«Արա՛, Գագո՞ն ով ա…Էդ մեր պապերի երգն ա…»

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | September 23, 2011 7:13

«Հայեր, միացե՛ք, միացե՛ք, հայեր,

Արցախն է մեզ կանչում, օգնության հասնենք,

Դեռ ճամփա ունենք, պիտ հասնենք Սասուն,

Քաջերի հողը մեզ է սպասում…»:

Մեծ էր զարմանքս, երբ 23 տարի անց հանդիպեցի այն մարդուն, որը ստեղծել էր այս երգն ու էլի շատ երգեր, որոնք ես ու իմ հասակակիցները, 6-7 տարեկանից սկսած, երգում էիք գրեթե բոլոր մանկապատանեկան միջոցառումների ժամանակ. «Գետաշեն», «Հպարտ գնացեք», «Պիտի գնանք» և այլն: Միշտ մտածել եմ, որ դրանք հին ժողովրդական երգեր են, որոնք փոփոխվելով, վերամշակվելով եկել-հասել են մեր օրերը: Այնինչ, դրանց ստեղծողը` գուսան Հայկազունը (Գագիկ Նազարյան), դրանք ստեղծել է հենց արցախյան շարժման ժամանակ:

1988 թվականին, երբ «Հայեր, միացե՛ք»-ն առաջին անգամ հնչեց Ազատության հրապարակում, անասելի արագությամբ տարածվեց` դառնալով շարժման յուրօրինակ հիմնը: Երևի թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում չկար մի հայ, որ անգիր չիմանար այն:

Արտաշատցի, մասնագիտությամբ շինարար Գագիկը մինչ շարժումը գրեթե կապ չուներ երգի հետ: 88-ին նա ակտիվորեն ներգրավվում է շարժման մեջ` դառնալով Արտաշատի «Ղարաբաղ» կոմիտեի ակտիվ անդամներից մեկը. «Հայեր, միացեք» վանկարկումն ինձ հուշում էր, որ դա երգ է, և պետք է երաժշտության ձևով մատուցել,- ասում է նա:- Առաջին անգամ երգը կատարվեց Արտաշատում` մայիսի 17-ին: Այդ օրը լավ եմ հիշում, քանի որ նույն օրը նաև դուստրս ծնվեց»:

Դրանից մոտ 10 օր հետո 1000-2000  արտաշատցի Գագիկի հետ միասին, «Հայե՛ր, միացե՛ք»-ը երգելով, ոտքով եկավ Երևան ցույցի: «Հարյուրհազարավոր միտինգավորներ ճանապարհ բացեցին, և մենք երգելով մտանք Ազատության հրապարակ: Հաջորդ օրը  1000-ավոր օրինակներով երգը տարածեցինք, և շատ կարճ ժամանակ անց բոլորն արդեն գիտեին այն,- պատմում է գուսան Հայկազունը:- Ամբողջ երգի մեջ ոչ մի ավելորդ բառ չկա, արտահայտված է այն, ինչ այդ պահին կար ժողովրդի սրտում ու լեզվին: Դա էր պատճառը, որ երգը սիրվեց բոլորի կողմից, և հարյուրավոր հայ երգիչներ ու խմբեր կատարեցին այն աշխարհի բոլոր ծայրերում»:

Թե ինչ զորեղ ուժ ունի երգը, հայտնի է բոլորին: Բայց այն առավել քան կարևոր էր այնպիսի մի ժամանակաշրջանում, ինչպիսին արցախյան գոյամարտն էր: «Պատերազմի դաշտում լավ երգը ծանր հրետանու դեր է կատարում,- ասում է գուսանը, որ մասնակցել է արցախյան  պատերազմին ոչ միայն իր երգով, այլև զենքով:- Ամենածանր պահին սկսում էինք երգել ու մոռանում էինք ամեն ինչ` մտածելով մի բանի մասին` առաջ գնալ ու հաղթել»:

Հետաքրքիր պատմություն ունի «Գետաշեն» երգը:

«Բազմել ես լեռներին, ունես հազար շեն,

Արծիվների բույն ես, ըմբոստ Գետաշեն,

Բարբարոս ցեղերին անդադար սանձող

Քաջերի ամրոց ես, իմ քաջ Գետաշեն»:

«Մենք Արտաշատի մեր երկրապահ ջոկատով թռչում էինք Գետաշեն: Զինված բարձրանում էինք ուղղաթիռ, երբ հրամանատարը թևիցս քաշեց ու իջեցրեց. «Ափսոս ես, ո՞ւր ես գնում, մի քյոռ գյուլլա կկպնի քեզ, դու մնա, Գետաշենի մասին երգ գրի»: Մնացի, երեք օրում երգը գրեցի և հաջորդ ուղղաթիռով թռա Գետաշեն, տղաների հետ էդ երգը երգեցի Գետաշենում»:

Այդ երգի հետ կապված մի հետաքրքիր պատմություն էլ կա. երբ Շահումյանը դատարկվում էր, գաղթականների հոսքը դեպի Ստեփանակերտ անվտանգ ապահովելու նպատակով հայկական ջոկատներից մեկը հսկում էր Մարտակերտ-Շահումյան սահմանամերձ գոտում գտնվող անտառը: Առավոտյան զինվորներից մեկը հրամանատարին հայտնում է, թե անտառի մեջ երեխաների լացի ձայն է լսել: Ամբողջ անտառով մեկ սկսում են փնտրել այդ երեխաներին, ձայն են տալիս, բայց ոչ ոք վախից դուրս չի գալիս: Հավանաբար մտածում էին, թե կարող է թակարդ լինել, և իրենք կարող են թուրքի ձեռքն ընկնել: Հրամանատարը ելքը գտնում է. ամբողջ ջոկատին կանգնեցնում է և ասում. «Գետաշենը երգեք»: Երգից հետո թփերի տակից մի ծերունի է դուրս գալիս` միփողանի հրացանով, իսկ հետևից` 43 տկլոր, սոված որբեր:

