Գիտություն` առանց գիտնականի

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | September 28, 2011 7:00

1943 թ.Հայաստանի գիտությունների ակադեմիայի համակարգում ստեղծվեց Երևանի ֆիզիկայի ինստիտուտը: Սակայն 60-ականներին էլեկտրոնային օղակաձև արագացուցչի կառուցման նպատակով այն մտցվեց ԽՍՀՄ Ատոմային էներգիայի պետական կոմիտե: Ֆինանսավորում էր միջուկային ֆիզիկայի բնագավառի բոլոր ձեռնարկները, այդ թվում` ռազմական և արագացուցչային: Ի դեպ, վերջինիս կառուցումն ավելի մեծ գումար էր պահանջում, քան ողջ ակադեմիայի բյուջեն էր: Անկախության տարիներին ինստիտուտը, նախարարությունից նախարարություն անցնելով, վերջնական հանգրվան գտավ Էկոնոմիկայի նախարարությունում: Բայց ո՛չ ակադեմիան, ո՛չ էլ ինստիտուտը չեն համակերպվում ստեղծված իրավիճակի հետ:

2008 թ. նոյեմբերի 2-ին Երևանի ֆիզիկայի ինստիտուտի գիտխորհրդի խնդրանքով ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին  է ուղարկել նախագահության որոշումը` Ալիխանյանի անվան ֆիզիկայի ինստիտուտ ՊՈԱԿ-ը ՀՀ ԳԱԱ համակարգ վերադարձնելու մասին: Սակայն ակադեմիկոսի նամակը մինչ օրս անպատասխան է մնացել: Ավելին, դեռ Ներսես Երիցյանի նախարար եղած ժամանակ  ինստիտուտը  ազգային լաբորատորիա, հիմա էլ հիմնադրամ դարձնելու քննարկումներ են լինում, որի հոգաբարձուների խորհրդում որևէ գիտնականի ներկայությունը հարցականի տակ է դրված: Ինչից էլ ենթադրվում է, որ գիտությունը զարգանալու է առանց գիտնականի: Իսկ կոլեկտիվն առաջարկում է ինստիտուտին տալ  Միջուկային հետազոտությունների գիտական կենտրոնի կարգավիճակ:

Ի՞նչ նպատակ է հետապնդում այդ նորամուծությունը:

Հայաստանի ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոս- քարտուղար Յուրի Չիլինգարյանը փաստելով, որ երկրի անկախությունից հետո  ինստիտոտը  հայտնվեց արդյունաբերության, այնուհետև էկոնոմիկայի նախարարությունում, հավատացնում է, որ ֆիզիկայի ինստիտուտից է սկսվել Հայաստանի ֆիզիկայի զարգացումը. «Իսկ հիմա, երբ ֆինանսավորման մեկ աղբյուր է, մեկ բյուջե, նախարարության կազմում մնալն իմաստ չունի: Նրա տեղը, իհարկե, ակադեմիայում է, ինչպես մյուս ինստիտուտները»:

Այս ընթացքում մեծ զարգացում է ապրել տեսական ֆիզիկան, ուժեղ տեսաբաններ կան: Երկու անգամ գործարկվեց գոյություն ունեցող արագացուցիչը, բայց դա ֆինանսավորում և էլեկտրաէներգիա է պահանջում: Այնպես, որ մշտական աշխատանքի մասին խոսք լինել չէր կարող: Բայց քանի որ մեր գիտնականները միջազգային լայն ճանաչում արդեն ունեին, շատ ինտենսիվ սկսվեց նրանց համագործակցությունը Գերմանիայի, Ամերիկայի, Շվեյցարիայի գիտական կառույցների հետ: Պրն Չիլինգարյանի հավաստմամբ, մեր մասնագետները աշխատել և հիմա էլ աշխատում են այդ արագացուցիչների վրա: Այն, ինչ կատարվում է այսօր, ակադեմիկոսը ինստիտուտի ոչնչացմանն ուղղված քայլ է համարում, քանզի ինստիտուտի հիմնական նպատակը` հիմնարար գիտությամբ զբաղվելը, ոչ միայն հարցականի տակ է դրվում, այլև կամաց-կամաց կամ գուցե արագ հանվում է քննարկումից:

Փորձում եմ ընդդիմախոսել, թե այսօր հիմնարկ-ձեռնարկությունների անվանումները մոդեռնացվում են: Էհ, թող հիմնադրամ կոչվի, եթե դրա թիկունքում հզոր անհատներ կան, որոնք կարող են ոլորտը ոտքի կանգնեցնել, չէ՞ որ հաճախ ենք դժգոհում գիտության թերֆինանսավորումից,  նման պարագայում մտավախությունն ի՞նչ է: Ապա հարցնում եմ` գիտական հիմնարկն ո՞վ պետք է ղեկավարի, գիտնակա՞նը: «Իհարկե, այլ կարծիք լինել չի կարող:  Իսկ եթե մի բանկիր է ղեկավարում, և ամբողջ ղեկավար խորհրդում գոնե մեկ գիտնական չկա, ի՞նչ կարելի է ասել: Կարդացեք այդ հիմնադրամի կանոնադրությունը: Բաց տեքստով գրված չէ, բայց ենթատեքստով շատ լավ հասկացվում է, որ այնտեղ գիտություն չի լինելու: Կենտրոնական բանկի փոխտնօրեն Ներսես Երիցյանը որոշել է, որ այդ ինստիտուտն անպայման ունենա: Սա է խնդիրը»:

