիմպիական խաղերից առաջ Հայաստանի հավաքականն անտեղի կորուստներ ունի:

Անանիկյանի նման  պրոֆեսիոնալ բռնցքամարտում է ուժերը չափում Ազատ Հովհաննիսյանը: Ի դեպ, նա  վերջերս  Երևանի մարզահամերգային համալիրում կազմակերպված «Հայաստանը` ընդդեմ աշխարհի» բռնցքամարտի երեկոյի շրջանակներում հավաքականից հեռացած մեկ այլ բռնցքամարտիկի` Գաբրիել Տոլմաջյանի հետ միասին հանդիպում անցկացրեց: Եվ երկուսն էլ հաղթեցին մրցակիցներին: Ազատը վերջերս է  տեղափոխվել պրոֆեսիոնալ ռինգ, իսկ Գաբրիելը` 2007-ից, երբ ԱՄՆ-ում կազմակերպված աշխարհի առաջնությունից հետո այլևս Հայաստան չվերադարձավ: Նրա ծնողներն արդեն այնտեղ էին բնակվում: Կատարվածը մեծ  բաց է մեր հավաքականի համար: Այդուհանդերձ, դժվար է դրա համար  որևէ մեկին մեղադրել: Ապրուստի խնդիր է: Սակայն փաստն այն է, որ հավաքականի մարզիչը տարիներ ի վեր սաներ է աճեցնում, և երբ գալիս է նրանց արդյունք տալու ժամանակը, պարզվում է, որ կյանքի թելադրանքով բռնցքամարտիկներն այլ ճանապարհ են ընտրել:

Այս ամենից սրտնեղած` Մեհրաբյանը հայտնեց, որ բռնցքամարտիկը նախքան պրոֆեսիոնալ դառնալը պետք է փորձի թրծվել, նաև հաջողությունների հասնել սիրողական ռինգում: Ի դեպ, մեր երկրի հավաքականի կորուստները դրանով չեն սահմանափակվել: Եվրոպայի նախկին չեմպիոն Էդիկ Համբարձումյանն էլ, որ բնակվում է Սոչիում, երիտասարդ հասակում` 23 տարեկանում, որոշել է մարզչական աշխատանքով զբաղվել: «Խոսվում էր այն մասին, որ նա Ռուսաստանի հավաքական է տեղափոխվում, բայց ամռանը` բռնցքամարտի Հայաստանի առաջնության օրերին, էդիկը Երևանում էր: Նա չի մարզվում, գիրացել է, շուրջ 80 կգ է կշռում: Օլիմպիական խաղերից առաջ դա մեր երրորդ խոշոր կորուստն էր, որը լուրջ հարված է հավաքականի համար»,- ասաց  Մեհրաբյանը:

Հետաքրքրում էր, թե այնուամենայնիվ փորձառու մասնագետն ի՞նչ կարծիքի է հավաքականի ներկայիս կազմի հնարավորությունների մասին, հատկապես ո՞ր բռնցքամարտիկից են սպասելիքները մեծ: Պարզվեց, որ  կրկին լավ մարզավիճակում է Հակոբյանը, և նա ձգտելու է անպայման մեդալ նվաճել: «Եթե վիճակահանությունը փոքր-ինչ լավ ստացվի, Դանիելյանը, Սարուխանյանը, Ջավախյանը, հավաքականի մյուս անդամները կարող են լավ արդյունքի հասնել: Բաքվում 2-3 օլիմպիական ուղեգիր ձեռք բերելը լավ արդյունք կհամարվի»,- ասաց Մեհրաբյանը:

 

Հ.Գ. Վերջին պահին որոշվել է հավաքականում ընդգրկել բոլոր թեկնածուներին` բացառությամբ 52 կգ քաշային Դ. Գիժլարյանի:

Դիտվել է 1049 անգամ:
Print Friendly

Leave a Reply