1992 թվականն էր` պատերազմի ամենածանր ժամանակները, երբ գնալով մեծանում էր զոհերի, միաժամանակ և պատերազմից խուսափողների թիվը: «Ես ոգևորելու համար գրեցի «Հպարտ գնացեք» երգը. «Ինչքան էլ որ դժվար լինի, դիմացե՛ք, վախկոտն ամեն օր է մեռնում, իմացե՛ք, քաջերը` մեկ անգամ, փառքով, իմացե՛ք, հողը արյունով են պահում, իմացե՛ք…»: Ըստ հեղինակի` երգն իսկապես հասնում է իր նպատակին:

Պատերազմի ավարտից հետո գուսան Հայկազունը բազմաթիվ երգեր է գրել զոհված ազատամարտիկների հիշատակին («Վեր կաց, Շահեն», որը նվիրված է ազգային հերոս Շահեն Մեղրյանին, «Շուշի»` նվիրված լեգենդար Կոմանդոսին, «Ինչո՞ւ ընկար»` Գետաշենի ինքնապաշտպանական ջոկատների փոխհրամանատար Արթուր Կարապետյանի հիշատակին և այլն), երգեր` նվիրված արցախյան ազատամարտին, հայոց բանակին, Եռաբլուրին, Ջավախքին, անգամ` հայոց քարտեզին: Գագիկ Հայկազունի մի քանի երգեր արդեն 20 տարի է` հայկական բանակի քայլերգեր են:

Նրա երգերից շատերն այնքան են սիրվել ու հարազատացել, որ միշտ ընկալվել են իբրև ժողովրդական արժեք` հետին պլան մղելով հեղինակին: «Մի տարի ընկերներով և ընտանիքներով գնացել էինք Աշնակ գյուղ` նշելու Գևորգ Չաուշի օրը,- հիշում է նա,-հարյուրավոր մարդիկ էին հավաքված, տարբեր ազգագրական խմբեր կատարում էին ազգային երգեր, և մեկ էլ հնչեց «Հայեր միացեք»-ը: Ընկերներս հպարտ ու ոգևորված ասացին. «Գագո, քո երգն են երգում, քո երգն են երգում…»: Մեկ էլ կողքից մեկն արձագանքեց. «Արա, Գագո՞ն ով ա… էդ մեր պապերի երգն ա…»: Ա՛յ, հենց դրա մեջ է երգի առավելությունն ու ուժը»:

Իր համեստ միջոցներով գուսան Հայկազունը զբաղվում է նաև բարեգործությամբ: Անցյալ տարվա համերգներից գոյացած հասույթը, օրինակ, հանձնում է այս տարվա հունվարի 1-ից մինչև տարվա վերջ Քաշաթաղի Երիցվանք  գյուղում ծնված երեխաներին. «Մարտ ամսին գյուղապետը զանգեց, թե գուսան, առաջին թոռնիկդ ծնվել է»,-պատմում է նա: Խոստացածի համաձայն` գուսանն իր «Հայկազունք» խմբով գնում է Երիցվանք` գումարը (70 000 դրամ) հանձնելու նորածնի ընտանիքին և տոնելու երեխայի ծնունդը: Հաջորդ օրը գյուղապետը զանգում է նրան ու կես կատակ-կես լուրջ ասում. «Գուսան, էս ի՞նչ արեցիր, իրիկունը ժամը 8-ից հետո գյուղում լույս չկա, բոլորը զբաղված են էդ գործով…»:

Երիցվանքը նոր կազմավորված հայկական գյուղ է, որտեղ անցյալ տարի ծնվել է ընդամենը 7 երեխա: «Ես ինքս մեծ հնարավորություններ չունեմ, արդեն 10 տարի է` Երևանում վարձով եմ ապրում, վերջերս էլ ինձ աշխատանքից ազատեցին (մաքսային համակարգում էի աշխատում, չնայած այդպես էլ մաքսավոր չդարձա), բայց ինչքան մեծ հնարավորություն ունեցողներ կան, որ կարող են դա անել»,-նկատում է նա:

Այս տարի գուսան Հայկազունի անմիջական ջանքերով ու միջամտությամբ Հայաստանից արդեն 80 ընտանիք է վերաբնակեցվել Քաշաթաղի գյուղերում:

Նա զարմանում է, որ արդեն 20 տարի է` Արցախի հողերն ազատագրել ենք, բայց չենք կարողանում դրանք բնակեցնել. «Բա ո՞նց ենք մտածում Արևմտյան Հայաստանի հողերի մասին, գոնե ունեցած հողերը բնակեցնելով` փորձ ձեռք բերենք, մշակենք մեխանիզմներ, հետո նոր խոսենք մյուս հողերը հետ բերելու մասին»:

Այս տարի լրանում է Գուսան Հայկազունի 60-ամյակը, և այդ առթիվ տարվա սկզբից մինչ օրս տոնական բազմաթիվ միջոցառումներ են իրականացվել: Օրեր առաջ գուսանին հրավիրել են Բեյրութ` տոնելու նրա հոբելյանն ու անկախության 20-ամյակը:

 

 

 

Դիտվել է 1913 անգամ:
Print Friendly

Leave a Reply