Նպատա՞կը: «Սա նպատակաուղղված ակցիա է: Ասում են, օրինակ, զարգացնել միջուկային բժշկությունը: Ո՞վ է դեմ, մենք դեմ չենք, թող զարգացնեն, բայց դա հիմնարար գիտություն չէ: Հիմնադրամը իրավունք ունի իր ունեցվածքը իր ուզածով տնօրինելու: Կարող է վաճառել, օտարել, սեփականաշնորհել, բայց գիտական հիմնարկը պետք է լինի պետական ոչ առևտրային կազմակերպություն: Թող գիտնականների մի մասին  պահեն, դրա կողքին էլ զարգացնեն իրենց բժշկությունը»,- ամփոփում է Չիլինգարյանը:

Ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Սեդրակյանը, որ արդեն 34 տարի աշխատում է այդ ինստիտուտում, 500 աշխատակցի անունից (որից 130-ը գիտաշխատողներ են) վստահեցնում է, որ կոլեկտիվի 90 տոկոսը դեմ է ներկայումս իրականացվող գաղափարին, որի դեպքում պետության հսկողությունը կթուլանա: Բացի այդ, առաջատար գիտաշխատողը մտավախություն ունի, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, մեծ հաշվով, կարող է փոխել կանոնադրությունը,  գործունեության ուղղությունը, ձևը:

Կարելի՞ է  ենթադրել, որ սեփականաշնորհման մի յուրօրինակ ձև է ընտրվել: Այս հարցին Սեդրակյանի պատասխանը հենց նման մտավախության երանգ ուներ: «Մենք այդպես էլ կարծում ենք, թեև տնտեսագետ չենք, բայց դժվար չէ գլխի ընկնել, որ նման միտումներ կան, որովհետև ինստիտուտը մեծ տարածքներ, շենքեր ունի, որոնք գրավիչ են շատերի համար: Հիմա  դրանք ՊՈԱԿ-ի  (պետական ոչ առևտրային կազմակերպություն) կազմում են և ինստիտուտի սեփականությունն են, հետևաբար  կառավարության համար դժվար է կտոր-կտոր մասնատելը, իսկ հիմնադրամը  կարող է: Այս դեպքում կառավարությունը  պատասխանատվություն չի կրի: Կառավարությունը կմիջամտի միայն այն դեպքում, երբ ինստիտուտի սեփականության 20 տոկոսից ավելին գործարքի բաժին դառնա: Իսկ10-10 տոկոսով կարելի է ամեն բան անել: Բայց դա չէ էականը: Խնդրեմ, թող հիմնադրամներ ստեղծեն այլ ոլորտներում: Դա որևէ կապ չունի ֆիզիկայի ինստիտուտի հետ, որը հիմնարար գիտության հաջողակ դարբնոց է: Մյուս հանրապետությունները կերազեն նման ինստիտուտ ունենալ: Նույնիսկ այս ծանր պայմաններում զարգացում ենք ունեցել»,- ասում է Արա Սեդրակյանը:

Ի՞նչ զարգացման մասին է խոսքը: Գոնե մեկ օրինակ  հնարավո՞ր է բերել, որը կարող է կառավարությանը հետ պահել իր որոշումից: «Ամեն հիմնարկ-ձեռնարկություն պետք է իր արտադրանքն ունենա,- պատասխանում է պրոֆեսորը:- Մեր արտադրանքն այսօր մեր տպագրած հոդվածներն են, կոնֆերանսներին մասնակցելը, պատրաստված կադրերը, դրսում հանրապետության իմիջի պահպանումը: Եթե նախկինում մեր աշխատանքները տպագրվում էին միայն խորհրդային ամսագրերում, և մեզ ճանաչողների շրջանակը նեղ էր, ապա այսօր միջազգային մամուլում տպագրվող մեր ակադեմիական հոդվածների 30-40 տոկոսը մեզ է բաժին հասնում: Այդ տպագրությունների հաշվին էլ գոյատևում ենք»:

Իսկ չնչին աշխատավա՞րձը: «Ստեղծվել էր միջազգային հանձնաժողով` ինստիտուտի վարկանիշը որոշելու: Այն բարձր գնահատվեց: Նրանք էլ կառավարությանը հորդորեցին բարձրացնել աշխատակիցների աշխատավարձերը: Մեզ տրամադրվեց 590 միլիոն դրամ: Բայց այդ փողը մինչ օրս ոչ ոք դեռ չի տեսել, թեև այն տրվել էր տարեսկզբից»,- ասում է Սեդրակյանը:

Իսկ այն հարցին, թե գուցե դա լռեցնելու համար է տրվել, զրուցակիցս պատասխանեց.«Գուցե, դժվարանում եմ ասել: Բայց մի բան հստակ գիտեմ, որ մասնավոր սեկտորը երբեք ֆունդամենտալ գիտությունը չի ֆինանսավորի: Մասնավորն այսօր գումար չի ներդնի, որ 30 տարի հետո նոր շահույթ ստանա: Այնպես որ կառավարությունն այսօր պետք որոշի` ֆունդամենտալ գիտությունն իրեն պե՞տք է, թե՞ ոչ»:

Հ.Գ.  Ձեռնպահ ենք մնում որևէ մեկնաբանություն անելուց, քանի դեռ չենք լսել մյուս կողմի կարծիքը:

Ամալյա ԵԴԻԳԱՐՅԱՆ

 

 

 

Դիտվել է 1243 անգամ:
Print Friendly

Leave a Reply